Ամբողջական տեսանյութը բացահայտում է Սյունիքում տեղի ունեցածի իրական պատկերը Jfhr.am-ը գրում է.
Ընթերցողի ուշադրությանն ենք ներկայացնում Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի տան մերձակայքում տեղի ունեցած արյունալի միջադեպը ներկայացնող իրական տեսանյութը: Միջադեպից անմիջապես հետո Սուրիկ Խաչատրյանի համակիրների և նրան հովանավորող իրավապահների կողմից շրջանառության մեջ դրվեց աղավաղված և մոնտաժված տեսանյութի մի տարբերակ, ինչը հանրության մոտ կարող էր հարցեր առաջացնել դեպքերի զարգացման հետ կապված հանգամանքների վերաբերյալ: Այժմ, ընթերցողը հնարավորություն ունի տեսնել տեսանյութի ամբողջական, և ձայնային պատկերը: Միջադեպի նկարագրության հետ կապված մենք նաև պարզաբանումներ ստացանք Բուդաղյանների ընտանիքի շահերի ներկայացուցիչ, փաստաբան Հայկ Ալումյանից, ինչն առաջին անգամն է ներկայացվում: Մինչ այս, մենք լսել ենք միայն հակառակ կողմի մեկնաբանություններն այս կապակցությամբ: 
«Իմ բոլոր ասածները հատ առ հատ կարող եք համեմատել տեսանյութի հետ և կտեսնեք, որ իմ խոսքն ու տեսանյութը փոքր ինչ անգամ իրարից չեն  տարբերվում: Համեմատեք իրենց ասածների և իրենց կեղծած ու սլաքավորված տեսանյութի հետ», հայտարարեց փաստաբանը: 
Մինչ տեսանյութի դիտումը կարևոր է նաև պատկերացում ունենալ դրան նախորդող իրադարձությունների մասին, Գորիսում տեղի ունեցած հայտնի խնջույքից հետո, որին մասնակցել էին պաշտոնատար անձինք, ինչպես նաև Ավետիք Բուդաղյանը: 
Հայտնի խնջույքից հետո Ավետիք Բուդաղյանը Սուրիկ Խաչատրյանի ավտոմեքենայով վերադառնում է  Գորիս: Ըստ քրեական գործի տվյալների Սուրիկ Խաչատրյանը քնած է եղել ավտոմեքենայում և չի էլ իմացել որ իր թիկնապահը վիճաբանության մեջ է մտել Ավետիք Բուդաղյանի հետ և երկու անգամ հարվածել վերջինիս: 
«Նախ տրամաբանությունից զուրկ է մտածել,  որ սահմանափակ տարածության մեջ երկուսը բավականին սուր վիճաբանության մեջ մտնեն, իսկ երրորդ անձը չլսի: Երկրորդ՝ բացարձակապես անհեթեթ է , որ թիկնապահ Զարզանդը կարող է իր շեֆի հյուրի հետ վիճաբանության մեջ մտնել և ծեծել նրան՝ առանց վերջինիս գիտության կամ անմիջական հրահանգի: Եվ երրորդը, այն որ Սուրիկ Խաչատրյանն է իրականում հարվածներ կամ հարվածների մի մասը  հասցրել, նաև հաստատվում է նրանով, որ եղբայրները, ինչն արձանագրված է նաև քրեական գործում, մասնավորապես Արտակ Բուդաղյանը, դեպքի առընչությամբ հենց Սուրիկ Խաչատրյանի հասցեին էր արտահայտություններ անում: Սա արդեն վերջին մեխն է խփում այդ հիմար վարկածի դագաղի մեջ», պարզաբանում է Հայկ Ալումյանը: 
Ավետիք Բուդաղյանը վերադարձել է տուն, երբ Արտակը տանը Ղարաբաղ մեկնելու վերջին պատրաստություններն էր տեսնում, սա հաստատված է քրեական գործի նյութերով: Ճաշելու ժամանակ Ավետիքը մտնում է տուն, նստում է սեղանի շուրջ և Արտակը նկատում է, որ եղբոր դեմքն այլայլված է  /Արտակի կինը ցուցմունքում  նշել է, որ կյանքում այդպիսի վատ տրամադրությամբ չէր տեսել Ավետիքին/: Արտակն ամեն կերպ փորձում է ճշտել. ինչ է պատահել ու նկատում է եղբոր դեմքին կարմրածություն: Եվ միայն այդ ժամանակ Ավետիքը սկսում է պատմել Սուրիկ Խաչատրյանի հետ ավտոմեքենայում տեղի ունեցած միջադեպի մասին 
Սուրիկ Խաչատրյանն ավտոմեքենայում Ավետիքին ասել է՝ դու ով ես, որ հյուրերը մարզ գալիս քեզ հետ հանդիպեն, ես եմ Սյունիքի մարզպետը ու սրանից հետո այլ կերպ է լինելու, ձեր բիզնեսի կեսն էլ պիտի տաք ինձ: /Այս մասին են վկայում Արտակ և Էմիլ Բուդաղյանների ցուցմունքները քրեական գործում/: Ավետիքն այս ամենի մասին պատմում է Արտակին, ով շատ վրդովված ասում է, որ Խաչատրյանից պետք է բացատրություն պահանջել, սաստել: Եղբայրների միջև է վեճ ծագում: Ավետիքն արգելում է Արտակին միջամտել:  
Արտակը վիրավորված Ավետիքից, այնուամենայնիվ, որոշում է ճանապարհվել Ղարաբաղ` զգուշացնելով եղբորը, որ անհրաժեշտության դեպքում վերջինս կարող է գալ Ղարաբաղ և այնտեղ խոսեն: Նա  դուրս է գալիս տանից՝ փորձելով հանդարտվել: Ավետիքը անհանգստացած սկսում է զանգել եղբորը, վերջինս, սակայն, դեռ վիրավորված ու նեղացած լինելով` չի պատասխանում եղբոր զանգերին: 
Ավետիքն անհանգստացած նստում է մեքենա և քշում դեպի Սուրիկ Խաչատրյանենց տան մոտ` մտածելով, որ եղբայրը գնացել է այնտեղ, սակայն պարզում է, որ, որ Արտակն այստեղ չէ: Տեսանյութում պարզ երևում է, թե ինչպես Ավետիքը մեքենայով մոտեցավ , տեսավ որ եղբայրը չկա, մեքենայով մանևր է անում, որ հեռանա և այդ ժամանակ արդեն Սուրիկ Խաչատրյանի մերձավորները մոտենում են մեքենային և սկսում քաշքշել Ավետիքին: 
Իսկ Արտակն այդ ժամանակ ճանապարհվում էր Ղարաբաղ ու նրա ճանապարհը Սուրիկ Խաչատրյանի տան հարևանույամբ, այդ ճանապարհին զուգահեռ է և այդ ճանապարհով գնալիս տեսնում է որ իրենց մեքենան էնտեղ է ու ինչ որ իրադարձություններ են տեղի ունենում: Նա հասկանում է, որ Ավետիքն է: Անմիջապես շրջում է մեքենան ու գալիս դեպի  Սուրիկ Խաչատրյանի տան մոտ: 
Տեսանյութում երևում է ,որ Արտակը գալիս է այն պահին, երբ Ավետիքին քաշքշում են: Ավետիքը կտրվում  է իրեն քաշքշողներից և մեքենայով կտրուկ փակում է Արտակի մեքենայի ճանապարհը: Տեսանյութում պարզ երևում է նաև, որ նույն մարդիկ նորից մոտենում են Ավետիքի մեքենային, բացում են դուռն ու էլի սկսում քաշքշել ու խփել Ավետիքին: Ապա, քաշքշողներից երեքը  շրջանցելով Ավետիքի մեքենան, գալիս են դեպի Արտակի մեքենան: Դա վայրկյաններ է տևում: 
«Արտակի մեքենայում առկա է եղել մի որսորդական հրացան , ընդ որում քանդած վիճակում և առանց փամուշտի, դա քննությամբ ապացուցված է: Արտակը եթե մտադրված լիներ գալ ու հարձակվել, ինքը զենքով կգար, այն էլ շատ լուրջ զենքով: Արտակը ձեռքը գցում է այդ զենքին, որ մոտիկ չգան իրեն: Տեսանյութից երևում է , թե հինգ տղամարդն ինչպես են ցրվում այդ տեղից, մնում են միայն երկու կին, որոնցից մեկն էլ Խաչատրյանի կինն էր»: 
Ավետիքն այդ ժամանակ մեքենայից դուրս է գալիս/այս ընթացքում առաջին անգամն է դուրս գալիս մեքենայից/ և այդ երկու կնոջ հետ Արտակին համոզում են հեռանալ դեպքի վայրից՝ տանելով նրան բավականին հեռավորության վրա:, Հանգստացնում, հանդարտեցնում են նրան, որից հետո կրկին ավտոմեքենաների մոտ են վերադառնում տղամարդիկ:  
Եվ երբ ամեն ինչ արդեն վերջացել էր և այն երկու կինն էլ արդեն հետ էին գալիս Սրտակի մոտից,  Տիգրան Խաչատրյանը դիրքավորվում է հրացանով ավտոմեքենաներից մեկի հետևում և երեք անգամ կրակում եղբայների ուղղությամբ: 
«Փաստացի միջադեպն արդեն ավարտվել էր և Արտակն արդեն հանդարտվել էր, այսինքն այդ պահին Արտակ Բուդաղյանը ոչ մի վտանգ չէր ներկայացնում իրենից: Ինքնապաշտպանության մասին կարելի էր խոսել այն ժամանակ, երբ այդ մարդն անմիջականորեն է վտանգ ներկայացնում այդ պահին», ասում է Հայկ Ալումյանը:
Տիգրան Խաչատրյանի արձակած երեք կրակոցներից մեկն Արտակին է դիպչում, իսկ երկուսը` Ավետիքին, ով միայն բաժանողի դերում էր հանդես գալիս: 
«Նա անգամ մեքենայից չէր իջել մինչ այդ, և նրանից երբևէ ոչ մի սպառնալիք չի եղել: եվ երբ Ավետիքը տեսնում է, որ եղբայրը կրակոցից հետո վեր չի կենում և ինքը վիրավոր է,  նոր գտկատեղից հանում է իր զենքն ու գալիս կրակողների ուղղությամբ: Նրա վրա կրակոցները շարունակվում են: Եվ այդ ամեն ինչից հետո, երբ Ավետիքն արդեն ընկած էր, նրա վրա շարունակում են կրակել: Վերջին կրակոցները եղել են ընկած ժամանակ և նրա կողքին՝ ասֆալտին հետքերը կան:  Ինչ ինքնապաշտպանության մասին է խոսքը», հարցնում է փաստաբանը: 
Առաջին երեք կրակոցները արձակվել են Տիգրան Խաչատրյանի կողմից: Կրակոցների ընդհանուր թիվը 13-ն է: Ստացվում է 11 կրակոց Խաչատրյանների կողմից և 2 կրակոց Բուդաղյանների կողմից: Ընդ որում առաջին երեք կրակոցերն էլ առաջինի կողմից են: 
«Քննիչներն ասում են, որ ընդամենը երկու հոգի է կրակել` Զարզանդն ու Տիգրանը: Քննիչները ճիշտ չեն ասում: Նախ իմ պաշտպանյալ Արտակ Բուդաղյանն ասում է, որ վերևից կրակոց է տեսել և դա պետք է անպայման ստուգվեր և մանրակրկիտ քննության ենթարկվեր: Ես մի շարք հիմնավորումներ կարող եմ ասել, որ խոսում են վերևից եղած կրակոցի օգտին: Վերևում տան մեջ եղել է Սուրիկ Խաչատրյանը: Նախ, տեսանյութում երևում է,  որ կրակոցից ասֆալտի վրայից կայծ է թռչում: Այսինքն, որպես կանոն կտրուկ վերևից դիպչելու դեպքում է արտացոլումը տեղի ունենում՝ կայծը թռչում է դեպի վերև: Կայծերի արտացոլումից կարող եք տեսնել, որ ամենայն հավանականությամբ, կրակոցը եղել է վերևից,-ասում է Հայկ Ալումյանը,-սակայն Երկու- երեք ամիս հետո նոր որոշեցին ասֆալտի վրա փնտրել հետքը, պարզ է, որ չէին գտնի»: 
Ավետիք Բուդաղյանի վնասվածքներից ամենածանրը` որովայնի միջի գնդակի ուղղությունը վերևից՝ ներքև է: 
«Կա երկու տարբերակ, կամ վերևից կրակոց է եղել, երբ Արտակը դեռ գետնին ընկած չէր, այ դեպքում կրակոցը վերևից է,  պետք է գտնեին վերևից կրակողին, կամ էլ Արտակն ընկած ա եղել և կրակել են : Իսկ եթե Արտակն ընկած ա եղել, ուրեմն ինքնապաշտպանթյան մասին այլևս խոսք լինել չի կարող», պնդում է փաստաբանը: 
Վերջին կրակոցը մնացած բոլոր կրակոցներից ակնհայտորեն տարբերվում է և իր ձայնով և իր ուժգնությամբ: 
«Այսինքն և ձայնով է ինքն ուրիշ և իր հնչեղությամբ: Եվ որպեսզի այդ բանն էլ շրջանցեն, փորձագետները նշել են, որ երկու միաժամանակյա կրակոցներ կարող էին եղած լինել: Բա այդ դեպքում որտեղ է 14-րդ պարկուճը: Բայց երբ դուք լսեք, ձեզ մոտ կասկած չի մնա որ այդ կրակոցը հստակ մեկն է եղել և շատ բարձր և ձայնագրող սարքին էլ շատ մոտ տեղից է արձակվել, այն իր ձայնով տարբերվում է մյուս կրակոցներից», համոզված պնդում է փաստաբանը՝ հավելելով,-
Այս ամեն ինչն իրար հետ վերցրած կարող ենք ասել, որ կրակոց եղել է նաև ոմն երրորդ անձի կողմից, ամենայն հավանականությամբ տնից, իսկ տանն այդ ժամանակ եղել է միայն Սուրիկ Խաչատրյանը:»

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել