Asparez.am-ը գրում է.
Հարցազրույց Շիրակի թեմի առաջնորդ գերաշնորհ տեր Միքայել եպիսկոպոս Աջապահյանի հետ
-Սրբազան, վերջին շրջանում մեծ աղմուկ բարձրացրեց Զորի Բալայանի՝ ՌԴ նախագահին ուղղված նամակը: Ո՞րն էր, ըստ Ձեզ, այդ նամակի ուղերձը, ինչպե՞ս եք դուք այն գնահատում:
-Հավատա, չեմ կարդացել:
-Այսինքն՝ հետաքրքիր չէ, դրա համա՞ր չեք կարդացել, թե՞…
-Անհրաժեշտ չեմ նկատել կարդալ: Ինձ չի հետաքրքրել:
-Ձեզ համար ինչքանո՞վ է ընդունելի, որ Ղարաբաղը լինի Ռուսաստանի կազմում: Այս առումով Պարգեւ Սրբազանը դրական կարծիք էր արտահայտել Զորի Բալայանի նամակի վերաբերյալ:
-Որքան որ հասկանում եմ, Բալայանի նամակը նման շեշտադրում չունի, այլ պարզապես հիշեցնում է Ռուսաստանի պարտավորության մասին Ղարաբաղի նկատմամբ՝ Գյուլիստանի պայմանագրի 200-ամյակի առիթով: Այդքան բան: Մնացյալը պարզապես մեկնաբանություններ են, որոնք հիմք չունեն:
-Տեղական հեռուստատեսություններից մեկի եթերից հնչեցրած կարծիքի համար Գյումրու թատրոնի գեղարվեստական ղեկավար Նիկոլայ Ծատուրյանին, ըստ որոշ տեղեկությունների, ցանկանում են աշխատանքից ազատել: Ըստ նույն տեղեկությունների՝ դա կապվում է Վեհափառի անվան հետ: Ստացվում է՝ մարդուն արտահայտած ծայրահեղ կարծիքի համար հետապնդում են: Դուք ի՞նչպես կմեկնաբանեք այս պատմությունը:
-Այ սա ուրիշ հարց է: Նախ ոչ ոք իրեն աշխատանքից չի ազատում, ինքն է այդ աղմուկը տարածում: Լկտիությունն արդեն կարծիք չէ, այլ պարզապես լկտիություն: Կաթողիկոսին «այլանդակություն» եւ «սատանա» անվանելը ոչ մի կապ չունի կարծիք ունենալու հետ, այլ վկայում է ասողի բարոյական (այս դեպքում անբարոյական) կերպարի մասին: Ուրեմն՝ ոչ թե իր կողքին պետք է կանգնենք, այլ դատապարտենք իրեն՝ մտավորականի անհարիր պահվածքի եւ պարզապես խուլիգանության համար: Իր այդ արտահայտություններից հետո ինքը պարզապես փողոց դուրս գալուց պետք է ամաչեր, բայց թե իր անբարոյական կերպարն էլ դա է:
-Սրբազան, բայց ժողովրդավարական երկրում, խոսքի ազատության երկրում, արտահայտած կարծիքի համար, թեկուզ ծայրահեղական կարծիքի, ինչքանո՞վ է ճիշտ իշխանության եւ եկեղեցու կողմից հետապնդումը:
-Լկտիությունը կարծիք չէ, այլ լկտիություն: Եւ ով է իրեն հետապնդում: Ինքն արժանի՞ է հետապնդման: Ինքն այլեւս բարոյական դիակ է, դիակի դեմ պե՞տք է պայքարել: Դուք «մտավորականի» նման կերպա՞ր եք երազում: Դա՞ է մտավորականի ձեր իդեալը: Նույն հաջողությամբ ես էլ կարող եմ իրեն պարզապես «վիժվածք» անվանել, եթե դա սոսկ կարծիք է: Բոլորիս է վիրավորել, ինձ է վիրավորել: Ես կաթողիկոսի աջն եմ համբուրում, ուրեմն ես սատանայապա՞շտ եմ: Ազգի մեծ մասը սատանայապա՞շտ է: Չափը վերջապես որտե՞ղ է: Եւ ուր են այդ նույն կաթողիկոսից շքանշաններ ստացած «մտավորականները»: Ինչո՞ւ են թաքնվել: Իրենք գո՞հ են իրենց կոլեգայի այս լկտի պահվածքից: Աբսուրդի թատրոնում ենք… լկտի սրիկայությունը պախարակելու փոխարեն՝ աջակցում ենք, որպեսզի ավելի լկտիանա՞:
-Եկեղեցու արձագանքը այս եւ հարանման դեպքերում ինչպիսին՞ պիտի լինի՝ ըստ Ձեզ:
-Եկեղեցու արձագանքը պետք է որ բացասական, արհամարհական լինի նման երեւույթների հանդեպ, ովքեր մտավորական կերպարն են պախարակում: Իսկ ինձ համար նա այլեւս ոչ մի արժեք չունի, ես ցավում եմ ձեզ համար, որ հաճախ սեւն ու սպիտակը զատորոշել չեք կարողանում:
-Սրբազան, վերջերս Ասողիկ քահանան էլ կարծիք էր հայտնել, թե աթեիստ հայը հայ չէ: Այդ միտքը հասարարական մեծ հնչողութնուն էր ստացել՝ հիմնականում բացասական տոնայանությամբ: Դուք համաձայ՞ն եք այդ մտքի հետ, ինչպե՞ս կմեկնաբանեք Ասողիկ քահանայի կարծիքը:
-Ես լիակատար կերպով համաձայն եմ Ասողիկ քահանայի հետ, սակայն դա բացատրել է պետք: Հայ Առաքելական եկեղեցին հայի ինքնության 80 տոկոսն է կազմում, եթե ոչ ավելին: Որեւիցէ մեկը, ով ուրանում է այդ 80 տոկոսը, որքանո՞վ կարող է հայ նկատվել: Եթե Էջմիածինն ու Գեղարդը իմ ինքնության մասը չեն կազմում, եթե Գրիգոր Նարեկացին իմ ինքնության մասը չի կազմում, եթե Կոմիտասի պատարագի երգեցողությունից ես չեմ փշաքաղվում, արդյո՞ք ես հայ եմ: Այդքան եւ նույնիսկ այդքանից էլ ավելի հայ Հայաստանում ապրող եզդին էլ է: Ուրեմն՝ ես մեծագույն կասկած ունեմ որեւէ նման հայի ինքնության վերաբերյալ, ով ժառանգը չէ Հայ Առաքելական եկեղեցու ժառանգության: Սա շատ պարզ է: Բայց դա նշանակում է ոչ թե օտարել, հեռացնել, մերժել, այլ սովորեցնել, դաստիարակել, լուսավորել եւ վերադարձնել հայ լիարժեք ինքնության:
-Սրբազան, կարծում եք Կոմիտաս, Նարեկացի ընկալել, գնահատելը կա՞պ ունի աթեիստ կամ հավատացյալ լինելու հետ:
-Իսկ դու կարծում ես, որ Կոմիտասը կարելի է գնահատել առանց քրիստոնյա լինելու եւ կարելի է Նարեկացի հասկանալ առանց հավատացյալ լինելո՞ւ: Դա ինքնախաբեություն է: Այդքան օտարն էլ կարող է հասկանալ, մահմեդականն էլ, բայց դրանով ինքը Կոմիտասի եւ Նարեկացու ժառանգը չի կարող դառնալ: