Kiss.am.-ը գրում է.

Ճակատագրական կանայք ավելի հաճախ «գործ ունեն» բանաստեղծների, նկարիչների, փիլիսոփաների հետ:

Շատերը համոզված են, որ Պուշկինի համար «ճակատագրական» է եղել իր կինը`Նատալյա Գոնչարովան: Այս գեղեցկուհուն մինչև օրս էլ չեն ներում, որովհետև, իբր, նա է եղել Պուշկինի և Դանտեսի մենամարտի մեղավորը: 
Շատերը Գոնչարովա Նատալյային հիշում են բանաստեղծի խոսքերով`«մաքրամաքուր գեղեցկության անբիծ կերպար» («чистейшей прелести чистейший образец»): Մյուսները Նատալյա Նիկոլաևնային համարում են «անհոգի ձևամոլ»: Երրորդները նրան մեղադրում են Նիկոլայ Առաջին ցարի հետ ունեցած գաղտնի կապերի համար` վկայակոչելով Պուշկինի նամակից մի հատված` «Խաղեր մի խաղա ցարի հետ»: Իբրև թե Նատալյայի և ցարի կապից ծնվել է մի աղջիկ, ում ճակատագիրն առայսօր հայտնի չէ...
Ուշադրության է արժանի նաև ժամանակի լեգենդներից մեկը` Պետերբուրգի «քաղաքացիուհի» Լու Ֆոն Սալոմեն: Նրան խելակորույս սիրահարված էր Ֆրեյդը: Նրա ձեռքը խնդրել էր Նիցշեն, սակայն, մերժում ստանալով, մինչ ի մահ չամուսնացավ երբեք: Լուի ամուսինը փորձեց ինքնասպան լինել կնոջ ներկայությամբ, իսկ սիրեկաններից մեկն իրեն գցեց ժայռից...
Ճակատագրական երկու կին է եղել Վլադիմիր Մայակովսկու կյանքում: Լիլիա Բրիկի մասին հիշողություններ են թողել շատ ժամանակակիցներ: Ի դեպ, հետագայում Լիլիա Բրիկն ամուսնացել է մեր հայրենակից, պատմաբան Վասիլի Քաթանյանի հետ: Նա` այս խորհրդավոր կինը, մտերիմ, բարեկամական հարաբերությունների մեջ է եղել Սերգեյ Փարաջանովի հետ: Բրիկը հայտնի կին էր, խոսք չկա: Իսկ ահա Մոսկվայի գեղարվեստական ակադեմիայի թատրոնի (МХАТ) արտիստուհի Վերոնիկա Պոլոնսկայայի մասին քիչ բան է հայտնի:
Երբ Պոլոնսկայան ծանոթացավ Մայակովսկու հետ` 21 տարեկան էր: Նա ամուսնացած էր արտիստ Միխայիլ Յանշինի հետ: Դա, իհարկե, դժվարացնում էր «սիրային գործունեությունը», բայց հնարամիտ արտիստուհին և բոցավառ բանաստեղծը հնարներ գտնում էին:
Պոլոնսկայան վերջինն է տեսել ողջ և առողջ Մայակովսկուն: Դրանից անմիջապես առաջ նրանք բուռն կերպով քննարկել են իրենց հարաբերությունները: Մայակովսկին պահանջում էր, որ Վերոնիկան մնա իր հետ, սպառնում էր փակել սենյակում: Արտիստուհին դուրս է փախչում սենյակից, և հենց այդ ժամանակ որոտում է կրակոցը: Մոսկվայում այդ ժամանակ շատերն էին խոսում այն մասին, որ Պոլոնսկայան կործանել է ոչ միայն Մայակովսկուն:
Քիչ տղամարդիկ չեն եղել նաև ամերիկացի հանրահայտ պարուհի Այսիդորա (Իզեդոր) Դունկանի կյանքում` նկարիչներ, քանդակագործներ, բանաստեղծներ, արտիստներ, ինչպես և, հասկանալի է` միլիոնատերեր: Նա իր «զվարճանքները» կատակով բաժանում էր երկու խմբի` «ուղեղի կողմից ղեկավարվող» և «հոգու պոռթկումներով»: Դունկանի վերջին սերը և վերջին ամուսինը ռուս բանաստեղծ Սերգեյ Եսենինն էր, ով Այսիդորայից փոքր էր 15 տարով:
Հայ մեծերի կյանքում մուսաները նույնպես ճակատագրական դեր են ունեցել: Արշիլ Գորկու մասին պատմող մի գրքում հետաքրքիր փաստեր կան, թե ինչպիսի ողբերգական իրավիճակներում է հայտնվել մեր մեծ նկարիչը կնոջ` Ագնես Մըքրուդերի պատճառով: Ի վերջո, Գորկու ինքնասպանությունը կարելի է կապել նաև Ագնեսի դաժան արարքի հետ: Բավականին խորհրդավոր իրավիճակ է ստեղծվել նաև Պարույր Սևակի և նրա սիրուհու` Սուլամիթա Շալիթի, ինչպես նաև Վարդգես Պետրոսյանի և կնոջ` Սոնա Տիգրանյանի միջև: Դժվար է ասել, թե նրանք մուսա են եղել, թե՞...

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել