Impoqrik.am-ը գրում է.

Հղի կանանց հետ` հղիության մասին գործատուին տեղեկանք ներկայացնելու օրվանից մինչև հղիության և ծննդաբերության արձակուրդի ավարտման օրվանից հետո մեկ ամիսը լրանալը աշխատանքային պայմանագրի լուծումը գործատուի նախաձեռնությամբ արգելվում  է:
Հղի կնոջ և մինչև մեկ տարեկան երեխա խնամող աշխատողի պահանջով սահմանվում է ոչ լրիվ աշխատանքային օր կամ ոչ լրիվ աշխատանքային շաբաթ:
Հղի կանայք և մինչև մեկ տարեկան երեխա խնամող աշխատողը կարող են արտաժամյա աշխատանքի ներգրավվել միայն իրենց համաձայնությամբ:
Հղի կանայք և մինչև երեք տարեկան երեխա խնամող աշխատողը կարող են գիշերային աշխատանքի ներգրավվել միայն իրենց համաձայնությամբ:
Հղի կանայք և մինչև երեք տարեկան երեխա խնամող աշխատողը կարող են տանը կամ կազմակերպությունում հերթապահության ներգրավվել միայն իրենց համաձայնությամբ:
Հղի կանայք, մինչև մեկ տարեկան երեխա խնամող աշխատողները կարող են հանգստյան օրերին աշխատանքի ներգրավվել միայն իրենց համաձայնությամբ:
Հղի կանայք, մինչև մեկ տարեկան երեխա խնամող աշխատողները կարող են ոչ աշխատանքային` տոնական և հիշատակի օրերին աշխատանքի ներգրավվել միայն իրենց համաձայնությամբ:
Կանանց հղիության ու ծննդաբերության արձակուրդից առաջ կամ հետո, մինչև անընդմեջ աշխատանքի վեց ամիսը լրանալը աշխատողի խնդրանքով տրամադրվում է ամենամյա արձակուրդ:
Անընդմեջ աշխատանքի վեց ամիսը լրանալուց հետո հղի կանայք ունեն ամենամյա արձակուրդի ժամանակի ընտրության իրավունք:
Հղիության և ծննդաբերության արձակուրդը համարվում է նպատակային արձակուրդ:
Աշխատող կանանց տրամադրվում է հղիության և ծննդաբերության արձակուրդ`
1) 140 օր (70 օր` հղիության, 70 օր` ծննդաբերության). 
2) 155 օր (70 օր` հղիության, 85 օր` ծննդաբերության)` բարդ ծննդաբերության դեպքում. 
3) 180 օր (70 օր` հղիության, 110 օր` ծննդաբերության)` միաժամանակ մեկից ավելի երեխաներ ունենալու դեպքում: 
Այդ արձակուրդը հաշվարկվում է միասին և կնոջը տրամադրվում է ամբողջությամբ: Ժամանակից շուտ ծննդաբերելու դեպքում հղիության արձակուրդի չօգտագործված օրերը գումարվում են ծննդաբերության արձակուրդի օրերին: Այդ արձակուրդի համար վարձու աշխատողին վճարվում է ժամանակավոր անաշխատունակության նպաստ:
Հղի կանայք և մինչև մեկ տարեկան երեխա խնամող աշխատողը կարող են գործուղման ուղարկվել միայն իրենց համաձայնությամբ:
Ծանր, վնասակար, առանձնապես ծանր, առանձնապես վնասակար աշխատանքներում հղի կամ մինչև մեկ տարեկան երեխա խնամող կանանց ներգրավելն արգելվում է:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել