Եվ այդ ո՞ր դարում, ո՞ր սրբի ներքո
Վաճառքի հանվեց մարդկային հոգին,
Ո՞վ էր առաջինն այդ առևտրում,
Ինձ ասեք նրա գեթ հայրանունը,
Որ ես անիծեմ նրա հոր աստծուն:
Այդ ո՞ր օրենքի ուժն էր այդքան սև,
Ո՞ր իրավունքն էր անիրավ այդքան,
Ասացեք խնդրեմ օրենքն ո՞վ գրեց,
Որ ես անիծեմ կաճառը նրանց:
Ո՞վ էր պոետն այն,
Ու՞մ սև թանաքը սա արձագանքեց,
Երգն ասեք նրա, որ ես անիծեմ նրա գրիչը:
Եվ մի՞ թե չկար մի լուսաճակատ,
Մի խենթ իմաստուն,
Ով դեմ կկանգներ այս նենգ առևտրին:
Մի՞ թե բոլորը շահից արբեցած
Իրենց շահույթի գիրն էին հաշվում:
Այդ ինչպե՞ս հանկարծ վաճառվեց հոգին,
Երբ վաճառողը անհոգի շուն էր,
Իսկ վաճառվողը հոգուց էր տկար:
Վաճառված հոգին կորսված հոգին է,
Որը գտնում է միայն սատանան,
Մամոնան որթի իր կերպարանքով,
Մտնում է հյութեղ մարդկային հոգին,
Եվ ուտում ներսից:
Իսկ հետո ներսից հոգին նեխում է,

 

Նեխում է այնպես, ինչպես նեխում էր պտուղն արգելված…

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել