1in.am-ը գրում է.

Իրանում կախաղան բարձրացված տղամարդը հրաշքով ողջ է մնացել, ինչից հետո որոշվել է նրան կրկին կախաղան բարձրացնել: Այս մասին հայտնում է տեղի հեռուստաալիքի Jam-e-Jam Online կայքը:

Հաղորդվում է, որ 37-ամյա Ալիռեզա Մ.-ն մահապատժի էր դատապարտվել թմրանյութերի առևտրի համար: Դատավճիռն ի կատար է ածվել հոկտեմբերի 9-ին՝ Իրանի հյուսիսարևելյան Բոջնուրդ քաղաքի բանտում: 

Բանտի բժիշկները հաստատել են դատապարտյալի մահը, ինչից հետո դին ուղարկվել է դիահերձարան: Հաջորդ օրը հարազատները եկել են դիակի հետևից: Սակայն այդ ժամանակ պարզվել է, որ «դիակը» դեռ շնչում է:

Նրան անմիջապես ուղարկել են հիվանդանոցի ինտենսիվ թերապիայի բաժանմունք: Բժիշկների խոսքով՝ ներկայում նրա վիճակը բավարար է, նա ակտիվորեն ապաքինվում է:

Տղամարդու հարազատների ուրախությանը հարվածել է այն, որ իրավապահ մարմինները հայտնել են, թե դատավճիռն ի կատար կածվի: Դա հակասում է մեկ տարի առաջ ի հայտ եկած ավանդույթին, համաձայն որի՝ կախաղանից հետո ողջ մնացածներին ներում են: Երբ տղամարդու վիճակը վերջնականապես կարգավորվի, նրան նորից կախաղան կբարձրացնեն:

Իրանի իշխանությունների որոշումն առաջացրել է Իրանի իրավապաշտպան կազմակերպությունների դժգոհությունը: Iran Human Rights կազմակերպությունը կոչով դիմել է միջազգային հանրությանը՝ խոչընդոտելու «անմարդկային գործընթացին» և Իրանին ստիպելու չեղյալ հայտարարել Ալիռեզայի մահապատիժը: 

Այս տարի Իրանում մահապատժի է ենթարկվել 560 մարդ, ընդ որում, մոտ 200-ը՝ նոր իշխանությունների օրոք: Հիշեցնենք, որ նոր նախագահ Հասան Ռուհանին խոստացել է վերջ դնել ռեպրեսիաներին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել