Ադրբեջանում գտնվող հայ ռազմագերի Հակոբ Ինջիղուլյանը, ով Ադրբեջանի պահպանության տակ գտնվող տարածքում էր հայտնվել դեռ սույն թվականի օգոստոսի 7-ի լույս գիշերը, ամենայն հավանականությամբ կտեղափոխվի երրորդ երկիր: Համենայնդեպս, Կարմիր Խաչից ու Ադրբեջանից հնչող մեսիջները հենց այդ մասին են վկայում:
Երրորդ երկիր տեղափոխվելու հարցում հատկապես շահագրգիռ է Ադրբեջանը, քանի որ դրանով միանգամից մի քանի խնդիր է լուծում: Առաջին, Ադրբեջանի պահպանության տակ գտնվող տարածքում հայտնվելուց անմիջապես հետո, Բաքվում Ինջիղուլյանի մասնակցության տեսանյութեր պատրաստվեցին, իսկ դրա հետքերը մաքրելու ու հարցազրույցի բուն պատճառները քողարկելու լավագույն տարբերակը հայ ռազմագերու երրորդ երկիր տեղափոխվելն է, ինչով Ադրբեջանը փորձում է իրեն ապահովագրել անցանկալի բացահայտումներից:
Երկրորդ, Ադրբեջանը ներքին քարոզչության շրջանակներում, փորձում է ցույց տալ, որ Հայաստանում և հայկական բանակում իրավիճակը «սարսափելի է», ինչի հետևանքով հայ զինծառայողները ծայրահեղ քայլերի են դիմում՝ հատում սահմանագիծը:
Երրորդ, Ադրբեջանը հայ ռազմագերիների մասնակցությամբ տեսանյութեր է պատրաստում, որտեղ ցուցադրվում է, թե ինչպիսի լավ կյանք են «վայելում» սահմանագիծը հատած ՀՀ քաղաքացիներն Ադրբեջանում, փորձելով մի կողմից հանդես գալ որպես հանդուրժող պետություն, մյուս կողմից, Հայաստանը ներկայացնել մի երկիր, որտեղ տիրող «դաժան» պայմանների արդյունքում հայերը ամեն գնով փորձում են լքել երկիրը՝ նույնիսկ տանիք փնտրելով Ադրբեջանում:
Այն ինչ անում է Ադրբեջանն իր քարոզչական քաղաքականության շրջանակներում դա հարցի միայն մի կողմն է, մեզ համար շատ ավելի կարևոր է առհասարակ, տարբեր պատճառներով Ադրբեջանում հայտնվող ռազմագերիների ու նրանց անվտանգության խնդիրը: Ցավով պետք է արձանագրենք, որ հիմնախնդրով զբաղվող շահագրգիռ կողմերը, մասնավորապես, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն այսպիսի հարցերում բավականին չեզոք դիրք են ընդունում, իսկ Կարմիր Խաչի լիազորություններն այս հարցում բավականին սահմանափակ են:
Չափազանցրած կլինեք, եթե ասենք, որ բանակցային ողջ պրոցեսի համատեքստում ռազմագերիների խնդիրը առանցքային նշանակություն ունի հիմնախնդրի կարգավորման առոմով, սակայն կողմերի միջև վստահության եզրեր գտնելու հարցում նմանատիպ հարցերի լուծումը շատ կարևոր են: Քանզի, եթե նման հարցերում կողմերին և մասնավորապես միջնորդներին չի հաջողվում արագ և արդյունավետ լուծում գտնել, դժվար է ակնակալել, որ այնպիսի բարդ բանակցություններում, ինչպիսին որ ԼՂ հիմնահարցինն է, լուրջ արդյունք կգրանցվի:



