Շուկայի շենքը Լենինի պողոտայի (կառուցման ժամանակ Ստալինի պողոտա) կարմիր գծից մի փոքր ետ է ընկած, որը մի փոքր հրապարակ է ստեղծել գլխավոր մուտքի առաջ։ Հեղինակները շենքի ֆունկցիոնալ նշանակության հետ մեկտեղ, հասել են բարձր գեղարվեստական արտահայտչականության։
Հատակագծում ուղղանկյուն շինությունը բաղկացած է կենտրոնական 2300 մ² տարածքով առևտրի դահլիճից և նույն հարթության վրա դահլիճին երկու կողմից հարակից առևտրի կետերի և խանութների շարքերից և նրանց վերևում սրահներից։ Վաճառասրահի կամարակապ առաստաղը ունի 70 մետր երկարություն և 32 մետր լայնություն։ Միջնադարյան քարավանատների օրինակով ծածկված է մեկ թաղով, որը 4 մետրը մեկ 19 կամար ունի։ Ծածկած շուկայի մուտքի հակառակ ճակատային մասում կառուցված է մսի պասսաժը, որը կամարաձև խոշոր բացվածքով միանում է գլխավոր վաճառասրահ հետ։
Հզոր կամարային բացվածքով ճակատային պատը երկու կողմից ամփոփված է ավելի ցածր ծավալներով։ Դրանք երկրորդ հարկի սրահներ են, ուր կարելի է բարձրանալ գլխավոր մուտքի երկու կողմերում տեղադրված բաց աստիճաններով։ Կամարի վերևի հարթությունում բացվածքներ կա, որոնք ընդգծում են կամարի ծավալը։ Գլխավոր կամարի բացվածքում ագուցված է չուգունե վիտրաժ, որը գեղեցիկ քանդակներից կերտված մի ընդհանուր բրոնզապատ հյուղվածք է։ Վիտրաժի մեջ է գլխավոր դուռը։
Շուկայի պատմությունից:
Նախկինում Փակ շուկայի տարածքում առևտրային հրապարակ է եղել՝ 50-60 կրպակներով և սրճարաններով։
Հանձնվել է շահագործման 1952 թվականի ապրիլի 28-ին։
Շինարարության ժամանակ օգտագործել են Կիևյան կամուրջի կամարների կաղապարները։
Շուկայի ներսում փոքրիկ շատրվանով ջրավազան կար, և այնտեղ մանրադրամ գցելու ավանդույթ էր առաջացել։
1968 թվականին Կենտրոնական ծածկած շուկայի շինությունը ստացել է ճարտարապետական հուշարձանի կարգավիճակ։