Footsport.am-ը գրում է.

Այսօր աշխարհի առաջնության ընտրական փուլում Հայաստանի ազգային հավաքականն իր վերջին մրցախաղը կանցկացնի Նեապոլում `մրցելով իտալացիների հետ: Սխալված չենք լինի պնդելու, որ մեր մարզասերների համար ամենաքննարկվողն այն հարցն է, թե մեր ընտրանին 2-րդը ճանաչվելու դեպքում` իրավունք կստանա մասնակցել անցումային խաղերին, և ավելի շատ մտահոգում է այն հանգամանքը, որ նույնիսկ ենթախմբում 2-րդ տեղ զբաղեցնելու դեպքում մեր ընտրանին կզրկվի Բրազիլիա մեկնելու ուղեգրի հետագա պայքարից:

Այսինքն, հայ մարզասերը հավատում է, որ մենք կարող ենք հաղթել աշխարհի քառակի չեմպիոններին, այն էլ` նրանց սեփական հարկի տակ: Համարձակ է, սակայն նման հավատի համար, իրոք, հիմքեր կան:

Մեր հավաքականն այս ընտրական փուլում  ապացուցել է, որ հյուրընկալվելիս ավելի անկաշկանդ ու համարձակ է  գործում և   հենց արտագնա խաղերում է ավելի տպավորիչ խաղ ցուցադրել: Եվ կարևոր չէ, որ մեզ դիմակայելու է աշխարհի ուժեղագույն հավաքականներից մեկը:

Պատահական չէ, որ իտալացիների դեմ նախաղային ասուլիսի ժամանակ հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը լրագրողներից մեկի դիտարկմանը, որ Հայաստանի  հավաքականը գործնականում զրկված է խմբից դուրս գալու հնարավորությունից` հակադարձեց, ասելով, որ մենք  դեռ հնարավորություն ունենք, և հաղթելու դեպքում, պետք է սպասել խմբի մյուս խաղերի արդյունքներին: Այս հարցում մեր ընտրանու մարզիչը հետևողական է. գրեթե նույն կերպ նա արտահայտվեց բուլղարացիների դեմ մրցախաղից առաջ` առաջին հերթին կարևորելով մեր հավաքականի հաղթանակը:

Բուլղարացիների դեմ այդ հաղթական քայլն արվեց, ինչու նույնը չկրկնել նաև իտալացիների դեմ, թեև այս անգամ անհամեմատ դժվար կլինի, քանի որ մրցակիցը բուլղարացիներից բարձր կարգի է: Կարևոր է, որ մեր մարզիչը տրամադրված է լավատեսորեն, ինչն էլ, բնականաբար փոխանցվելու է խաղացողներին:

Մնում է` մեր ֆուտբոլիստները պատվով կատարեն իրենց գործը, իսկ, ենթախմբի մյուս հանդիպումներում մեզնից ոչինչ կախված է, և պետք է միայն բախտին  ապավինել, որ դրանցում գրանցվեն մեզ համար ցանկալի արդյունքներ: Հետաքրքիր է, որ Իտալիայի հավաքականի գլխավոր մարզիչն էլ խոստովանել է, որ հայերի դեմ իրենց դժվարին խաղ է սպասվում, իսկ այն, որ Չեզարե Պրանդելին զուտ սիրաշահելու համար խոսքեր չի շռայլում, վաղուց է հայտնի:

Իտալացիների մարզչին հաջողվեց հաղթել Հայաստանում, սակայն, նա, միաժամանակ տեսավ մեր ընտրանու ներուժը, այդ պատճառով էլ զգուշաբար է արտահայտվում: Եվ ամենևին էլ մեր հավաքականին թերագնահատելու պատճառով չէ, որ Բուֆոնի փոխարեն Պրանդելին դարպասի պաշտպանությունն այսօր վստահելու է  Ֆեդերիկո Մարկետիին, ինչի մասին գրում են իտալական լրատվամիջոցները: Սակայն վերջին հաշվով իտալացիներն ապահովել են առաջին տեղը և ինչու խաղալու հնարավորություն չընձեռել Բուֆոնի փոխարինողին: 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել