Hartak.am-ը գրում է.
Այնքան ենք տարված ներքին խնդիրներով, որ շատերի ուշադրությունից դուրս է մնացել մի շատ կարևոր միջազգային խնդիր, որի հետևանքով կարող է տուժել համաշխարհային տնտեսությունը: Խոսքն ԱՄՆ-ում սպասվող դեֆոլտի մասին է: Նախ համառոտ այն մասին, թե ինչ է դեֆոլտը. պարտապանի՝ վճարների հետ կապված պարտականությունների խախտում, չկատարում, անվճարունակություն: Դեֆոլտ հայտարարվում է կառավարության, ընկերությունների կամ անհատ անձանց կողմից, որոնք ի վիճակի չեն կատարել իրենց ֆինանսական պարտավորությունները կամ դրանց մի մասը:
ԱՄՆ-ի դեֆոլտի դեպքում խնդիրը հետևյալն է. հանրապետականներն ու դեմոկրատները ոչ մի կերպ չեն կարողանում համաձայնության գալ ԱՄՆ պետական պարտքի շեմի բարձրացման հարցի շուրջ, որի հետևանքով էլ ստեղծվել է նմանատիպ իրավիճակ: Եթե մինչև հինգշաբթի օրը նրանք այս հարցի շուրջ համաձայության չգան, կհայտարարվի տեխնիկական դեֆոլտ:
Այստեղ տնտեսագետների կարծիքները բաժանվում են երկու մասի. Մեծ մասը կարծում է, որ դեֆոլտի դեպքում սպասվում են ահավոր հետևանքներ ինչպես Սպիտակ տան, այնպես էլ ամբողջ աշխարհի համար, իսկ մյուսները կարծում են, որ ոչ մի դեֆոլտ էլ տեղի չի ունենա, քանի որ Վաշինգտոնը բավականաչափ ֆինանսական պահուստներ ունի այդ խնդրի լուծման համար: Վերջիններս չեն բացառում նաև, որ խնդիրը կարող է լուծվել դոլարի դեվալվացիայի միջոցով, ընդ որում՝ խոսքը բացառապես բարդությունների մասին է, սակայն ոչ ճգնաժամի:
Դեֆոլտի տեղի ունենալու դեպքում դրսի շուկաներում սպասվում է սպառողական ապրանքների գնաճ:
Տեխնիկական դեֆոլտ ԱՄՆ-ում արդեն տեղի է ունեցել 1979թ-ին, որին ամերիկացիներն անվանել էին «ԱՄՆ պատահական դեֆոլտ»: Համանման իրավիճակի պատճառով այն տեղի ունեցավ. հանրապետականները մերժեցին դեմոկրատ-նախահագ Ջիմի Կարտերի առաջարկը՝ պետական պարտքի շեմը բարձրացնելու մասին, սակայն հետո նրանք համաձայնության եկան: ԱՄՆ ֆինանսների նախարարությունը չհասցրեց ժամանակին մարել 122մլն դոլարի պարտավորությունները, որի հետևանքով նրանք կորցրեցին ներդրողների վստահությունը, աճեց պարտքի տոկոսադրույքը և, իհարկե պարտքի չափը: Այս փոքր դեֆոլտը ԱՄՆ-ի տնտեսությանը միլիարդավոր դոլարների վնաս հասցրեց:
Փաստորեն, եթե ԱՄՆ-ում չկարողանան համաձայնության գալ պետական պարտքի հարցի շուրջ, կարելի է սպասել «Ֆինանսական» աշխարհի վերջի: Իսկ մեզ այստեղ շեղում են ինչ-որ բաց ու փակ նամակներով և այլ անհասկանալի բաներով: Աստված չանի, որ նման բան տեղի ունենա: Այդ դեպքում մեր տնտեսությունը ևս աղետալի հարված կստանա: