ՀայնեկենHeineken: Գրառումը նվիրվում է իմ ամենասիրած բրենդներից մեկին, որի առաջին մասում կներկայացնեմ ընկերության, իսկ հետագա մասերում արդեն մարքեթինգային ռազմավարության ու մրցակիցներին հաղթելու հոլանդական մեթոդի մասին: Կարծում եմ աշխարհն այս գարեջուրը չէր ունենա, եթե չլիներ մի հետաքրքիր դրվագ: Ջերարդ Ադրիեն Հայնեկենի մայրը չէր սիրում հարբած մարդկանց: Եվ մի անգամ, երբ մայրը կրկին  ջինով հարբած ծառային նախատում էր, Ջերարդը մտածում է.

_Եթե հոլանդացիներն էժան ջինի փոխարեն ըմպեին լավ գարեջուր, ապա պինդ ալկոհոլից հարբած մարդկանց թիվը զգալիորեն կկրճատվի: Իսկ Նիդերլանդներում լավ գարեջուր չկա:

Ջերարդն իր գաղափարի մասին հայտնում է մորը, ով հավանություն է տալիս որդու մտքերին և 22-ամյա Ջերրարդի համար գնում է De Hooiberg ընկերությունը: Այսպես 1863 թվականին ծնվեց Հայնեկեն բրենդը: Առաջին իսկ օրերից Ջերարդը հասկանում էր, որ հարկավոր է գարեջրի պատրաստման հմտություններ և նորագույն տեխնոլոգիաներ, քանի որ իր պատկերացրած համը չէր ստացվում: Եթե ցանկանում եք լավ գարեջուր ըմպեք, ապա այցելեք Գերմանիա, ինչն էլ արեց Ջերարդ Հայնեկենը: Գերմանացիներից նա վերցնում է նորագույն տեխնոլոգիաներն ու ներդնում Նիդերլանդներում: Շուտով կարողանում է ստեղծել այնպիսի համ, որի մասին լուրերն արդեն թնդում էին ողջ Նիդերլանդներում:

1870 թվականի ֆրանկո-պրուսական պատերազմի պատճառով դադարում է գերմանական գարեջրի ներկրումը Նիդերլանդներ, որն էլ սկիզբ դրեց Հայնեկենի բիզնեսի զարգացմանը: Հայնեկենն իր բիզնեսի հիմքում ընտրեց մի բառ, որը կոչվում է որակ: Նա Նիդերլանդներում առաջինն էր, ով ստեղծեց որակի կառավարումը վերահսկող համակարգ: Հենց Ջերարդ Հայնեկենն էր, ով հրավիրեց դոկտոր Էլիոնին, հայտնի կենսաբան Լուի Պաստյորի աշակերտին, որ վերջինս մշակի հատուկ դրոժ: Այս դրոժը ստեղծելու համար պահանջվեց 13 տարի: “Heineken A” դրոժի առկայությունն ապահովում է Heineken գարեջրի յուրահատուկ համը: Իսկ այդ դրոժը նույնպես հանդիսանում է գաղտնիք, ինչպես Կոկա-կոլայի ֆորմուլան է, այնպես էլ Հայնեկենի դրոժն արդեն քանի հարյուրամյակ է գաղտնիք է և ոչ ոք դրա մասին չգիտի:

Ինչպես նշեցի, Ջերարդի բիզնեսի հիմքը որակն էր, ուստի նրա ջանքերով 1890 թվականին ամբողջ գործարանը լուսավորվում է, որն արտադրության ծավալներն ավելացնելու նոր խթան է հանդիսանում, քանի որ մթում աշխատելն ու լույս միջավայրում աշխատելը լրիվ տարբեր մոտիվացիոն հարցեր են: Ջերարդ Հայնեկենի մահից հետո ընկերության ղեկավարումն անցնում է Հենրի Հայնեկենին, ով մի շարք նորարարություններ է մտցնում մարդկային ռեսուրսների կառավարման ոլորտում:

Նրա օրոք ստեղծվեց թոշակային ֆոնդը, երբ աշխատավարձի մի մասը կուտակվում էր ընկերության կողմից և վճարվում հետագայում որպես թոշակ: Հենրին գտնում էր, որ աշխատակիցների մոտիվացիայից կախված է ընկերության հետագա զարգացումը: Նրա ժամանակ էր, որ բոլոր աշխատակիցները սկսեցին կրել միևնույն կանաչ հագուստը, որի վրա գրված էր Heineken: Հենրիի ջանքերի շնորհիվ Հայնեկեն գարեջուրն իր տարածումը գտավ արդեն Նիդերլանդներից դուրս:

1942 թվականին Հենրի Հայնեկենին փոխարինում է Ալֆրեդ Հայնեկենը, ով առաջին գարեջուր արտադրողն էր, որ որոշեց` գարեջուրը պետք է նաև լցնել շշի մեջ ու վաճառել: Մինչ Ալֆրեդը Հայնեկեն ընկերությունն անվանվում էր Heineken’s Bierbrouwerij Maatschappij N.V, սակայն նա շեշտեց, որ սպառողների համար այն շատ երկար է և պետք է կրճատել մինչև Heineken N.V.: Ալֆրեդից հետո Հայնեկեն ընկերությունը ղեկավարում է Շերլեն դե Կարվալյու Հայնեկենը, ով անձամբ հեռացավ կառավարման գործընթացից և այն հանձնեց Կարել Վուրստենին, ով ընտանիքի անդամ չէր: Ի դեպ Heineken N.V.-ն այն քիչ ընկերություններից է, որ մինչև հիմա պատկանում է ընտանիքին և կողմնակի ոչ մի սեփականատեր չկա:

Այսօր Հայնեկենն ունի 140 գարեջրի գործարաններ ողջ աշխարհում, որոնք միասին արտադրում են 16 մլրդ լիտր գարեջուր, որը բավական է Ուեմբլի մարզադաշտը  15 անգամ լցնելու համար: Սակայն այսքան գործարաններից մեջ կա մեկը, որն ամենաշատ գարեջուրն է արտադրում` Դյուտերվաուդում գտնվող Հայնեկենի մայր գործարանը, որն ընդգրկում է շուրջ 150 ֆուտբոլային դաշտի տարածք: Եթե Դյուտերվաուդում արտադրվող գարեջրի շշերն իրար կողք դասավորենք, ապա այն չորս անգամ կպտտվի ողջ  մոլորակով:

Հայնեկենն իր գարեջրերի համար ունի հատուկ դաշտեր, որտեղ որակի ուժեղ հսկողությամբ աճեցվում է գարի: Յուրաքանչյուր հունձից հետո գարու մի որոշակի մաս տեղափոխվում է լաբորատորիա, եթե այն չի համապատասխանում պահանջվող նորմերին, ապա միանգամից ոչնչացվում է, քանի որ ընկերությունում շատ խիստ են հետևում հումքի որակին: Ամեն օր շուրջ քսան բեռնատարներ գործարան են բերում գարու հավաքված պաշարները, որոնք վերահսկվում են հատուկ մասնագետների կողմից: Իսկ գարու վերամշակումից հետո հատուկ խումբը ստուգում է փրփուրը, գարեջրի պահանջվող գույնը, ջրի բաղադրությունը, պատահական ընտրված շշերի ներսի մաքրությունը: Նրանք երաշխավորում են, որ արտադրության յուրաքանչյուր կաթիլ գարեջուրն իդեալական է: Երբ լրագրողները հարցնում են Ալֆրեդ Հայնեկենին, թե ինչու է այսպես մանրակրկիտ ամեն ինչ արվում, վերջինս պատասխանում է. Ընկերության իմիջն առկա է Հայնեկեն գարեջրի յուրքանչյուր շշի մեջ: Այն պետք է լինի կատարյալ:

Գործարանի ներսն ամբողջությամբ վերահսկվում է համակարգիչների միջոցով: Համակարգիչները տեղեկություն են տալիս ջերմության, արտադրական պրոցեսների ընթացքի, հումքի մատակարարվող քանակի, ճիշտ ջերմաստիճանի մասին: Եթե արտադրությունից հետո մի կաթիլ գարեջուր չի համապատասխանում ընդունված նորմերին, ապա ողջ արտադրությունը ոչնչացվում է, ինչքան էլ որ անցանկալի է կորուստներ ունենալ: Ահա այսպես խիստ է իրականացվում որակի կառավարումը: Արտադրության ընթացքում համերը ստուգվում են հատուկ մասնագետի կողմից, որի OK բառը նշանակում է սկսել շշալցումը:

Յուրաքանչյուր շիշ, որը պիտակավորվում է, պետք է լինի միևնույն տեսքի, քանի որ ընկերության մարքեթինգային քաղաքականության կարգում կա հստակ կանոն` յուրաքանչյուր պիտակ պետք է նույն տեղում փակցնել շշի վրա: Հատուկ սքանի միջոցով ստուգվում է, եթե մի պիտակ չի համապատասխանում կարգին կամ մի միլիմետր շեղում է տվել, ապա շիշը հանվում է հոսքագծից և կրկին անցնում պիտակավորման:

Հայնեկենում գոյություն ունի դեգուստացիոն բաժին, որտեղ մասնագետները սովորում են շուրջ 9 ամիս, որպեսզի կարողանան բացահայտել միևնույն համը, այսինքն բոլոր 140 գործարանները պետք է արտադրեն միևնույն համն ունեցող գարեջուր: Կապ չունի Դուք Նյու-Յորքում եք, Օտտավայում, Ստոկհոլմում, թե Երևանում, Հայնեկենը պետք է միևնույն համն ունենա: Այս բաժնի աշխատակիցները գնահատում են բոլոր գործարանների արտադրանքն ու տալիս վերջնական գնահատականը` տվյալ արտադրությունը պետք է դադարեցնել, թե շշալցնել: Մյուս հետաքրքիր փաստն այն է, որ Հայնեկենն ունի հատուկ սկաուտներ, որոնք հիմնականում պտտվում են աշխարհով մեկ, գնում Հայնեկեն գարեջուր և ուղարկում մայր գործարան, որպեսզի ստուգվի գարեջրի համը և ժամկետները, որոնք պետք է համապատասխանեն բոլոր ընդունված նորմերին:

Մյուս ամենակարևոր քայլը, որ Հայնեկենն այսօր կիրառում է, դա լոգիստիկան է: Նիդերլանդներում շատ էին մեքենաների խցանումը, էներգիայի ծախսը, որը Հայնեկենը հիանալի կերպով լուծեց: Նա սկսեց օգտագործել երկրի գետերը, ջրանցքներն ու Ռոտերդամի նավահանգիստը: Այսինքն ողջ բեռնափոխադրումները կատարվում է նավերով, որը մի քանի անգամ կրճատում է տրանսպորտի ծախսերն ու ժամանակը: Հիանալի լուծում: Եթե Նիդերլանդների փողոցներում խնդիրներ են, խցանումներ, ապա Հայնեկենը միևնույնն է արտադրում ու մատակարարում է, քանի որ լոգիստիկան փոխարինվել է ցամաքից ջուր:

Հայնեկենի լոգոյի վրայի կարմիր աստղը նշանակում է հաջողություն, իսկ Սառը պատերազմի տարիներին այն սպիտակեց, որ չասոցացվի կոմունիզմի հետ, սակայն ԽՍՀՄ փլուզումից հետո այն նորից վերականգնվեց: Այսօրվա Հայնեկենի բրենդինգը պատկանում է Ալֆրեդ Հայնեկենին, ով իսկապես մի քանի նորամուծություններ մտցրեց լոգոյում: Նա էր առաջինը, ով ասաց, որ գարեջրի գույնը կանաչն է, քանի որ այն ասոցացվում է բնության, հավերժության ու ընկերության հետ, ուստի լոգոն և շշի գույնը փոխեց կանաչ: Նա փոխել է նաև Heineken բառի երեք  e տառերը` թեքելով և դարձնելով այն սմայլիկ: Ես վստահ եմ, մինչև այս մասին գրելս, շատերդ ուղղակի չէիք էլ նկատել, որ Heineken բառի երեք e տառերը թեքված են և սմայլիկի տեսք ունեն: Դա արված է նրա համար, որպեսզի այն կարդալիս առաջացնի դրական ասոցիացիաներ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել