Եվ, վերջին անդրադարձս Զորի Բալայանի նամակին.
Որքան հասցրեցի ճշտել, Զորի Բալայանի ընտանիքից ոչ ոք ազգային բանակում չի ծառայել, չի զբաղվել Հայաստանի և Արցախի սահմանների պաշտպանությամբ...
Մինչդեռ Արցախի հերոս կոչվողի նամակը կարող է լուրջ հարված հասցնել մեր բանակում ծառայողներից շատերի հոգեբանության վրա, կարող է խուճապային տրամադրություն ստեղծել... Այս մտահոգությունը ծնունդ առավ մանավանդ այն բանից հետո, երբ կարդացի ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտի տնօրեն Աշոտ Մելքոնյանի կարծիքը, թե գուցե կան զարգացումներ, փոխզիջումների պահանջներ, իմ բառերով՝ դավադրություններ, որոնց մասին մենք տեղեկատվություն չունենք...
Այսօր 18-20 տարեկաններն են, մեր որդիները, նաև՝ իմ որդին, կանգնած Հայաստանի և Արցախի սահմաններին, նրանք են ապահովում խաղաղությունը, մեր անվտանգությունը, մինչդեռ Զորի Բալայանը գրում է մի նամակ, որում Արցախի անկախության հարցն է շոշափում՝ այսպիսով հիասթափեցնելով մեր զինվորներին, ձևավորելով ոչ առողջ բարոյահոգեբանական իրավիճակ... Հասկանալի է, որ Բալայանը չգիտի, թե ինչ է նշանակում օրուգիշեր կանգնել սահմանին, հակառակորդի դիպուկահարների կրակոցների տակ, ակնդետ նայել սահմանին, մտածել մի թիզ հողի անգամ անվտանգության մասին... Զորի Բալայանը չգիտի, թե ինչ է նշանակում լինել ծնող, որի զավակը բանակում է, որն ամեն օր անհանգստությամբ է հետևում բանակից ստացվող լուրերի... Իհարկե, մեր բանակը հզոր է, անկասելի, ոչ մի ուժ չի կարողանա կոտրել նրան, բայց գործ ունենք 18-20 տարեկանների հետ...
Միով բանիվ, կուշտուկուռ, մեր բանակին ոչինչ չտված, բայց հերոսի կոչում ումեցող մարդուն, 78-ամյա ծերունուն, պիտի խնդրել, որ զգույշ լինի, մտածի ամեն մի գրված տողի մասին...



