Lragir.am-ը գրում է.
Որևէ երաշխիք չկա, որ Հայաստանի՝ Մաքսային միությանը միանալու դեպքում Հայաստանին վաճառվող ռուսական գազի դեպքում չեն կիրառվի արտահանման հարկերը, ինչպես Հայաստանի էներգետիկայի և բնական պաշարների նախարարն էր հայտարարել: Lragir.am-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց տնտեսագետ Աշոտ Եղիազարյանը:
Հիշեցնենք, որ օրերս էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը հայտարարեց, որ Հայաստանի՝ Մաքսային միությանը միանալու հայտարարությունից հետո ռուսական կողմը մտադիր է Հայաստանին վաճառվող բնական գազի դեպքում չկիրառել արտահանման հարկերը: Դա, ըստ նախարարի, հնարավորություն կտա 30 տոկոսով նվազեցնել Հայաստանին վաճառվող գազի գինը, հետևաբար Հայաստանի կառավարության կողմից 30 տոկոս սուբսիդավորման խնդիր չի առաջանա:
«Խոսքը վերաբերում է էներգակիրների արտահանման հարկին, որոշ պաշտոնյաներ խոսում են այն մասին, որ այդ հարկը Ռուսաստանը կհանի Մաքսային միությանը միանալուց հետո: Հստակություն դեռ չկա, հայտնի չէ, այդ հարկը հիմա են հանում, թե Մաքսային միությանը միանալուց հետո, և ընդհանրապես՝ հարկը հանվելո՞ւ է, թե չի հանվելու: Որևէ երաշխիք չկա, որովհետև մաքսային ընթացակարգերը էներգակիրների տրանզիտին չեն առնչվում: Այդպիսի Էժան էներգակիրների խնդիրը Մաքսային միությունում անընդհատ Բելառուսն է բարձրացրել, և գիտեք՝ անընհատ ինչպիսի կոնֆլիկտներ, սկանդալներ են առաջացել: Այնուամենայնիվ, առայժմ այդպիսի ընթացակարգեր Մաքսային միությունում նախատեսված չեն: Առավել ևս, որ Հայաստանը Մաքսային միության անդամ չէ»,- ասաց Աշոտ Եղիազարյանը:
Նրա խոսքով՝ շատ կարևոր է, թե գազն ինչ գնով է հասնում սպառողին՝ արտադրողներին և բնակչությանը: Վերջին հաշվով, էական է, թե ինչքան են վճարելու սուբյեկտները: Իսկ վերջնական սպառողի համար, ինչպես հայտնի է, գազի գնի նվազեցում չի լինելու:
Տնտեսագետի խոսքով՝ գաղտնիք չէ, որ ռուսական գազը թանկ գազ է: Այն արդյունահանվում է ոչ բարենպաստ բնակլիմայական պայմաններ ունեցող վայրերում, տեղափոխվում է հազարավոր կիլոմետրեր, այդ ամենը մեծացնում է ծախսը, արդյունքում մենք ստանում ենք համենայնդեպս ոչ էժան գազ:
«Պետք է հաշվի առնել նաև, որ կապելով մեզ դրան՝ մենք զրկվում ենք գազի ոլորտում մանևրելու հնարավորությունից, քանի որ Հայաստանն ազատ չէ իր էներգետիկ քաղաքականության մեջ թեկուզ հարևան Իրանի հետ: Բոլոր նախաձեռնություններն ի վերջո արգելափակվում են ռուսական կողմից: Օրինակները շատ են վերջին հինգ-վեց տարիներին՝ նավթավերամշակման գործարան, գազի խողովակաշարի հնարավորություների փոքրացում, Թավրիզ Երասխ նավթավերամշակման տերմինալի և խողովակաշարի կառուցում և այլն»,- ընդգծեց նա:
Աշոտ Եղիազարյանի խոսքով՝ այսօր պետք է խոսել ոչ միայն գազի մասին, այլ ամբողջ էներգետիկ համակարգի արդյունավետության մասին:
«Ի վերջո, եթե գազը պետք է վերածվի էլեկտրաէներգիայի, իսկ մենք չունենանք ատոմակայան, չունենանք էժան էներգիայի աղբյուրներ, այդ էլեկտրաէներգիան շատ թանկ կլինի: Հայաստանն այսօր կարողանում է սպառել համեմատաբար էժան էլեկտրաէներգիա շնորհիվ իր ատոմակայանի: Այսինքն՝ ատոմակայանը մեր էներգետիկ անվտանգության և էներգետիկ համակարգի արդյունավետության երաշխիքն ու գրավականն է: Առանց ատոմակայանի մենք էներգետիկ անվտանգություն մոտակա տասնամյակներին չենք կարող պատկերացնել»,- ընդգծեց նա:
Այնինչ, մասնագետի խոսքով, քանի դեռ Հայաստանը կապված է Մաքսային միության հետ, փակվում է նոր ատոմակայանի կառուցման խնդիրը: Նրա կարծիքով՝ Հայաստանն իր սպառնալիքներն էլ ավելի բազմապատկեց տնտեսական, այդ թվում՝ էներգետիկ անվտանգության հետ կապված: Հայաստանի էներգետիկ հիմնախնդիրներն էլ ավելի շատացան, մեր էներգետիկան հիմա շարժվում է դեպի ճգնաժամ:
«Խնդիրն այն է, որ Հայաստանի էներգետիկ հզորությունները մեծամասամբ իրենց դարն ապրել են, շատ հին ենթակառուցվածքներ են, որոնց աշխատանքը վաղ թե ուշ պետք է կանգնեցվի: Իսկ փոխարենը՝ նոր ստեղծվելիք հզորությունների մասին խոսք չկա: Այս ամենը պահանջում է հսկայական ներդրում մեր էներգետիկ համակարգում, որի համար ոչ մի աղբյուր գոյություն չունի այսօր»,- ասաց նա:
Տնտեսագետի խոսքով՝ 2000-ական թվականների սկզբներին Ռուսաստանի էներեգտիկ ընկերությունները որոշակի միջոցներ ներդնելով, մասնավորեցնելով մեր էներգետիկ հզորությունները, ակնկալում էին, որ Հայաստանը կարող է դառնալ յուրահատուկ էներգետիկ հարթակ՝ օգտագործելով մեր էներգետիկ հզորությունները՝ արտադրվող էլեկտրաէներգիան արտահանել տարածաշրջանային երկրներ: Այսինքն՝ Ռուսաստանն էր դառնում տարածաշրջանային խաղացող:
«Սակայն մի շարք պատճառներով այդ քաղաքականությունն արդեն շատ հնացած է, էլ չենք խոսում այն մասին, որ դա չէր բխում Հայաստանի շահերից: Այդ քաղաքականությունն այսօր կարող է չաշխատել, որովհետև տարածաշրջանի երկրները նախ շատ են վերափոխվել, նաև նրանց էներգետիկ համակարգերն ըստ էության հարմարեցվել են այդ երկրների էներգետիկ խնդիրների լուծմանը: Մյուս կողմից, ռուսական էներգետիկ ընկերություններն այնքան էլ լավ ֆինանսական վիճակում չեն, որ կարողանան զգալի ներդրումներ կատարել: Այնպես որ, էներգետիկ մատակարարման խնդիրն ապագայի կտրվածքով մեծ մարտահրավեր է Հայաստանի տնտեսության համար»,- ընդգծեց տնտեսագետը:



