Ենթադրում եմ, ու ճիշտ ժամանակն է՝ հիմա էլ Ադրբեջանը Ղարաբաղն առաջարկի Ռուսաստանին:Եվ Ռուսաստանը երկու հարևաններին խաղաղացնելու համար ստիպված լինի ընդունել ԼՂՀ-ն, անշուշտ ոչ թե Գյուլիստանի պայամանագրի՝ Ղարաբաղի խանության սահմաններով, այլ ԼՂԻՄ-ի սահմաններով: Կատարելով ԼՂԻՄԻ-ի հայ բնակչության երեքհարյուրամյա երազանքը: Չնայած այդ երազանքն առնվազն հարյուր տարուց ավել իրականություն էր, մինչև Ադրբեջանի խորհրդային հանրապետության կազմի մեջ մտնելը, և առնվազն վերջին քսանամյակը խիստ արյունոտ էր, այնքան արյունոտ, որ կարելի է խոսել տասնյակ հազարավոր մարդկային զոհերի և ավերված ու հրդեհված բազմաթիվ բնակավայրերի մասին: Բայց համարենք, որ ԼՂՀ հայ բնակչության երազանքը ռուսական նոր կայսրության մաս լինելն է:
Պատկերացնենք հնարավոր զարգացումները. ազատագրված տարածքները վերադարձվում են Ադրբեջանին, Ռուսաստանի կազմի Ղարաբաղը մեկուսացված է Հայաստանից, որպես Ռուսաստանի մաս՝ ուղղակի արագորեն լցվում է ադրբեջանցիներով, ադրբեջանական նավթադոլարներով գնվում են ԼՂ աղքատ հայերի հողերը, տները, իսկ հարուստներն արագորեն լեզու են գտնում, ինչպես միշտ, ադրբեջանա-ռուսական էլիտայի հետ... Տաս տարի հետո Ղարաբաղի հայերի ահռելի մասն իր նոր հայրենիքի՝ Ռուսաստանի տարածքում ցրված է, մարդասիրական ժողովրդավարական հանրաքվեով Ռուսաստանը ետ է վերադարձնում Ղարաբաղը Ադրբեջանին՝ ստանալով ադրբեջանա-թուրքական ահռելի նյութական փոխհատուցում... Ինչո՞վ հարցի լուծում չէ՞:
Հայաստանն էլ շրջափակված տարածքներով կրկին ծեծում է Ռուսաստանի՞ դռները /որ, անշուշտ, մի երկու տարի խուլ փակ է լինում/, թե՞ ուղղակի բողոքի ձայն է բաչձրացնում միջազգային վիրտուալ տարածքում... Այլ զարգացումների ի?նչ կանխատեսումներ կան... Օրինակ՝ Ռուսաստանը ետ չի վերադարձնում... Բա ի՞նչ է պատասխանում իր բարեկամ Թուրքիային, որն, անշուշտ, այդ տարիներին դառնում է ռուս-ադրբեջանական հարաբերությունների միջնորդը Ղարաբաղի հարցում... Այլ կանխատեսումնե՞ր... Ադրբեջանը պետք է վճարի Ռուսաստանին, որ նա ընդունի Լեռնային Ղարաբաղը...