Հարց`
Վիժել եմ 5 շաբաթական ժամկետում: Անցել է արդեն 1 ամիս, ու սկեսուրս ասում է, որ կարելի է էլի հղիանալ, բայց ես վախենում եմ: Բա որ էլի կրկնվի՞: Ընկերուհիս արդեն 2-րդ հղիությունն է այդպես կորցրել: Ինչո՞ւ է դա տեղի ունենում, ես ի՞նչ անեմ հիմա:
Հարցին պատասխանում է Ի.Ի. Մեչնիկովի անվան Հյուսիս-Արևմտյան պետական բժշկական համալսարանի Մանկաբարձության, գինեկոլոգիայի, ռեպրոդուկտոլոգիայի ու պերինատոլոգիայի ամբիոնի մանկաբարձ-գինեկոլոգ Աստղիկ Մելքոնյանը:
Վաղ ինքնաբեր վիժումը հղիության ինքնաբեր ընդհատումն է մինչև 12-րդ շաբաթը:
Ցավոք դա շատ տարածված խնդիր է ժամանակակից բժշկությունում, քանի որ հղիությունների 20-25% ավարտվում են վիժմամբ: Եթե վիժումը մի անգամ է տեղի ունեցել, ապա դա ամենայն հավանականությամբ բնական ընտրության և/կամ անբարենապաստ գործոնների ազդեցության արդյունք է: Անհրաժեշտ է անպայման դիմել գինեկոլոգի ու պարզել պատճառը, որպեսզի հետագայում դա չկրկնվի: Ժամանակակից կինը, ելնելով ֆինանսական ու սոցիալական պատճառներից, ծննդաբերում է 1-2, շատ հազվադեպ 3 անգամ, հետևաբար յուրաքանչյուր հղիությանը պետք է վերաբերվել շատ լուրջ ու լինել հետևողական:
Վաղ ինքնաբեր վիժման հիմնական 3 պատճառներն են.
1. Քրոմոսոմային անոմալիաները, որ զարգանում են բեղմնավորումից հետո. պտղի զարգացումը կանգնում է, և մոր օրգանիզմը մեխանիկորեն «ազատվում է» անառողջ պտղից: Անոմալիաների պատճառ որպես կանոն հանդիսանում են ալկոհոլը, ծխախոտը, վատ էկոլոգիան ու որոշ դեղորայքներ:
2. Մոր ինֆեկցիոն հիվանդությունները:
3. Հորմոնալ պաթոլոգիան, ինչը կարելի է կարգավորել, եթե նախորոք պարզվի հորմոնի «ավել կամ պակասությունը» և շտկել:
Ինչպես նաև իմունոլոգիական անհամատեղելիությունը, սթրեսը և այլն:
Ինչ մնում է հետագա հղիության պլանավորմանը, ոչ մի դեպքում խորհուրդ չի տրվում հղիանալ մոտակա 5-6 ամսում, քանի որ այդ ընթացքում օրգանիզմը պետք է հասցնի վերականգնվել վիժումից հետո:
Ու մի բան էլ՝ անհրաժեշտ է լավ տրամադրվել. դա իր հերթին կանխարգելիչ մեթոդ է վիժման համար, քանի որ ապացուցված է` ինչքան հղի կինը անհոգ է, ուրախ ու քիչ է մտածում վատ բաների մասին, այնքան նրա մոտ հղիությունն ավելի հանգիստ ու առանց հնարավոր բարդությունների է անցնում: