1in.am-ը գրում է.
Երկուշաբթի առավոտյան Ռուսաստանի մայրաքաղաք Մոսկվայի հարավում՝ Արևմտյան Բիրյուլևոյի բանջարեղենի շուկայում, ստուգումների ժամանակ իրավապահ մարմինները ձերբակալել են շուրջ 1200 ներգաղթյալի: Այս մասին հաղորդում է RIA Novosti-ն՝ վկայակոչելով Մոսկվայի ոստիկանության մամլո ծառայությանը:
«Արևմտյան Բիրյուլևո շրջանի բանջարեղենի շուկայում պրոֆիլակտիկ ստուգման ընթացքում ոստիկանական տեղամասեր են տարել 1200 մարդու՝ ստուգելու համար, թե արդյոք նրանք ներգրավվա՞ծ են հանցագործությունների մեջ, թե՞ ոչ»,- ասել են ոստիկանությունում:
Բացի այդ, շուկայի տարածքում հայտնաբերվել է ավտոմեքենա, որում եղել են երեք տրավմատիկ զենք, երկու դանակ և մի քանի միլիոն ռուբլի:
Հիշեցնենք, որ Բիրյուլևոյում բողոքի ակցիայի ժամանակ մոտ 600 մարդ գրավել է «Բիրյուզա» առևտրի կենտրոնը, որտեղ, ակցիայի մասնակիցների կարծիքով, հավաքվում են ներգաղթյալները: Նրանք պահանջում են գտնել 25-ամյա Եգոր Շչերբակովի մարդասպանին:
ՌԴ ՆԳՆ-ն հաղորդում է, որ ենթադրաբար Շչերբակովի սպանությանը մասնակից է շաուրմա վաճառողը: Սպանվածի հարսնացուն պնդել է, որ նրա վրա հարձակվել է եկվոր, հավանաբար՝ ծնունդով Կովկասից: Տեսախցիկների ձայնագրությունները հաստատում են աղջկա ենթադրությունները:
Հարավային շրջանում բնակվում են շատ ներգաղթյալներ: ԱՊՀ երկրների ինստիտուտի տնօրեն Կոնստանտին Զատուլինի խոսքերով՝ այս վայրերում հիմնականում հանդիպում են հայեր և ադրբեջանցիներ: