1in.am-ը գրում է.
Բիոլաբորատորիան, որը Վրաստանում բացվել է ԱՄՆ-ի աջակցությամբ, կարող է կիրառվել Ռուսաստանի դեմ դիվերսիայի համար՝ Interfax-ին հայտնել է ՌԴ սպառողների իրավունքների պաշտպանության, բնակչության սանիտարա-համաճարակաբանական բարեկեցության ապահովման վերահսկիչ մարմնի ղեկավար, Ռուսաստանի գլխավոր սանիտարական բժիշկ Գենադի Օնիշչենկոն:
«Մենք ևս մեկ անգամ հիշեցնում ենք Վրաստանի իշխանությունների կողմից չվերահսկվող լաբորատորիայի գործունեությանն առնչվող մեր ծայրահեղ մտահոգության մասին»,- ասել է Օնիշչենկոն:
Նրա խոսքով՝ իրենց գնահատականներով՝ այդ լաբորատորիան կարևոր օղակ է ԱՄՆ-ի ռազմակենսաբանական ներուժի հարձակողական մասում:
Օնիշչենկոն նշել է, որ այդ լաբորատորիայի բացումը Վրաստանում վկայում է այն մասին, որ ԱՄՆ-ը խախտում է իր միջազգային պարտավորությունները, մասնավորապես՝ կենսաբանական և քիմիական զենքի կոնվենցիային առնչվող:
«Այդ լաբորատորիայի նպատակն է, ուսումնասիրելով շրջանառվող վիրուսներով բնական օջախներին առնչվող իրավիճակը Ռուսաստանի Դաշնությունում և Անդրկովկասում, բաղադրատոմսեր մշակել, որոնք կարող են գործարկվել երկրում տնտեսության, քաղաքական վիճակի ապակայունացման համար: Խոսքը թաքնված կիրառման հնարավորությունների մասին է: Օրինակներ արդեն կան»,- ընդգծել է Օնիշչենկոն:
Նախկինում նա հաստատել էր, որ Ռուսաստանում խոզերի աֆրիկյան տենդը բռնկվել էր Վրաստանի տարածքից ծրագրված դիվերսիայի արդյունքում:
Օնիշչենկոն հայտնել է, որ Ռուսաստանը կքննարկի ռուսական շուկայում վրացական ապրանքների թվաքանակի ընդլայնման հարցը՝ կախված նրանից, թե ամերիկյան բիոլաբորատորիան կշարունակի՞ աշխատանքը, թե՞ ոչ:
Նա նշել է, որ բիոլաբորատորիայի ֆինանսավորումը կրճատելու վրացական ղեկավարության հայտարարությունները չեն վերացնում ռուսական կողմի մտահոգությունները: Նրա խոսքով՝ դա վկայում է այդ լաբորատորիայի հզորության ու նշանակության խնդրի թյուրըմբռնման մասին:
Օնիշչենկոն հայտնել է, որ իրենք առաջարկում են շատ լուրջ գնահատել իրավիճակն ու ընդունել անհրաժեշտ որոշումներ՝ վերացնելու իրենց մտահոգությունները:
Նա նշել է, որ դրա դիմաց պատրաստ են շուկա թողնել վրացական գինու 8 նոր արտադրողների, որոնց մոտ կեսին կարող է թույլտվություն տրվել մոտ ժամանակներս:
Ավելի վաղ Վրաստանի իշխանությունները հայտարարել էին, որ Լուգարի անվան կենտրոնը, որը ստեղծվել է ԱՄՆ-ի օգնությամբ, աշխատում է բացառապես խաղաղ նպատակներով: