Էլվինա Մակարյանը բնիկ երևանցի էր, ինչպես ինքն էր սիրում ասել: Ծնվել է 1950 թվականի օգոստոսի 16-ին, Երևանում: Արմատներով Արևմտյան Հայաստանից էր: Տատերն ու պապերը գաղթել էին` հաստատվելով տարբեր երկրներում: Հորական տատը պոլսահայ էր, պապը` ֆրանսահայ, մորական պապը պարնեցի էր` գեներալ, ում 1937 թվականին գնդակահարել էին, մորական տատը` իգդիրցի, նա Չարենցի կնոջ հետ նույն բանտում է եղել: Էլվինան շատ կապված էր մոր` տիկին Ռոզայի հետ: Մայրը նրա համար և ծնող էր, և քույր, և քննադատ, երկրպագու և հավատարիմ օգնական, խորհրդատու: Դուստրը միշտ պաշտամունքով էր վերաբերվում նրան: Մայրը ներկա էր նրա բոլոր ելույթներին, շրջագայում էր դստեր հետ, օգնում իր խորհուրդներով ու հոգատարությամբ:
Երգչուհու երաժշտական ունակությունները դրսևորվել են փոքր հասակից. մայրը նկատելով աղջկա հրաշալի լսողությունը և երգելու սերը` նրան տանում է Սայաթ-Նովայի անվան երաժշտական դպրոց: Դպրոցը համարելով, որ իր սանը բացառիկ ունակություններով է օժտված, ուղեգիր է տալիս Չայկովսկու անվան տասնամյա դպրոց տեղափոխվելու համար: Հենց այդ ժամանակ, երբ նա 12 տարեկան էր, իր առաջին հաղթանակն է տանում երաժշտական ասպարեզում` մասնակցելով դպրոցական քաղաքային օլիմպիադային: Բեմ դուրս գալով` նա կատարում է Շառլ Ազնավուրի և Ռոբերտինո Լորետտիի երգերը` դաշնամուրով նվագակցելով ինքն իրեն և գերազանցելով բոլորին: Դրանից անմիջապես հետո նրան զանգահարում է Մարտին Վարդազարյանը և Էլվինային հրավիրում իր նորաստեղծ ջազային քառյակ, որի կազմում նա առաջին անգամ ելույթ է ունենում հեռուստատեսությամբ` ներկայանալով ջազային ստեղծագործությամբ: Հաղորդումը դիտելով` Ռոբերտ Ամիրխանյանը Էլվինային առաջարկում է ընդգրկվել իր վոկալ-գործիքային «Կռունկ» անսամբլում` ֆիզարձակուրդ գնացած Ռաիսա Մկրտչյանի փոխարեն: Այդ անսամբլում Էլվինան կատարելագործվում է որպես ջազային երգչուհի` կատարելով ոչ միայն հայերեն, այլև անգլերեն (այդ լեզուն հրաշալի գիտեր), ֆրանսերեն, իտալերեն ստեղծագործություններ: Ընդ որում մնացած լեզուներով երգերն անգիր էր անում` լեզուները չիմանալով, սակայն այնպես էր մատուցում, որ բոլորը մտածում էին, թե նա այդ լեզուների գիտակ է: «Կռունկի» կազմում նա մեկնում է հյուրախաղերի` Միության երկրներով և արտասահման, որտեղ ջերմ ընդունելության է արժանանում: 

1990-ականների սկզբներին վերադարձել է Երևան, որտեղ թողարկել է մի քանի հիթեր` «Յարո ջան», «Երևան»: 
Մինչև 90-ականների վերջ բնակվել և ստեղծագործել է հայրենիքում, որից հետո ընդմիշտ մեկնել է ԱՄՆ, որտեղ շարունակել է ստեղծագործել սեփական ստուդիայում: 

Ինքնասպան է եղել Լոս Անջելեսում և կտակել է` իրեն այրել ու մոխիրը հանձնել օվկիանոսին։ Կտակով խնդրել է նաև հոգեհաց չկազմակերպել, չհավաքվել։ Ուղղակի հիշել իրեն՝ յուրաքանչյուրն ինքն իր համար:

Սկիզբը

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել