Lragir.am-ը գրում է.

Ազգագրագետ Հրանուշ Խառատյանն այն կարծիքին է, որ Էրեբունի-Երևանը տոն չէ, այլ միջոցառում: Նրա խոսքով՝ թեև այն 40 տարի է կա, բայց միայն սկզբնական շրջանում մի քանի տարի այն տոնահանդեսի վերածվելու հավակնություններ ուներ, բայց զանազան դրդապատճառներով այն չվերածվեց տոնահանդեսի:

Ըստ նրա՝ տոնն այն ժամանակ է տոն, երբ յուրաքանչյուրը գիտի, որ այդ օրն իր տանը, իր հարևանի, իր ազգականի հետ փողոցում, հանրային միջավայրում պետք է նշի, բայց եթե, օրինակ, մյուս տարի չհայտարարվի Էրեբունի-Երևան տոնը, բացի արտիստներից, որոնք որոշ պատվերի և գումարի ակնկալիք ունեն, հանրությունը չի հիշի, որ ինքը տոն բաց թողեց: «Մենք տոն չունենք, մենք ունենք միջոցառումներ, որոնք մեր իշխանությունների ճաշակի դրսևորումներն են»,- ասաց ազգագրագետը մեզ հետ զրույցում:

Ըստ նրա՝ այս տոնը տոն չէ, քանի այն հասարակության յուրաքանչյուր անդամի մասնակցություն այն չի պահանջում: «Օրինակ՝ Նոր տարուն ձեզ որևէ մեկն ասո՞ւմ է՝  ո՞ւր գնաք, ինչ անենք, ապրիլի 24-ը մեզ համար հանրային հուզական միասնականության օր է, և ապրիլի 24-ին ձեզ որևէ մեկը ասո՞ւմ է գնաք, թե ոչ: Կոլեկտիվները կազմակերպում են, անհատներն իրենք են որոշում գնալ թե ոչ, մարդիկ իրենք են որոշում գնալու ժամը, ուր գնալու և ինչի համար գնալու, այսինքն՝ սա ձևավորված պարբերականություն ունեցող որոշակի հուշի, արժեքների վերահաստատում է»:

Այս տոնը, ըստ նրա, տոնահանդես կլիներ այն ժամանակ, երբ մեկ շաբաթ առաջ բոլորն արդեն իմանային՝ ուր են ուզում գնալ, ինչ են ուզում, իսկ տոնական տրամադրությունը պետք է լինի նույնական արժեքի, նույնական հուզերի շուրջ այն հանրության, որին դա վերաբերում է: Ըստ Հրանուշ Խառատյանի՝ ամենատրամաբանականն այն կլիներ, որ մենք քառասուն տարի այդ տոնը ունենայինք արդեն տրամադրությունների մեջ նախնական ամրագրված: Թռչնակի նշանով, նրա խոսքով, ցույց է տրված՝ իբրև Երևանը հիշում է  էրեբունից Երևան, որ մշակութային հիշողությունը կա, ամրագրում  է անցյալի դրական արժեքները և որոշում է այդ արժեքները շարունակելով նորանոր արժեքներ ներդնել:

«Մենք իրականում այսօր տեսնում ենք այս միջացառմանը Փակ շուկան ավերված է, այսինքն՝ Էրեբունի-Երևան անցյալը ավիրված է, շատ հավանական է, որ վաղը մյուս օր Էրեբունի թանգարանը Սամվել Ալեքսանյանին կամ որևէ մեկին տրվի՝ մի հերթական սուպերմարկետ կառուցելու համար: Իսկ Էրեբունին ամրոց է, որը Ուրարտուի ժամանակների պետական հզորության խորհրդանշին է: Այսօրվա մեր պետական հզորության խորհրդանիշը Սամվել Ալեքսանյանն է, որը բոլոր օրենքները շրջանցելով՝ սուպերմարկետներ է ավելացում»-, ասաց Հրանուշ Խառատյանը՝ ընդգծելով, որ  բնակչության մեկ շնչին ընկնող սուպերմարկետների թվով Հայաստանը դարձնել է ռեկորդակիր, և դրա հետ միասին Երևանի բնակչությունը 15 և ավելի տարի պարտքի տետրակներում պահած պարտքեր ունի, ամեն մի փոքր խանութի խանութպանի մոտ մինչև հիմա կա պարտքերի ցուցակ, և որոնք արդեն   չեն էլ  սպասում վերադարձի:  «Այդ մարդիկ սպասում էին, որ հասարակությունը գնողության կդառնա և իրենք կկարողանան շարունակել աշխատանքը, բայց այսօր նրանք դուրս են մղվում սուպերմարկետների պատճառով, և Գալուստ Սահակյանները մեզ ասում են աղոթենք Սամվել Ալեքսանյանի համար, որ նա մեր  գործատուն է, չի ասում, որ նա մեր ինքնազբաղվածների դուրս մղողն է, չի ասում շնորհակալություն մարդիկ, որ ձեր նախաձեռնությամբ, ձեր ջանքերով այդքան սոված երեխաներ պահեցիք, ասում է՝ գնացեք Սամվել Ալեքսանյանի համար աղոթեք: Սա է Էրեբունի- Երևանը՝ ըստ այսօրվա իշխանությունների տեսլականի: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել