Lragir.am-ը գրում է.
Կան դասական քաղաքագիտության օրենքներ, որոնք պահպանվում են նույնիսկ ամենաբռնապետական երկրներում։ Ընտրություններից հետո իշխող կուսակցությունը (ները) գրավում է պալատը, հրապարակը եւ փողոցը մնում են ընդդիմությանը։
Իսկ ահա որպես «Երևան դարձած իմ Էրեբունու» Սամվել Ալեքսանյան դարձած Լֆիկ Սամոն կեղծեց նաև էդ բնական դերաբաշխումը` ոչ-փափկասուն տիկնանց գնդով գրավելով փողոցը իր աղավաղած Փակ շուկան պաշտպանելու համար։ Գունդը ընտրությունների ժամանակ էլ էր օգտագործվել, բայց «նորամուծությունը» հենց միջընտրական «խաղաղ պայմաններում» նրան փողոց հանելն էր։
Երկար շփումից հետո նույնիսկ քաղաքացիական ակտիվիստներն ու ոստիկաններն են «եղբայրացել», իմ աչքի առաջ, բայց Լֆիկի վարձկանները բնամթերքի դիմաց ճղճղացող կանայք են, որոնց հետ որևէ երկխոսություն հնարավոր չէ, քանի որ դրա համար պետք է նախ գցել նրանց ատամները, լողացնել, սանրել ու նորմալ շորեր հագցնել։ Ինչը Սամվել Ալեքսանյանը չի անի, որովհետև իր ու իր նմանների հարստությունը գոյացել է էս նույն ոչ-փափկասուն տիկնանց ատամները գցելու և նորմալ շորեր հագնելու հնարավորությունից զրկելու արդյունքում։
Չստանալով գոնե վարձկաններին վայել «սոցիալական փաթեթ»` սույն տիկնայք (վերջերս նաև` որոշ տղամարդիկ), իրենք իրենց համոզել են, որ ոչ թե գործիք, բուֆեր են օլիգարխի ու նրա անվտանգության երաշխավոր իշխանության ձեռքին, այլ հանուն նոր աշխատատեղերի պայքարող ամազոնուհիներ։ Ապասոցիալական տարրերի էս համոզումը խրախուսելով` իշխանությունն, ըստ ամենայնի, ավելի առաջ կգնա ու կհրահրի բախումներ ծայրահեղ աղքատների ու քաղաքացիական ակտիվիստների միջև։ Կհետևեն կալանքներ, դատեր, և հանրային կարծիքը, որն էսօր իշխանության ներկայացուցիչների դեմ է, չի լինի նույնքան միանշանակ, այլ կկիսվի, որովհետև մեղադրյալներն էլ, տուժողներն էլ կլինեն ժողովրդից։
Սա մի ճարպիկ քայլ է, որն իշխանավորներին ու իրենց օլիգարխներին ազատում է ոստիկանությանն ու թիկնապահներին ժողովրդի վրա «քսի տալու», տեղի-անտեղի մարդ ծեծելու ու սպանելու «հոգսից»։
Վիճակը հիշեցնում է անցյալ դարի 20-ականների սկիզբը, երբ բոլշևիկները, հատկապես Հայաստան գործուղված ռուս բոլշևիկները հայտարարում էին, որ մեր երկրում հնարավոր չէ կոմունիզմ կառուցել, քանի որ դաշնակցականները կամովին են զիջել իշխանությունը, իսկ հեղափոխությունն առանց արյան ու քաղաքացիական պատերազմի չի լինում։ Եվ խաղաղ իշխանափոխությունից մի ամիս անց նրանք «Կեցցե՜ քաղաքացիական կռիվը», «Պետք է բուրժուազիայի արյունը հոսի` պրոլետարիատի հաղթանակն ապահովելու համար» կարգախոսներով զանգվածային ձերբակալություններ սկսեցին։ «Չեկայի» նկուղներում կացնահարվեցին հայ ուսուցիչներ, սպաներ, բժիշկներ, թուրքերին տարիներով հաջողությամբ ահաբեկած հայդուկներ, մինչև հրահրվեց 1921-ի Փետրվարյան խռովությունը, ու հայերն իրար արյուն թափեցին, իսկ դրանից հետո էլ երկար տարիներ իրար մատնում էին Չեկային առաջներում մի կով ավել ունենալու կամ թուրքի դեմ մի ավել գնդակ արձակած լինելու համար։
Էսօր, ներքին կյանքում հիմնվելով քաղաքական սկզբունք չունեցող լյումպենների` «երկրորդ սորտի» մարդկանց վրա, իշխանությունը ևս մի անգամ հաստատում է, թե ինքը որ «սորտին» է պատկանում։ Ինքը լինելով «երկրորդ սորտի», առանց քաղաքական ու հանրային սերուցքի հավանության, անկախության պայմաններում միանալով Մաքսային միությանը` իշխանությունը մեզ վերապահում է «երկրորդ սորտի» ռուսների կարգավիճակ։
Նույն «երկրորդ սորտին» է պատկանում և քաղաքական ընդդիմությունը, որն ակտիվիստներին փողոցում թողել է մենակ, որովհետև հակառակ դասական քաղաքագիտաթյան օրենքներին, ինքն էլ է աստիճանաբար տեղավորվում պալատներում ու դեսպանատներում։ Իշխանության ու ընդդիմության միացյալ ճամբարը մեղադրում է ակտիվիստներին անընդհատ «ոտքի տակ ընկնելու» համար։
Կարծում եմ, շատ կարևոր է, որ հանրությունը հստակ իմանա, թե որն է քաղաքացիական ակտիվիստների դերն ու ըստ դրա գնահատի նրանց գործողությունները։ Նրանց դերը հենց «ոտքի տակ ընկնելն» է, ոչ ավել – ոչ պակաս։ Ակտիվիստներից մեկը` Վարդգես Գասպարին, դա անում է բառի բուն իմաստով։ Էդպես ակտիվիստները հանրության ուշադրությունն են հրավիրում ապօրինությունների վրա ու ստիպում իշխանություններին միջոցներ ձեռնարկել (կամ փորձում են ստիպել)։
Հայաստանում չկան հստակ ինքնագիտակցություն ունեցող դասակարգեր ու խավեր, և քաղաքացիական ակտիվիստներից էլ որոշակի գաղափարախոսություն կամ միակարծություն պետք չէ ակնկալել, քանի որ մարդիկ միավորվում են տարբեր խնդիրների շուրջ։ Բայց, ինչպես ցույց են տալիս վերջերս ՖԲ-ում տարածված «Քաղաքական կողմնացույցի» (http://www.politicalcompass.org) հարցաթերթիկի պատասխանները, հայ մտավորականության ակտիվ, առաջադեմ մասը դավանում է նույն` ձախ-ազատական գաղափարներ։ Աներևույթ էդ կուսակցությունն էլ, ակտիվիստներին ուղղված մտացածին պահանջներին ու ստահոդ մեղադրանքներին չխաբվելով, պետք է տեր կանգնի նրանց` հանրության էս պահի ավանգարդին ու միակ ընդդիմությանը։ Որպեսզի «լֆիկները» հրաժարվեն քաղաքացիական պատերազմից, քանի դեռ լուրջ բախումներ չեն եղել` պառակտելով Հայաստանի ամբողջ բնակչությունը։
Վահրամ Մարտիրոսյան



