Ռուա Գոնչալո դե Կառվալիոն մի փողոց է, որը գտնվում է Ռիու Գրանդի դե Սուլ նահանգի մայրաքաղաք Պորտու Ալեգրիում: Այս փողոցում աճող տիպուանա տեսակի ծառերը համաշխարհային ճանաչում ձեռք բերեցին բնապահպանական արշավից հետո, որը լայն տարածում գտավ համացանցի շնորհիվ: Այս արշավից հետո Ռուա Գոնչալո դե Կառվալիոն հռչակվեց աշխարհի ամենագեղատեսիլ փողոցը և դասվեց քաղաքի բնապահպանական ժառանգության շարքին:
Բրազիլիայի Պորտու Ալեգրիում գտնվող Գոնչալո դե Կառվալիոն աչքի է ընկնում տիպուանա ծառերի վիթխարի կանաչ թունելով, որը ապշեցուցիչ տպավորություն է գործում: Բնակիչները տնկել և տասնամյակներ շարունակ մեծ հոգատարությամբ խնամել են Գոնչալո դե Կառվալիոյի ծառերը: Ծառերի Կանաչ թունելը բնակիչների սիրո պտուղն է: Գոնչալո դե Կառվալիոյի բնակիչների սիրո և նրանց մղած պայքարի շնորհիվ քաղաքային իշխանությունները ստիպված էին ընդունել մշակութային ժառանգության, բնապատկերի և շրջակա միջավայրի կարևորությունը և օրենքի ուժով պաշտպանել այն: Կառավարությունը պետք է ջանա պահպանել այս ժառանգությունը ապագա սերունդների համար: Այս պատմությունը ներշնչանքի աղբյուր կարող է ծառայել բոլոր նրանց համար, ովքեր սիրում են այս ծառերը:
Տիպուանա տեսակի շուրջ 100 խիտ-խիտ շարված ծառերը տնկվել են 1930-ականների վերջերին նախկին գարեջրատան մոտակայքում ծագումով գերմանացի աշխատողների կողմից:2005 թ.-ին առաջ քաշվեց այս փողոցում առևտրի կենտրոն կառուցելու նախագիծը: Առևտրի կենտրոնի կառուցման համար նախատեսվում էր ծառահատումներ իրականացնել: Բնակիչներն անմիջապես ոտքի կանգնեցին` թույլ չտալով քաղաքային իշխանություններին իրականացնել իրենց ավերիչ ծրագիրը: Նրանք ծառերի պաշտպանության լայնածավալ արշավ սկսեցին, որը հաջողությամբ պսակվեց: 2006 թ.-ի հունիսի 5-ին այն ժամանակվա քաղաքապետ Խոսե Ֆոգական պաշտոնապես Գոնչալո դե Կառվալիոն հռչակեց պատմամշակութային և բնապահպանական ժառանգություն:

















