Հարց`
Բարև Ձեզ, բժիշկ: Ինձ մոտ հայտնաբերվել է պապիլլոմավիրուս: Խնդրում եմ ասել՝ ի՞նչ հիվանդություն է դա, որքանո՞վ է վտանգավոր և ո՞րն է բուժումը:
Հարցին պատասխանում է մանկաբարձ-գինեկոլոգ Պավել Սոցկին:
Պապիլլոմավիրուսը վարակ է, որը կնոջ մոտ կարող է ախտահարել արգանդի վզիկը՝ դրա վրա առաջացնելով տարբեր փոփոխություններ (օրինակ՝ դիսպլազիա, CIN) կամ տեղակայվելով արտաքին սեռական շուրթերի, հեշտոցի կամ հետանցքի մոտ՝ արտահայտվել սրածայր կոնդիլոմաների, պապիլլոմաների ձևով: Այսօր հայտնաբերված է պապիլլոմավիրուսի 100-120 տեսակ, որոնք լինում են բարորակ և չարորակ տիպերի: Բարորակ են համարվում 6-րդ, 11-րդ և այլ տիպերը, որոնք կարող են հանդիպել կոնդիլոմաների ձևով և վզիկի ախտահարումով (տափակ կոնդիլոմա): Չարորակ տիպերը (16-րդը, 18-րդը և այլն), ախտահարելով արգանդի վզիկը, աստիճանաբար վնասում են հյուսվածքը և ապագայում հնարավոր է, որ հանգեցնեն արգանդի վզիկի քաղցկեղի: Այս է պատճառը, որ բազմաթիվ կանայք շատ ուշադիր են այս վարակի նկատմամբ և պարբերաբար այցելում են պրոֆիլակտիկ զննման: Նշեմ նաև, որ պապիլլոմավիրուս կարող է հայտնաբերվել ինչպես ակտիվ սեռական կյանքով ապրող կանանց մոտ, այնպես էլ կույս աղջիկների: Այն փոխանցվում է և՛ սեռական ճանապարհով, և՛ ծննդաբերության ժամանակ մորից երեխային (ծննդաբերական ուղիներով անցնելու ժամանակ): Պապիլլոմավիրուսի ախտորոշման հարցում մեծ դեր է խաղում ցիտոլոգիան, կոլպոսկոպիան (արգանդի վզիկի հետազոտություն հատուկ սարքավորման միջոցով), որը թույլ է տալիս հայտնաբերել վարակը և հատուկ անալիզների միջոցով ախտորոշել: Քանի որ այս վիրուսը, ինչպես և ցանկացած այլ վիրուս, մտնելով օրգանիզմ, այլևս դուրս չի գալիս, բուժվում է կոմպլեքսային մոտեցմամբ, ուղեկցվում է հակավիրուսային պրեպարատների նշանակմամբ, իմունոմոդուլատորների կիրառմամբ (իմունիտետը բարձրացնող դեղորայք), հարակից այլ հիվանդությունների բուժմամբ (օրինակ՝ բորբոքային պրոցեսի առկայություն, սեռական ճանապարհով փոխանցված վարակների բուժում և այլն): Որոշ ցուցումների դեպքում դիմում են նաև գործիքային բուժման մեթոդներին: