Երեկ ու այսօր մեր մայրաքաղաքում տոն է: Քաղաքի գլխավոր տոնը՝ տարեդարձը: Միշտ «հին ու նոր» մեր Երեւանի 2795-րդ տարեդարձը: Ու հաստա՛տ, աշխարհում շա՜տ քիչ քաղաքների ու մանավանդ մայրաքաղաքների բնակիչներ կարող են հպարտանալ նման պատկառելի տարիքով ու հարուստ պատմությամբ: 
Երեկվանից Երեւանում խոշոր ու շքեղ տոնական միջոցառումներ են, երգ ու պար, զուռնա-դհոլ, տոնախմբություն: Այն ամենը, ինչ արվում է «Քաղաքի տոնի», անցյալ դարի 60-ականների վերջերից հաստատված ավանդական «Էրեբունի-Երեւան» տոնակատարության ժամանակ: Գուցե ավելի ճոխ, գուցե փոքր-ինչ համեստ: 
Տոնն ու տոնականը շատ է: Դրոշակներ, պաստառներ, սրտիկներով պլակատներ, երգ ու պար, արհեստների ու արհեստավորների վարպետության յուրօրինակ ցուցահանդես: Ամեն ինչ կա, միայն մի տեսակ ուրախությունն է կարծես քիչ: Չէ, չենք ասում, թե մարդիկ տոնակատարության անմիջական վայրերում մռայլ ու «ամպամած» են շրջում: Բայց մի տեսակ ընդհանուր մթնոլորտում ինչ-որ բան պակասում է: Ինչ-որ շատ կարեւոր բան: 
Կարելի է, իհարկե, քաղաքի ամեն մի անկյուն զարդարել պաստառներով, դրոշներով ու ծաղիկներով, կարելի է մի քիչ անսովոր ու, մարդկանց մի մասի կարծիքով, ինքնատիպ, թիթեռնիկ կամ գիրք ու դաշնամուր ծաղկաթմբերով ողողել մայրաքաղաքը: Կարելի է ամեն մի հրապարակում բացօթյա համերգ կազմակերպել: Ու էլի շատ ու շատ բաներ անել:
Բայց այդ բոլոր «կարելիների» շարքն ու դրսեւորումը լիարժեք իմաստավորվում է, երբ հիրավի տոնական տրամադրության մեջ են մարդիկ, երբ իսկապես սրտաբուխ, իրենց բակում սեղան են բացում եւ հարեւանների հետ տոնում սեփական մայրաքաղաքի ծնունդը: 
Եթե ավելի պարզ ասենք, ապա տեսեք, քաղաքի հայտնի շուկան, որ մի տեսակ խամրած-փոշոտված տեսք էր ստացել, շուշաթղթեցին, «պլպլացրին», ներսը քարուքանդ արեցին, մաքրեցին, հավաքեցին: Ու հիմա մաքուր-կոկիկ խանութ-վաճառատեղ է դարձել: Բայց սառն է: Միջի շունչն ու ոգին է չքացել: Ջերմություն չկա: Մենակ չոր հաշիվ առ ու տուրն է մնացել... 
Վերջիվերջո Երեւանը շենքերն ու փողոցները չեն սոսկ: Երեւանը ճարտարապետական կոթողներն ու նորակառույց, հիմնականում անճաշակ արկղաշենքերը չեն: Երեւանը ամենից առաջ մարդիկ են, մարդի՛կ ու մարդկային հարաբերությունները, այդ շփման, հաղորդակցության ու հարաբերությունների ընդհանուր մթնոլորտն է Երեւանը: Հենց այն, ինչը մեզ մի սրտմաշուկ ձեւով հետ է կանչում, երբ օտար երկրներ կամ անգամ հարազատ հողում մեկ այլ քաղաք ենք մեկնում: Հենց այն, ինչն ստիպում է, որ նույնիսկ Երեւանից ոչ մի տեղ չգնացած վիճակում Երեւանը կարոտես: 
Գուցե վիճելի, շատ վիճելի բան ենք ասում, բայց այսօրվա Երեւանին հենց այդ հարաբերությունների ջերմությունն է պակասում: Եթե կուզեք, մեր քաղաքում այսօր սերն է պակասում, սե՛րը: Հայտնի մի երգի բառերը փոքր-ինչ փոփոխելով՝ «առանց սիրո տոնը ցուրտ է»: Եվ ոչ միայն տոնը: 
Երեկ, օրինակ, շատ ուրախալի էր, որ ինտերնետ, ավելի ճիշտ՝ «ֆեյսբուք» մտնելուն պես գրեթե յուրաքանչյուր երկրորդը նախ՝ շնորհավորում էր մայրաքաղաքի տոնի առթիվ, իսկ յուրաքանչյուր հինգերորդը սեր էր խոստովանում Երեւանին: 
Շատ հաճելի էր դա տեսնել: Սիրտդ ներսից տաքանում է, երբ նման սիրո խոստովանությունների ես հանդիպում ու տեսնում, որ քո հարազատ քաղաքն այդքան շատ մարդ է սիրում ու քեզնից ոչ պակաս, գուցե ավելի հարազատ համարում: 
Այո, բայց ո՞ւր է այդ սերը Երեւանի ամենօրյա կյանքում, որի ընթացքից էլ գոյանում է հպարտանալու կամ պարծենալու առիթ տվող տարեդարձը: Ո՞ւր է այդ սերը: Որտե՞ղ է դրսեւորվում: 
Ոնց որ թե... այնքան էլ չի դրսեւորվում: Չկա: Գրեթե չկա: 
Ի՞նչ է քաղաքի հանդեպ սերը, եթե ոչ շրջակա միջավայրին, ամեն մի ծառ ու թփին խնամքով վերաբերվելը: Ինչպե՞ս պետք է դրսեւորվի քաղաքի հանդեպ սերը, եթե ոչ քաղաքացիների կենցաղի ու անցուդարձի հարմարավետ, մաքուր պայմաններով: 
Հասկացանք, ինչ-ինչ հաստաքսակավորներ էլ են սիրում քաղաքը, բայց այլասերված ընկալումներով: Իսկ մյուսնե՞րը: Չէ՞ որ այդ մենք կամ մեզանից շատերն են, որ կարող են առանց երկար-բարակ մտածելու, ձեռքի եղածը նետել մայթին, մի խոսքով՝ աղտոտել շրջակայքը: Չէ՞ որ կան մարդիկ, որ գիշերները բակերում աղմկելը անմեղ մի բան են համարում: Չէ՞ որ ինչ-որ մեկը գնում ու ջարդում-փշրում է հանրային տրանսպորտի կանգառի ապակիները, էլի ինչ-որ մի այլանդակություն անում: 
Միգուցե նրանք ընդհանրապես չեն սիրում ոչ մի բան ու ոչ մեկին, այդ թվում՝ քաղաքը, որտեղ ապրում ու հասակ են առնում կամ արդեն առել են: Բայց մյուսներս, որ հարմար առիթով սեր ենք խոստովանում՝ սրտանց, թե օրացույցին տուք տալով, ի՞նչ ենք անում: Քանիսի՞ ձեռքն ենք բռնել:
 Թե՞ արդեն դա էլ է սովորական մի բան դարձել ու առավելագույնը, ինչին ընդունակ ենք, մուննաթ գալն է, թե՝ թող թաղապետարանը մաքրի, թող քաղաքապետն զբաղվի: Հապա մե՞նք: Գուցե ամեն մեկս փորձենք Երեւանի «մեր բաժին» հանրային տարածքի քաղաքապե՞տը լինել: Այսինքն՝ տեր: 
Շատ ուրախալի է, գիտե՞ք, որ մի խումբ երիտասարդ ակտիվիստներ իրենց նախաձեռնություն-շարժումն անվանել են «Մենք ենք տերը քաղաքի»: Անկախ նրանից, թե նրանք ի՞նչ են անում, ի՞նչ հաջողություն կամ անհաջողություն ունեն, գաղափարն ու շեշտադրումը շատ ճիշտ են: Այո, ամեն մեկս ենք քաղաքի տերը: Եվ երբ դրա գիտակցումը տիրապետող դառնա, այն ժամանակ մի տեսակ աննկատ կունենանք բոլորովին այլ միջավայրով Երեւան: 
Ու միգուցե այն ժամանակ էլ մայրաքաղաքի տոնը ոչ թե քաղաքային իշխանության կազմակերպած միջոցառումների շարքով կնշանավորվի, այլ հիրավի համաժողովրդական տոնախմբությամբ, երբ երեւանյան ամեն մի բնակարանի, տան պատուհանից սեր, ժպիտ եւ ուրախություն կհորդա: Սեր եւ սրտացավություն՝ սեփակա՛ն քաղաքի հանդեպ: 
Ու այն ժամանակ, նույնիսկ ամենից աչքածակ կառուցապատողն ու ամենից անխիղճ ճարտարապետն անգամ ռիսկ չի անի թեկուզ մտքում ձեռք բարձրացնել Երեւանի նոսրացած հնությունների ու գեղեցիկ շինությունների վրա:

Աղբյուրը

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել