Այս երկանքը շուրջ հարյուրհիսուն տարեկան է: Այն գտնվում է Գորիսի շրջանի Վաղատուր գյուղում, տատիս թոնրատանը: Այս ահավոր ծանր երկանքը մեծ դժվարությամբ, երեք-չորս հոգով հանեցինք տատիս թոնրատնից և նկարելու նպատակով՝ հենեցինք պատին: Գյուղական տներում երկանքն առաջին անհրաժեշտ իրն էր, որ պետք է ունենար ամեն ընտանիք: Այն տունը տուն չէր, թե երկանք չունենար, ավելին. հարուստ էր համարվում այն տունը, որն ունենում էր ոչ միայն երկանք, այլև՝ մեկ կամ երկու բանող անասուն՝ ավանակ, ձի… Պատահում էր, աղջիկն ամուսնանալիս՝ իբրև օժիտ իր հետ նաև երկանք կամ որևէ բանող անասուն էր բերում: Նման դեպքերում ոչ միայն հարսի հարգն էր բարձրանում, նաև՝ այդ տունը համարվում էր տաք, շեն օջախ:
Այս բազմաչարչար երկանքի պատմությունը մի քիչ հեռվից է գալիս. ասում են, որ երբ տատս ծնվել է /իսկ նա չորորդ աղջիկն էր եղել/, նրա հայրը կնոջն ասել է. ,,Անուշ, մի ուտող բերան էլ ավելացավ տանը, ես գնամ մի նոր արկանք էլ քաշել տամ…,: Այն ժամանակ հայ ավանդական ընտանիքներում աղջկան հենց այդպես էլ համարել են՝ ուտող բերան, իսկ տղային՝ դալար կուռ…
Տատս Խնածախից հարևան՝ Վաղատուր գյուղ հարս գալով, որպես ,,ղսմաթ,, , այս երկանքն իր հետ օժիտ էր բերել…Պատմում էր, որ երբ իր հայրը փորձել է երկանքը բարձել ավանակին, խեղճ կենդանին տեղում իսկույն նստել է…Ստիպված՝ հայրն է շալակած բերել մինչև Վաղատուր՝ խղճալով ,,անլուզու հայվանին,,…
Հայրս պատմում էր, որ Շուշիի մանկավարժական ուսումնարանում սովորելու տարիներին, ինքը ոտքով էր գնում այդ երկար, խորդուբորդ, վտանգներով լի ճանապարհը, քանի որ տան միակ ունեցած էշը կաևոր գործերով՝ միշտ հանդում էր լինում: Տատս երկու բոքոն հաց՝ երկու օրվա համար, դնում էր հորս ծոցում, խաչակնքում տասերկու տարեկան որդուն և ճամփում…Շատ հաճախ, երբ հորդառատ անձրևներից վարարում էր Զաբուղը, հայրս ժամերով կանգնում-սպասում էր ձիավորի, որպեսզի վերջինս գոնե թույլ տա բռնելու ձիու պոչը և անցնելու վարարած, ափերից ելած գետը:
Այդ տարիներին ձիավորները հիմնականում մաուզերներով և ,,այնալու թվանքով,, զինված թուրքեր էին լինում և պատահել է՝ թուրք ձիավորը նկատելով պատանի հորս, մաուզերը շխշխկացնելով, քաշել է, որ կրակի-սպանի տասերկու տարեկան տղային, բայց հայրս մառախուղի, տեղատարափի մեջ ,,ծտի պես,, թռել-փախել է, թաքնվել Քաշաթաղի քարերի, թփերի արանքում…Թուրք ձիավորը էլ չի կարողացել հետապնդել, ձին քշել-անցել է Զաբուղը:
Ոնց է պատահել՝ մի ողջ տարի պապս Շուշիում պատ շարելիս է եղել: Հորս հետ ոտքով տունդարձի ճանապարհին, գետը դարձյալ վարարել էր: Սկսվել էր տեղատարափ անձրև, երկինքը որոտ-կայծակից դղրդում էր: Գետը փրփրել- քանդել էր հունը, հասել մինչև ամենաբարձր ժայռաքարերի կատարները և ջրվեժների պես թափվում էր նրանցից:
Պապս ու հայրս կանգնել-սպասել են ձիավորի: Որոշ ժամանակ անց, հայտնված թուրք ձիավորը տեսնելով հեղեղի տակ կանգնած մարդկանց, ձին պահել և առանց ժամանակ կորցնելու, հորս նստեցրել է կողքին, մի ձեռքով ամուր գրկել նրան, իսկ պապիս թույլ տվել բռնելու ձիու պոչից: Պապս մտածել է, որ բարի թուրքի են հանդիպել…Բայց գետը դեռ չանցած, ուղիղ սելավի մեջտեղում թուրքը պահել է ձին, հորս բարձրացրել ձեռքերի վրա և փորձել նետել կատաղի ջրերի մեջ: ,,Կամ ինչ աշխատել ես Շուշիում՝ տուր, կամ՝ գյավուրին ջուրն եմ գցում,,,-ասել է նա: Թուրք ավազակները հրաշալի գիտեին, որ այդ տարիներին հայաբնակ վայրերից շատ հայեր էին գնում Շուշի՝ կառուցելու և փող աշխատելու…
Պապս առանց վայրկյան իսկ երկմտելու, ձիու պոչը բաց չթողնելով, ծոցից հանել է մի ողջ տարվա վաստակը՝ ոսկե փողերի պինդ կապած քսակը և հեղեղի ու քշող սելավի միջից նետել թուրքին, հետն էլ աղեկտուր-ողբացող ձայնով թուրքերեն ասել. ,,Ա քյոփօղլի, էդպիսի բան չանես, գլխիդ ղուրբան…քյորփաս ուսումնական ա, մեղք չառնես վիզդ… տասը ,,քիրվա,, ունեմ Լաչինում…Ա քո տունդ քանդվի, դու մարդ չե՞ս …,,:
Հայրս ամեն անգամ պատմելիս՝ արտասվելու չափ հուզվում էր՝ մինչև հոգուս խորքը հուզելով նաև ինձ: Նա ասում էր, որ պապիս ողբացող ձայնը դեռ մինչ հիմա էլ հնչում է իր ականջներում…
Փոքր ինչ շեղվելով թեմայից, իրականում ուզում էի ասել, որ այս բազմավաստակ երկանքը, այս սովորական թվացող քարե գործիքն ինչպիսի~պատմություններ, հուշեր ու ճակատագրեր է պահում իր մեջ... Ինչպիսի՜ հերոսականությամբ է Վաղատուր ,,հարսնության,, գնացած այս իրը տասնամյակներ շարունակ կերակրել, սնել ու պահպանել մի մեծ գերդաստան,… ինչպե՜ս է տատս նրա շնորհիվ վառ պահել իր օջախի ծուխը, նրա աղացած ցորենով լավաշ հաց ու բոքոններ թխել, դրել իր չորս զավակների ծոցներում, ճամփել՝ սովորելու, իսկ ավելի ուշ՝ Հայրենական պատերազմ, որտեղից երկուսը վերադարձել են ծանր վիրավոր և մեդալներով, իսկ իրավաբանականում սովորող մեծ հորեղբայրս՝ Սմբատը, այդպես էլ չի վերադարձել…և իր վերջնական հանգրվանն է գտել Սարատովի եղբայրական գերեզմանում…
………………………………………………………………………………
…Ասեմ, որ շուրջ երեք և կես տասնամյակ չօգտագործված երկանքն առաջին անգամ տեղաշարժելուց, որքան էլ տարօրինակ թվա, ես ցորենի ու նրա ալրափոշու տամուկ-տխուր հոտն առա, տատիս զանգեզուրյան տարազի, կարմիր հալավի ու գոգնոցի, նկուղի, գետնի վրա փռած ,,մեզարի,, վրա անվերջանալիորեն շարված հացի խմորի համաչա~փ կլոր-սպիտակ գնդերի հոտը…երբ ամառային արձակուրդներին գյուղ գնացած փոքրիկ աղջնակիս ուղարկում էին գնդերի հետևից… և թոնիրը թե՜ժ էր…
2000թ. /հատված, տպագրվել է ,,Հայ ընտանիք,, ամսագրում/







