«Հայաստանը երբեք, նույնիսկ՝ սեպտեմբերի 3-ից առաջ, չի պատրաստվել Վիլնյուսում ստորագրել Ասոցացման համաձայնագիրը»,– մեր թղթակցի հետ զրույցում ասել է Բրյուսելի «Եվրոպական քաղաքականության կենտրոնի» վերլուծաբան Ամանդա Փոլը՝ անդրադառնալով ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի վերջին ելույթին և հիշեցնելով, որ խոսքը միայն նախաստորագրման մասին է եղել։ Նա ընդգծել է, որ Խորը և համապարփակ ազատ առևտրի համաձայնագիրը (ԽՀԱԱՀ) բավական միաձուլված է Ասոցացման պայմանագրին, և ԵՄ-ի ու Հայաստանի միջև նոր փաստաթուղթ կազմելու համար անհրաժեշտ է այն կրկին շարադրել, ինչը երկար ժամանակ է պահանջում։ «Ասոցացման համաձայնագրի նպատակը ԵՄ-ի հետ քաղաքական ասոցիացումը խորացնելը և Հայաստանում եվրոպական արժեքների արմատավորմանն աջակցելն է։

Առանց ԽՀԱԱՀ-ի՝ պայմանագրում մնում է ևս երկու գլուխ՝ համագործակցություն ԵՄ-ի հետ՝ 1) ընդհանուր արտաքին քաղաքականության և անվտանգության, և 2) արդարադատության և ներքին գործերի հարցերում, և կա ևս մի գլուխ, որը ենթադրում է ոլորտային համագործակցություն, բայց ԽՀԱԱՀ-ն հանելով՝ համագործակցությունը զգալիորեն թուլանում է։ Եթե Հայաստանն ուզում է շարունակել ստանալ ԵՄ-ի ֆինանսական աջակցությունը և վիզաների ազատականացումը, ապա պետք է իրականացնի ԵՄ-ի պահանջած բարեփոխումները,– նշել է Ամանդա Փոլը ավելացնելով, որ, այդուհանդերձ, Հայաստանը շարունակում է մնալ Եվրոպայի հետաքրքրության դաշտում,– Հայաստանը շարունակում է հետաքրքրել ԵՄ-ին, և ԵՄ-ն ամեն ինչ կանի Երևանի հետ հարաբերությունները զարգացնելու և դրանք առավել արդյունավետ դարձնելու համար» 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել