Doctors.am-ը գրում է.
Մայամիի բժիշկներն ուսումնասիրել են իրենց պրակտիկայում նախադեպը չունեցող դեպք: Քաղաքի կլինիկաներից մեկն է այցելել 29-ամյա մի կին, ով կորցրել էր բառեր լսելու ունակությունը, սակայն կարողանում էր լսել ձայներ:
Երիտասարդ ամերիկուհու մոտ հայտնաբերվել էր ՄԻԱՎ: ՄԻԱՎ-ի ախտանշանների դեմ պայքարելու համար հակառետրովիրուսային թերապիա սկսելուց երկու ամիս անց կնոջ մոտ առաջացել են սուր գլխացավեր, և նա սկսել է հետզհետե կորցնել լսողությունը: Որոշ ժամանակ անց նա արդեն չէր ընկալում մարդկանց խոսքերը բանկում, որտեղ ինքն աշխատում էր: Ընդ որում, նա շփվում էր առանց որևէ խնդիրների, կարողանում էր կարդալ և շատ լավ լսում էր խոսքի հետ կապ չունեցող տարբեր ձայներ, օրինակ՝ դռան զանգը կամ երաժշտություն:
Բժիշկ Աշոկ Վերման, ում այցելել է այս կինը, խոստովանել է, որ իր 22-ամյա բժշկական պրակտիկայում առաջին անգամ է բախվել նման հիվանդության: Հիվանդը մագնիսառեզոնանսային տոմոգրաֆիա է անցել, այնուհետև նրա գլխուղեղի հյուսվածքից բիոպսիա է վերցվել: Արդյունքում հաստատվել է, որ նա ունի գլխուղեղի երկու կիսագնդերի բորբոքում:
Հիվանդության պատճառները, ամենայն հավանականությամբ, երկուսն են՝ ՄԻԱՎ-էնցեֆալիտը, որը հաճախ է հանդիպում ՄԻԱՎ-վարակակիրների մոտ, և իմունիտետի վերականգնման բորբոքային համախտանիշը: ՄՌՏ հետազոտությունը ցույց է տվել նաև այն, որ բորբոքումը տարածվել էր այսպես կոչված Վերնիկեի շրջանում, որը պատասխանատու է բանավոր խոսքի ընկալման համար:
Հիվանդն անցել է հինգօրյա բուժում ստերոիդների միջոցով, ինչի շնորհիվ նրա լսողությունը աստիճանաբար սկսել է վերականգնվել: Երկու շաբաթ անց նա արդեն կարողանում էր լավ լսել և դուրս գրվեց հիվանդանոցից:
Բժիշկ Վերման եկել է այն եզրահանգման, որ խլության հազվադեպ հանդիպող այս տեսակը առաջացել է հակառետրովիրուսային թերապիայի հետևանքով, քանի որ ՄԻԱՎ-ը նման խանգարումների չի հանգեցնում: