Aysor.am-ը գրում է.

Հանրային խորհրդը «Զվարթնոց» օդանավակայանի հին ուղևորային համալիրի (կլոր շենք) հետագա ճակատագիրը և «Փաստաբանների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և «Պետական տուրքի մասին ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերը քննարկելու համար փոքր խորհրդի նիստ է անցկացրել, որը վարել է ՀԽ նախագահ Վազգեն Մանուկյանը: «Զվարթնոց» օդանավակայանի հին շենքի ճակատագրի վերաբերյալ քննարկմանը մասնակցել են նաև Հանրային խորհրդի այն ենթահանձնաժողովների նախագահներն ու ներկայացուցիչները, որտեղ արդեն քննարկվել է հարցը:

Ենթահանձնաժողովների նախագահները հայտնել են, որ հարցի վերաբերյալ բուռն քննարկումներն են տեղի ունեցել` մասնագետների և զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչների մասնակցությամբ: Ընդգծվել է շենքի ճարտարապետական և մշակութային բարձր արժեքը, բացասական կարծիք է հնչել այն պատմամշակութային հուշարձանների ցանկից հանելու փաստի վերաբերյալ և առաջարկ ներկայացվել դիմել մշակույթի նախարարություն շենքն այդ ցանկում կրկին ներառելու նպատակով: Ենթահանձնաժողովները բացասական կարծիք են հայտնել շենքը քանդելու վերաբերյալ՝ միաժամանակ ներկայացնելով մի շարք առաջարկներ շենքի ամրացման և դրա օգտագործման հետ կապված: Հետագա քննարկումներն առավել խորությամբ իրականացնելու համար Հանրային խորհրդին անհրաժեշտ են նաև ուսումնասիրել հարցին առնչվող բոլոր փաստաթղթերը և լսել «Արմենիա միջազգային օդանավակայաններ» ընկերության առաջարկներն ու հիմնավորումները, որից հետո հարցը վերջնականորեն կդրվի քննարկման Հանրային խորհրդի լիագումար նիստին և կկայացվի որոշում:

Հիշեցնենք, որ Հայաստանի քաղավիացիայի գլխավոր վարչությունը վերջերս դիմել էր Հանրային խորհուրդ` տեղեկացնելով, որ ՀՀ կառավարությունն ու «Զվարթնոց» օդանավակայանի կառավարիչ «Արմենիա միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ-ն քննարկում են օդանավակայանի առաջիկա 5 տարիների զարգացման խնդիրները, որի շրջանակներում անհրաժեշտություն է առաջացել վերջնական գնահատական տալու հին ուղևորային համալիրի հետագա պահպանման կամ քանդման խնդրին:

Քաղավիացիայի վարչության կողմից Հանրային խորհրդին առաջարկվել էր համատեղ քննարկել հարցը, որպեսզի մինչև վերջնական որոշում կայացնելը հասկանալի լինեն այն գնահատականներն ու մոտեցումները, որոնք առկա են համալիրի նկատմամբ հանրության և ոլորտի մասնագետների կողմից:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել