Տևական ժամանակ է, ինչ քաղաքացիները մեզ բողոքում են, իսկ հանրությունը վրդովված է, որ մի շարք անձինք Կոմայգում պարբերաբար զբաղվում են պոռնկությամբ, ինչպես նաև ունենում սեռական հարաբերություններ հենց մանկական այգու տարածքում:
Նման այլասերվածությունը անհրաժեշտ է վերացնել, քանի որ այն ոչ միայն անբարոյական է, այլև անօրինական: Այսպես, պոռնկությամբ զբաղվելու համար պատասխանատվություն է նախատեսվում Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 1791-րդ հոդվածով: Հասարակական վայրում սեռական հարաբերություններ ունենալը կարող է որակվել որպես խուլիգանություն՝ Քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի համապատասխան:
Երևանի քաղաքապետը իր գրությամբ մեզ հայտնել է, որ դրանով պետք է զբաղվի Ոստիկանությունը: Ոստիկանությունն էլ այս հարցում անգործության է մատնված, քանի որ ըստ իրենց պաշտոնական պարզաբանման «պոռնկությամբ զբաղվելու կամ սեռական հարաբերություններ ունենալու վերաբերյալ ահազանգեր չեն ստացվել»:
Չենք կարող համաձայնել Ոստիկանության դիրքորոշման հետ, քանի որ Ոստիկանությունն իրավասու է քրեական գործ հարուցել լրատվամիջոցից հանցագործությունների մասին հաղորդումներ ստանալիս: Խնդրի վերաբերյալ Ոստիկանությանը ներկայացրել ենք նշված այլասերվածությունների մասին վկայող մի շարք հրապարակումներ (այդ թվում՝ հղում 1, հղում 2, հղում 3 ): Ըստ Ոստիկանության՝ «ներկայացված հրապարակումներում քրեական օրենսգրքով նախատեսված որևէ արարքի ակնհայտ հատկանիշներ չեն մատնանշվում»: Մեզ համար ակնհայտ է հակառակը: Բացի այդ, Ոստիկանությունը Երևանի այլ վայրերից պարբերաբար բերման է ենթարկում բազմաթիվ մարմնավաճառների՝ պոռնկությամբ զբաղվելու կասկածանքով (օրինակ՝ police.am/news/view/միջոցառումները-շարունակական-բնույթ-են-կրելու.html): Երկակի ստանդարտների ակնհայտ կիրառմամբ Կոմայգում նման օպերատիվ միջոցառումներ չեն իրականացվում:
Կոմայգում այլասերվածության վերացումը հնարավոր է, եթե Երևանի Քաղաքապետարանը ցանկապատի այգին և փակի այգու մուտքը գիշերային ժամերին (ինչպես օրինակ` Սիրահարների այգում), ինչպես նաև այդ ժամանակահատվածում ուժեղացնի լուսավորումը այգու շրջակայքում: Առավել ևս նման արատավոր երևույթները կվերանան, եթե Ոստիկանությունն ակտիվ գործողություններ ձեռնարկի նշված իրավախախտումների կանխարգելման և բացահայատման ուղղությամբ:
Մեր առաջարկները հիմնված են Եվրոպական լավագույն փորձի և արժեքների վրա: Այսպես, դեռևս 1910 թվականին Լոնդոնում փակեցին Թաուեր կամրջի ենթակառուցվածքների մեծ մասը՝ այնտեղ մարմնավաճառների անօրինական գործունեությանը վերջ դնելու նպատակով: Փարիզում այսօր էլ երեկոյան ժամերին փակվում է Տյուիլրիի այգու մուտքը: Մարդու իրավունքների Եվրոպական կոնվենցիան հավասարապես պաշտպանում է թե´ մարդու ազատությունները և թե´ հանրության բարոյականությունը:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/karen.andreasyan.925/posts/255646274583857?ref=notif¬if_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել