Ժամը 17։15-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Մարտունու բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Ներքին Գետաշեն բնակավայրում գտնվող Արգիճի գետում երեխա է ջրահեղձ եղել։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել ոստիկանության Մարտունու բաժնի հերթապահ խումբը՝ բաժնի պետ Ստեփան Հակոբյանի գլխավորությամբ։
Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Գեղարքունիքի մարզի գումարտակի 2-րդ վաշտի 2-րդ դասակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Աղասի Խաչատրյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Իգոր Ղազարյանի, գումարտակի ծառայության ավագ տեսուչ Ներսիկ Գրիգորյանի, վաշտի հրամանատար, օրվա պատասխանատու Արթուր Եղիազարյանի և դասակի հրամանատար Գրիշա Գաբրիելյանի գլխավորությամբ։
Տեղում պարզվել է, որ ստացված օպերատիվ տեղեկությունը հավաստի է, և նշված գետում Գեղարքունիքի մարզի բնակիչ 17-ամյա Աշոտ Ա.-ն իր 2 ընկերների հետ լողալիս է եղել։ Ընկերները կարողացել են դուրս գալ, իսկ նա, ըստ նրանց հայտնածի, ջրահեղձ է եղել։
Տարածքը սահմանազատել են պարեկներ Հովսեփ Սիմոնյանն ու Սմբատ Ալավերդյանը։
Դեպքի վայր են ժամանել նաև ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայության Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության հատուկ ջրափրկարարական ջոկատի 2 ջրասուզակներ՝ ջոկատի հրամանատար Վահան Միքայելյանի գլխավորությամբ։
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ ջրասուզակները որոնողական աշխատանքների արդյունքում հայտնաբերել են ջրահեղձ եղած տղայի մարմինը և դուրս բերել ափ։
Դեպքի մասին ոստիկանության Մարտունու բաժնից տեղեկությունը փոխանցվել է ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Մարտունու քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ վարչության պետ Սարգիս Մարգարյանի, վարչության պետի տեղակալներ Արման Հովհաննիսյանի, Արթուր Ավագյանի և օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ։
Դեպքի փաստով Մարտունու քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ պարզվում են մահացածի և նրա հետ գետում լողացող ընկերների ամբողջական տվյալները։
© https://shamshyan.com/hy/article/2026/06/21/1307718
Նյութի աղբյուր՝ https://shamshyan.com/hy/article/2026/06/21/1307718
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



