1in.am-ը գրում է.

ԱՄՆ-ում բյուջետային ճգնաժամը սպառնում է նաև Պետդեպարտամենտին, որի աշխատակիցները առաջիկայում կարող են չվճարվող արձակուրդի գնալ: Գումարի պակասի պատճառով ամբողջ աշխարհում ԱՄՆ դեսպանատները պատրաստվում են աշխատել կրճատված անձնակազմով:

Պետդեպարտամենտն արդեն անցել է տնտեսման ռեժիմի: Kommersant.ru-ն հաղորդում է, որ Մոսկվայում գտնվող ԱՄՆ դեսպանատունը գործում է համաձայն «Բյուջետային ֆինանսավորման ժամանակավոր բացակայության ղեկավարման» կենտրոնից ստացված փաստաթղթի: Սեպտեմբերի 27-ին ստացված այս փաստաթուղթը բաղկացած է 2 մասից՝ ցուցումներ, երբ դեռևս գումար կա, և ցուցումներ, երբ գումարներն արդեն վերջացել են:

Համաձայն ղեկավարման կենտրոնից ստացված գործող պլանի Ա կետի՝ ամերիկյան դիվանագետների ճնշող մեծամասնությունը մնում է իրենց տեղում: Սակայն նրանց արգելվում է գնել նոր սարքավորումներ և վճարել հավելյալ ծառայությունների համար: Դիվանագետները չպետք է նաև նոր գործուղումներ ծրագրեն՝ բացառությամբ նախապես նախատեսվածների:

Համաձայն Բ կետի՝ արձակուրդի պետք է գնան Պետդեպի բոլոր աշխատակիցները՝ բացի նրանցից, ովքեր «բացառիկ գործառույթներ են իրականացնում»: Վերջիններիս ցուցակը կազմում է դեսպանը: Ինքնակամ աշխատանքի դուրս գալը կամ տնից աշխատելը արգելված է:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել