1in.am-ը գրում է.

«Ամերիկայի ձայն»-ի փոխանցմամբ՝ Թուրքիայում հայազգի լրագրող Հրանտ Դինքի սպանության գործով անցնող Էրհան Թունջելի փաստաբանը պնդում է, թե իր պաշտպանյալն անմեղ է:

«Հուրիեթ» պարբերականը տեղեկացրել է, որ Թունջելի փաստաբան Էրդողան Սորուքլուն հայտնել է, թե իր պաշտպանյալը գտնվում է Թուրքիայում՝ անհայտ վայրում, որտեղից աշխատում է իր դատական պաշտպանությունը ապահովելու վրա, և որ իշխանություններին հանձնվելու մասին որոշում ընդունելը լիովին կախված է Թունջելից:

Էրհան Թունջելը, որին կասկածում են հայազգի լրագրողի սպանությունը հրահրելու մեջ, Հրանտ Դինքի սպանությունից առաջ որպես իրազեկիչ համագործակցում էր Տրապիզոնի ոստիկանության հետ: Դատարանը Թունջելի ձերբակալության մասին հրամանագիր էր արձակել Հրանտ Դինքի սպանության գործի վերաքննություն իրականացնելու մասին որոշումը կայացնելուց հետո: 

«Թունջելը Թուրքիայում է, աշխատում է իր դատական պաշտպանության մանրամասների վրա: Նա է զանգում իմ հեռախոսին, ես չեմ կարող զանգահարել նրան, քանի որ չգիտեմ, թե որտեղ է»,- ասել է Թունջելի փաստաբանը:

Փաստաբանի խոսքով՝ քիչ է հավանականությունը, որ Հրանտ Դինքի սպանության գործով անցնող իր պաշտպանյալը երկարատև ազատազրկման դատապարտվի: Թունջելին երկարաժամկետ բանտարկության դատապարտելու դեպքում, ըստ փաստաբանի, նախատեսվում է դիմել Մարդու իրավունքների եվրոպական դատարան, քանի որ այդ դեպքում «կոտնահարվեն իր պաշտպանյալի՝ Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայից բխող իրավունքները»:

Հիշեցնենք, որ Ստամբուլում անցյալ ամսվա կեսերին մեկնարկել էր հայազգի Հրանտ Դինքի սպանության գործի վերանայումը:

Հրանտ Դինքի սպանության գործի վերաքննության կարգադրությունն արձակվել էր Թուրքիայի վերաքննիչ դատարանի կողմից, որը չեղյալ է հայտարարել այս գործի վերաբերյալ ավելի վաղ կայացված որոշումը, որի համաձայն՝ Դինքին սպանողը գործել էր մենակ:

Թուրքիայի վերաքննիչ դատարանի կողմից կայացված որոշման համաձայն՝ դատարանի առջև բերված ութ ամբաստանյալները մասնակցել են հանցավոր դավադրության:

Հրանտ Դինքի ընտանիքի անդամները և նրանց աջակիցները, սակայն, հերքել էին դատական գործի վերանայման համար ընդունված հիմքը՝ պնդելով, որ լրագրողի սպանության մեջ ներառված է պետական ամբողջ ապարատը, և որ Հրանտ Դինքի սպանությունը ահաբեկչական դավադրություն է:

Հրանտ Դինքի սպանությունն իրականացրած Օգյուն Սամասթը, որը սպանության ժամանակ 17 տարեկան էր, 2011 թվականին դեռահասների դատարանի կողմից դատապարտվել էր 23 տարվա ազատազրկման: Մարդասպանը հայազգի լրագրողի սպանության գործով սեպտեմբերի 17-ին անցկացված դատավարության ժամանակ հերքել էր քրեական որևէ կազմակերպությանն անդամակցելու մեղադրանքները:

Հրանտ Դինքի սպանության գործով անցնող Յասին Հայալն անցյալ տարի դատապարտվել էր ցմահ բանտարկության՝ սպանությունը հրահրելու մեղադրանքով:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել