Lragir.am-ը գրում է.
Aravot.am-ի հետ զրույցում «Երեւան-տրանս» ընկերության տնօրեն Միսակ Համբարձումյանն ասել է, որ 24 երթուղիների համար մրցույթին հայտեր ներկայացված չեն: Aravot.am-ի հարցին, թե ի՞նչն է պատճառը, որ տնտեսվարողները հրաժարվում են, պարոն Համբարձումյանն ասաց. «Ձեռնտու չէ, բա մարդիկ էդքան բողոքում են, ոչ ոք չի հավատում: 7-8 տարի առաջ ձեռնտու էր, հիմա` ոչ»:
Նա նկատի է ունեցել տրանսպորտի գնի հարցը: Այսինքն, եթե ուղեվարձը չի թանկանում, ոչ ոք այդ պայմաններում չի ցանկանում երթուղիներ շահագործել: Մինչ այդ, Երեւանի քաղաքապետարանը հավաքել էր տնտեսվարողներին, որոնք պահանջել էին թանկացնել ուղեվարձը: Դրանից հետո ստեղծվել է հանձնաժողով, որը պետք է քննարկի հարցը:
Միսակ Համբարձումյանն այն երկու պաշտոնյաներից մեկն է, որի հրաժարականն են պահանջում քաղաքապետարանի մոտ նստացույց անող քաղաքացիները: Մյուսը Քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետ Հենրիկ Նավասարդյանն է: Հանրությունը բացահայտել է նրանց անօրինական գործունեությունը, հրապարակել փաստեր, որոնք հիմք են ոչ միայն պաշտոնանկության, այլեւ իրավապահների ուսումնասիրության համար:
Նրանք մինչ այժմ պաշտոնավարում են: Ավելին, նկատելի է, որ այս երկու պաշտոնյաները քաղաքապետ Տարոն Մարգարյանի գլխավորությամբ, որը նույնպես շահեր ունի այս ոլորտում, ակնհայտորեն անցել են սաբոտաժի մարտավարությանը: Երեւանցիները նկատել են, որ տրանսպորտի ուղեվարձի բարձրացման մասին որոշումը կասեցնելուց հետո, Երեւանում վատթարացել է տրանսպորտի աշխատանքը: Պակասել է երթուղայինների թիվը, առանձին գծեր վերացել են: Ընդ որում, վիճակը գնալով վատանում է: Երեւանում իսկական տրանսպորտային կոլապս է:
Ստացվում է, որ ուղեվարձը թանկացնելու համար Երեւանի քաղաքապետն անցել է սաբոտաժի: Որովհետեւ, դժվար թե գտնվեն տնտեսվարողներ, ովքեր «կամավոր» հրաժարվեին երթուղիներ շահագործելուց, որը Երեւանում եկամտաբեր ոլորտ է, նույն 100 դրամ ուղեվարձի պայմաններում:
Երեւանի տրանսպորտը փաստացի կաթվածահար են անում, որպեսզի ցույց տան, որ այլ ելք չկա, թանկացումից բացի: Որպեսզի մարդիկ ստիպված համակերպվեն թանկացմանը:
Սաբոտաժը, ինչպես հայտնի է, համարվում է պետական հանցագործություն:



