Մանկատան ֆուտբոլիստուհիները վերանորոգված մարզադաշտի կարիք ունեն 
«Ֆուտբոլասերների «Տրիբունա» ակումբ» ՀԿ-ի նախաձեռնությամբ 2004թ-ից վեր իրականացվում են ներմարզային ֆուտբոլային բազմաթիվ առաջնություններ: 2013թ-ի հուլիս ամսից Գյումրու Նանսենի անվան «Հույս» մանկատան սաների մասնակցությամբ եւ ՀԿ-ի ներկայացուցիչներ Սենիկ Առաքելյանի եւ Հաբեթ Հարությունյանի ջանքերով, իրականացվում են մինչեւ 15 տարեկան մոտ 18 աղջիկների ֆուտբոլային մարզումներ:Սեփական նախաձեռնությամբ հանդես եկող երիտասարդ մարզիչները փորձել են ինչ-որ չափով ժամանցային միջավայր ստեղծել մանկատան սաների համար: Ֆուտբոլային պարագաները տրամադրում է կազմակերպությունը, որ ձեռք է բերել կամավորների եւ խորհրդի անդամների անձնական միջոցներով:
ՀՀ ֆուտբոլի աղջիկների հավաքականն այս պահին նոր կազմավորման փուլում է, եւ պատրաստվում է 2015 թվականի ընտրական փուլի խաղերին: Աղջիկների հավաքականի հետ կապված հեռահար նպատակներ հետապնդող երիտասարդ մարզիչները, առաջնահերթ շեշտադրումը դրել են մանկատան սաների ժամանցի կազմակերպման եւ առողջ ապրելակերպի վրա:

Գյումրիում առաջին քայլերը ձեռնարկվել են մանկատան սաների մասնակցությամբ, սակայն մանկատան սպորտհրապարակում կազմակերպվող մարզումները լիարժեք չեն ընթանում՝ զուտ պայմանների բացակայության պատճառով: Այս պահին մարզումներն անց են կացվում դարպասների եւ խոսածածկի բացակայության պայմաններում:
Քանի որ պայմանները բավարար չեն նույնիսկ բացօթյա պարապմունքների համար, իսկ առջեւում ձմեռ է, մարզիչները սեփական կապերի միջոցով ջանքեր են գործադրում, որպեսզի մարզումները փակ դահլիճներում անցկացնեն եւ ուսումնական մասը չդադարի: Նպատակը դեկտեմբեր ամսին պլանավորված մինի ֆուտբոլի մրցաշարին հավուր պատշաճի ներկայանալն է:
Գյումրու պայմաններում կարծրատիպերի հաղթահարման ճանապարհին, ինչպես նաեւ հատկապես աղջիկների ֆիզիկական դաստիարակության ուղղությամբ մտահոգվող մարզիչները ակնկալում են ցանկացած աջակցություն, որը կծառայի մանկատան մարզադաշտի բարեկարգման աշխատանքների իրականացման համար: Քանի որ այդ մարզադաշտը հետագայում կարող է ծառայել նաեւ այլ սերունդներին եւ այլ մարզաձեւերի զարգացմանը:

 Մանկատան երեխաների դաստիարակչական մասով մտահոգված մարզիչ Սենիկ Առաքելյանը նշում է, որ երեխաները շատ բաներից են զրկված, կարիք ունեն շփման, ժամանցային տարբեր ծրագրերի, ինչպես նաեւ հետագայում այս սպորտաձեւը կարող է իրենց համար կյանքի ուղենիշ դառնալ:
Արսեն Վարդանյան

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել