Panorama.am-ը գրում է.
ՀՀ Քրեական դատավարության մասին նոր մշակված օրենսգիրքը, որն արդեն ներկայացվել է Ազգային ժողովի դատին, մարդու իրավունքի պաշտպանների, մասնավորապես, փաստաբանական համայնքի և ՄԻՊ աշխատակազմի կողմից սվիններով է ընդունվել: Նրանք հատկապես մտահոգիչ են համարում մեղադրյալի ցուցմունքների դեպոնացման ինստիտուտի ներդրումը, որով մտավախություն կա վերադառնալ Վիշինսկու մեթոդներին, երբ ցուցմունքը մեղադրյալից կորզվում էր ծեծի միջոցով:
Իրավաբանական գիտությունների դոկտոր, ՀՀ Գլխավոր դատախազության իրավական ապահովման և եվրաինտեգրման բաժնի պետ Արթուր Ղամբարյանը նույնպես դեմ է մեղադրյալների ցուցմունքների դեպոնացման ինստիտուտին: Նա ասում է, որ համեմատություններ է անցկացրել և պարզել է, որ նման ինստիտուտ որևէ երկրում գոյություն չունի: Ի դեպ, Արթուր Ղամբարյանը Քրեական դատավարության նոր օրենսգրքի մշակման համար ստեղծված հանձնաժողովում ՀՀ գլխավոր դատախազության ներկայացուցիչն է եղել:
Ներկայացնում ենք Panorama.am-ի հարցազրույցը Ղամբարյանի հետ
-Քրեական դատավարության նոր օրենսգիրք է մշակվել ու այժմ ներկայացված է Ազգային ժողով: Ձեր տեսակետը, խնդրում եմ, ինչպիսի՞ նախագիծ է ներկայացվել խորհրդարանի դատին:
-Քրեական դատավարության օրենսգիրքը մշակվում էր դեռևս 2006 թվականից: Քրեական դատավարության օրենսգրքի վերջին տարբերակի մասին իմ մոտեցումը հետևյալն է՝ սա այն բացառիկ օրենսգրքերից է, որը հիմնավորված է գիտականորեն: Ամենակարևոր հանգամանքն այն է, որ օրենսգրքի նախագծի ցանկացած դրույթի մեջ կարող ես տեսնել տրամաբանություն: Օրինակ` քրեական դատավարության հանրային մասնակիցների գործառույթները տարանջատվում են. եթե գործող քրեական դատավարության օրենսգիրքը առաջացնում է բազմաթիվ խնդիրներ դատախազ-քննիչ ֆունկցիաների կտրվածքով, ապա նախագծում կարմիր թելի պես հստակ տարանջատված են բոլոր գործառույթները, ինչը, բնականաբար, կկանխի հետագայում գերատեսչությունների միջև որևէ հակասություն կամ իրավակիրառ պրակտիկայում առաջացած որևէ խնդիր: Այս առումով իմ գնահատականը ընդհանուր օրենսգրքի վերաբերյալ հետևյալն է` գիտականորեն հիմնավորված, տրամաբանորեն կառուցված օրենսգիրք է, որը կլուծի մեր իրավակիրառ պրակտիկայում ծագած մի շարք հարցադրումներ: Մյուս կողմից օրենսգրքի խնդիրն այն է, որ ձևակերպված է գիտականորեն. այլ բան է գիտականորեն հիմնավորված օրենսգիրք, այլ բան է ոճի տեսանկյունից գիտականորեն ձևակերպված լինելը: Մի քանի փորձարկումներ եմ արել իմ գործընկերների հետ, և նրանք բավականին դժվարությամբ են ընկալում նորմերի բովանդակությունը: Ես հասկանում եմ, քանի որ նախագծի հեղինակները հիմնականում գիտնականներ են, դատավարագետներ են և միգուցե դա է խնդիրը, որ ձևակերպումների կտրվածքով շատ գիտականորեն է ստացվել: Կցանկանայի, որ ձևակերպումների մեջ պարզություն մտցնեն, որովհետև դա լուրջ է ու իրավակիրառ պրակտիկայում իմ գործընկերների մոտ էլ այդ մտահոգությունը կա:
-Եթե շարքային քաղաքացու տեսանկյունից դիտարկենք, ի տարբերություն գործող քրեական դատավարության օրենսգրքի, ի՞նչ խնդիրներից է ազատում նոր օրենսգիրքը:
-Եթե մարդու տեսանկյունից նայենք, այլ ոչ թե գերատեսչությունների, ապա բազմաթիվ հարցեր նաև լուծվում են մարդու իրավունքների տեսանկյունից: Պարզ օրինակ է խափանման միջոցների կիրառման հարցը. այսօր բոլորիս հայտնի է, որ խափանման միջոցների մեծ մասը կիրառվում է կալանքի ձևով, և միջազգային շատ կառույցներ այդ մասին բարձրաձայնում են, խոսում են, քննադատում են, բայց ես առիթ եմ ունեցել տարբեր ձևաչափերով նշել, որ այդքան շատ կալանք կիրառելը նաև գործող օրենսգրքից է բխում: Մենք գործող քրեական դատավարության օրենսգրքում այլընտրանքային լուրջ խափանման միջոցներ չունենք և շատ դեպքերում քննիչը հարկադրված, չուզելով գնում, ընտրում է կալանքի ձևով խափանման միջոցը: Քրեական դատավարության օրենսգրքի նախագծի հեղինակները տվել են այլընտրանքային խափանման միջոցների բավականին լուրջ մեխանիզմներ, որոնց պարագայում քննիչը շատ դեպքերում հարկադրված չէ գնալ կալանք ընտրելու ճանապարհով: Այս նախագծով առաջարկվում է տնային կալանք, գրավ: Եթե գործող օրենսգրքով մարդը շատ դեպքերում պետք է ենթարկվի կալանքի, ապա նախագծով կալանքի կիրառելիության հավանականությունը նվազում է, որովհետև քննիչին տալիս ենք լուրջ գործիքներ այլընտրանքային խափանման միջոց կիրառելու համար:
-Հիմա էլ կան այլընտրանքային այնպիսի գործիքներ, ինչպիսին է երաշխավորությունը, գրավը, ստորագրությունը չհեռանալու մասին:
-Մենք, այո, ինչպես դուք եք ասում, ունենք երաշխավորություն, ստորագրություն չհեռանալու մասին խափանման միջոցներ, բայց ես խոսում եմ գործուն խափանման միջոցներից: Հիմա եթե դուք ունեք երաշխավորություն, և անձը ճնշում է գործադրում վկաների նկատմամբ. երաշխավորությամբ դու կարող ես երաշխավորել, որ մարդը չփախչի, բայց երաշխավորությամբ որպես խափանման միջոց, չես կարող կանխել, որ մեղադրյալը ճնշում չգործադրի տուժողների կամ վկաների նկատմամբ: Եթե հիմքը այն է, որ մեղադրյալի նկատմամբ մենք կալանք ենք կիրառում, որպեսզի նա ճնշում չգործադրի, ապա դրան այսօր այդ հիմքով կալանքի այլընտրանք մենք չունենք: Չկա նման այլընտրանք: Գործող օրենսգրքով, որպես խափանման միջոց չհեռանալու մասին ստորագրությունը գործուն չէ: Իսկ այս նախագծի մեջ հստակ մեխանիզմներ են գրված` անձնագիր է հնարավոր վերցնել ստորագրությունը որպես խափանման միջոց ընտրելու դեպքում, պարտավորեցնում են, որ անձը շաբաթը մեկ գա ոստիկանություն և ստորագրություն տա: Այ դրանք գործուն մեխանիզմներ են, և երբ անձը խախտեց այդ պայմանները, նոր միայն նրա նկատմամբ կընտրվի կալանքը որպես խափանման միջոց: Այս նախագծով խափանման ու հարկադրանքի միջոցների համակարգը արմատապես վերանայվել է ու շատ հարցերում ճիշտ մոտեցումներ են ցուցաբերվել: Դատավարական սանկցիաների ինստիտուտն է նախատեսվել, որը շատ կարևոր է քրեական արդարադատության արդյունավետության ապահովման տեսանկյունից: Մենք գործող օրենսգրքով ունենք դատական սանկցիաներ, որոնք կիրառվում են միայն դատաքննության փուլում, բայց մինչդատական վարույթում մենք սանկցիաներ չունենք: Ինչ է մինչդատական վարույթում չարաշահումներ, խախտումներ չե՞ն լինում: Իհարկե, լինում են: Շատ հարցադրումներ լուծումներ են ստացել նոր օրենսգրքով: Նոր ինստիտուտներ կան: Նախագծից ընդհանուր առմամբ, բավականին գոհ եմ: Երկար տարիներ աշխատեցինք նախագծի վրա, բայց արդյունքում, կարծում եմ, ունեցանք որակյալ, համակարգված նախագիծ:
-Ձեր նշած նոր ինստիտուտներից է, ըստ էության, մեղադրյալի ցուցմունքների դեպոնացման ինստիտուտը, որի վերաբերյալ փաստաբանական համայնքը, Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը մտահոգություններ են հայտնել: Ինչո՞ւ այդպես ստացվեց, ինչո՞ւ առաջացավ դրա անհրաժեշտությունը:
-Մեղադրյալի ցուցմունքների դեպոնացումը մի առանձին թեմա է, որի մասին կարելի է երկար խոսել: Ես բազմիցս իմ գիտական հոդվածներում գրել եմ դրա անթույլատրելիության մասին: Այս ինստիտուտի հետ կապված ես ունեցել եմ բազմաթիվ հանդիպումներ նաև քննիչների հետ, դատախազների հետ, փաստաբանների հետ, իրենց դիրքորոշումն եմ լսել, վտանգներն ենք կանխատեսել ու այդ բոլոր հանդիպումների ընթացքում մի քանի անգամ նորից վերահաստատվել է իմ այն մոտեցումը, որ այս ինստիտուտը արհեստական ինստիտուտ է: Մեղադրյալների խոստովանական ցուցմունքների դեպոնացման ինստիտուտ որևէ երկրում չկա, համեմատական վերլուծություն եմ կատարել, և նման ինստիտուտ ինձ չի հաջողվել գտնել: Ի՞նչ է նշանակում դեպոնացնել: Մենք մինչդատական վարույթում դեպոնացնում ենք այն մարդկանց ցուցմունքները, որոնք ինչ-ինչ պատճառներով հետագայում դատարան չեն կարող գալ: Դեպոնացման ողջ իմաստը հենց դա է: Հիմա այս նախագծով, վերցնում ենք մեղադրյալի խոստովանական ցուցմունքներն ենք դեպոնացնում էն պարագայում, երբ մեղադրյալը պարտադիր պետք է դատարանում ներկա լինի: Արդեն տրամաբանական հակասություն է առաջանում դեպոնացման` որպես ինստիտուտի գոյության և մեղադրյալի խոստովանական ցուցմունքների միջև: Այս ինստիտուտը գովաբանողները ինձ համար անհասկանալի ինչ-որ զուգահեռներ ու համեմատություններ են բերում: Ես շատ լավ ծանոթ եմ այս ինստիտուտի ծագման պատմությանը 2006-ին, երբ հանձնաժողովի կազմում էինք:
-Կներկայացնե՞ք:
-Այս ինստիտուտի իմաստը եղել է հետևյալը. մեղադրյալները հաճախ դատարանում հրաժարվում են նախաքննության ընթացքում տված խոստովանական ցուցմունքներից` ասելով, որ իրենց ծեծել են ու ցուցմունք են կորզել: Եվ այդ պրակտիկայի դեմն առնելու նպատակով այդ ժամանակ գաղափար ծնվեց հանձնաժողովում, որ եկեք դեպոնացնենք մեղադրյալի ցուցմունքները: Ես ինքս կողմ եմ եղել այդ պահին, որովհետև արտաքինից թվում է, թե ինքը շատ լավ բան է: Բայց երբ խորը վերլուծում ես, ապա խոշտանգումների, քննիչի գործառույթների, դատավորի, մեղադրյալի, պաշտպանի տեսանկյունից տեսնում ես, որ շատ խոցելի է:
-Առաջարկվող նախագծում դեպոնացման ի՞նչ ընթացակարգ է նախատեսվում:
-Նախագծում ձևակերպված է հետևյալ կերպ. մեղադրյալի խոստովանական ցուցմունքի պատշաճությունը ապահովելու նպատակով քննիչը իրավունք ունի միջնորդել դատարան ցուցմունքները դեպոնացնելու համար: Ո՞ր դեպքում պետք է քննիչը դիմի դատարան, ի՞նչ հիմքով, օրենսգրքում դրանք չկան: Հիմա եկեք հասկանանք, թե ինչ բան է մեղադրյալի խոստովանական ցուցմունքի պատշաճությունը. Օրենսգրքով սահմանում չկա, իսկ տեսականորեն կարող ենք այդպես համարել այն ցուցմունքը, եթե այն վերաբերելի է, հավաստի է: Եթե այդ պատշաճ ցուցմունքը դա նա է, որ պետք է լինի օրինակելի, այսինքն` թույլատրելի ձեռք բերելի, ապա ինչ է մենք քննիչին չե՞նք վստահում, որ ինքը իր կաբինետում օրինական ձեռք բերի ու նրան ասում ենք` դու քեզ մի վստահիր, դիմիր դատարան, ասա, որ ուզում եմ ցուցմունքները պատշաճ դեպոնացնեմ, որովհետև քեզ մոտ կարող եմ պատշաճ դեպոնացնել, ինձ մոտ` իմ աշխատասենյակում օրինական, պատշաճ ցուցմունք չեմ կարող վեցրնել: Դա նորմա՞լ է: Տեսեք` ինչ վատ վիճակում են հայտնվում քննիչները: Քննիչների վերապատրաստման ժամանակ այս օրենքի նախագծի հիման վրա նրանց հարցնում եմ` որպես պատճառաբանություն ի՞նչ եք գրելու մեղադրյալի ցուցմունքները դեպոնացնելու համար դատարան ներկայացված միջնորդության մեջ: Բոլորը անհասկանալի հայացքներով նայում են ինձ: Փորձում եմ ինքս հասկանալ` ինչ կգրեի մեջը: Պետք է ընդամենը գրի օրենքում նշված շաբլոն բառակապակցությունը` ցուցմունքի պատշաճությունը ապահովելու համար խնդրում եմ դեպոնացրեք: Այս երկու տարվա ընթացքում այս հարցը ես բարձրացնում եմ, բայց հեղինակների կողմից պատասխան չեմ լսում:
-Դուք նույնպե՞ս, ինչպես փաստաբանները, կարծում եք, որ մեղադրյալների ցուցմունքների դեպոնցումով վերադարձ է կատարվելու Վիշինսկու մեթոդներին:
-Փաստաբանները կարծում են այն, ինչ ես եմ կարծում, ոչ թե հակառակը: Ես դա համարում եմ ապացույցների թագուհի: Ինչքան էլ հեղինակները փորձում են համոզել ինձ հակառակը` ասելով, որ բոլոր ապացույցները հավասարազոր են, ես ասում եմ` ռեալիստ եղեք: Եթե նախագծի հեղինակները մեղադրյալի դեպոնացման մասը թողնեն, ես իմ գործընկեր քննիչներին միշտ խորհուրդ եմ տալու` գնացեք մեղադրյալի ցուցմունքները միշտ պաշտպնի ներկայությամբ վերցրեք: Այդ պարագայում արդեն դեպոնացման անհրաժեշտություն չի առաջանա: Ինչո՞ւ, որովհետև նախագիծը երկու տարբերակ է տալիս` մեղադրյալի խոստովանական ցուցմունքները կարող են դատարանում օգտագործվել, եթե դրանք տրվել են պաշտպանի ներկայությամբ կամ եթե դեպոնացվել են: Պրակտիկ քննիչը գնալու է առաջին քայլին և ցուցմունք վերցնելու է մեղադրյալի պաշտպանի ներկայությամբ. քննիչին և դատախազին հետաքրքիր է, որ մեղադրյալի խոստովանական ցուցմունքները դատարանում օգտագործվեն, անկախ նրանից ինքը դրանցից կհրաժարվի, թե չէ: Դեպոնացումը լիքը անորոշություններ է պարունակում, և քննիչը այդ քայլին չի գնա:
Նյութն ամբողջությամբ` այստեղ