Ոչ մի գրող իրականում չի ցանկանում խոսել գրաքննության մասին: Գրողը ցանկանում է խոսել արարումից, իսկ ցենզուրան հակա-արարում է, հակաէներգիա, որը գոյության հնարավորություն է ստանում անգոյությունից կամ, եթե օգտագործենք Թոմաս Շեփարդի մահվան մասին նկարագրությունը, «ներկայության բացակայությունից»: Գրաքննությունը ցանկությունների իրագործման խոչընդոտն է, իսկ գրողները մշտապես ցանկանում են խոսել իրենց անելիքներից և ոչ թե խոչընդոտներից: Ուզում են զրուցել հոնորարներից, շաղակրատել այլ գրողների և նրանց վճարվելիք հոնորարների մասին, բողոքել քննադատներից ու հրատարակիչներից, իրենց դժգոհությունը հայտնել քաղաքական գործիչներից, կիսվել, թե ինչ են սիրում կամ՝ որ գրողներին են համակրում, թե ինչ նշանակություն է ունեցել իրենց համար այս կամ այն պատմվածքը կամ նույնիսկ նախադասությունը և, ի վերջո, խոսել իրենց գաղափարների ու պատմությունների մասին: Կարճ ասած` խոսել ինչ-որ բան հենց իրենց մասին: Բրիտանացի կատակերգու Պոլ Ջենինքսը իր «Ռեզիստենցիալիզմ» (որը էկզիստենցիալիզմի պարոդիան է) հրաշալի էսսեում առաջարկում է աշխարհը բաժանել երկու կատեգորիայի` բան և ոչ մի բան` ակնարկելով այդ երկուսի միջև երբեք չդադարող պատերազմները: Եթե գրելը համարվում է Բան, ապա գրաքննությունը` Ոչ մի բան: Եվ, ինչպես Լիր Արքան է Կորդելիային ասում` «Ոչինչից ոչինչ է սերում», ապա պարոն Ջենինքսն էլ վերասրբագրելով Շեքսպիրին` կասեր` «Ոչ մի բանից ոչ մի բան չի ստեղծվում: Կրկին մտածեք»:
Ինքներդ դատեք՝ եթե դուք օդ եք ցանկանում, ապա՝ ահա, այն մեր շրջապատում է` առատ, ազատ օգտագործման և, եթե կարելի է այդպես ասել, լայնորեն շնչելի: Իհարկե, ես գիտեմ, որ այն իդեալական անարատ ու իդեալական մաքուր չէ, սակայն առկա է բավարար քանակությամբ և կհերիքի բոլորիս, անգամ` կարող ենք խնայել: Երբ շնչելի օդը տրամադրվում է այդքան ազատ ու նման քանակով, ավելորդ կլիներ պահանջել, որ այն մեզ մատակարարվեր ըստ մեր կարիքների բավարարման չափաբաժնի: Այն, ինչ դուք ունեք, կարող եք պարզապես ինքնակա գոյություն համարել և անտեսել: Աղմուկ բարձրացնելու կարիք չկա: Դուք շնչում եք ձեզ հասանելի ամենօրյա լայն օգտագործման, ազատ շնչելի օդը, այն պատկանելիություն չունի և, կարծում եմ` շատերի համար անհետաքրքիր խոսակցության նյութ է:
Այժմ պատկերացրեք, որ ինչ-որ տեղ գոյություն ունեն հսկայական ծորակներ, որոնցից հոսում է այն օդը, որ մենք ենք շնչում. տաք, սառը կամ գոլ օդը, որ հոսում է ինչ-որ երկնային հարիչից: Իսկ հիմա պատկերացրեք, որ այնտեղ` վերևում գտնվող մեզ անհայտ կամ գուցե և հայտնի Մեկը, ինչ-որ մի օր մեկը մյուսի ետևից սկսում է փակել ծորակներն ու անվճար, գոյություն ունեցող շնչելի օդը հետզհետե նվազում է: Եվ հանկարծ մի օր նկատում ենք, թե ինչ դժվարությամբ ենք շնչում` գուցե նույնիսկ փորձելով օդը որսալ բերանով: Այդ ժամանակ մեզանից շատերը կսկսեն բողոքել, մեղադրել օդի մատակարարումը պակասեցնելու համար և բարձրաձայն վիճել` պահանջելով ազատորեն հասանելի ու ընդհանուր օգտագործման օդի իրավունք: Պակասորդն, այս դեպքում, պահանջարկ կստեղծի:
Ազատությունը այն օդն է, որ շնչում ենք, և մենք ապրում ենք աշխարհի այն մասում, որտեղ այն, թեև իր անլիարժեք որակին, այնուամենայնիվ, ազատ օգտագործման է դրված. գոնե նրանց համար, ովքեր իրենց չեն դասում Մայամիի սևազգեստ բլուզավոր երիտասարդների թվին կամ չեն պատկանում կարմիր նահանգներում սեփական մարմնի համար ազատ ընտրության իրավունք ձեռք բերել ցանկացող կանանց խմբին: Գուցե այն կատարյալ ազատ ու կատարյալ շնչելի չէ, բայց քանի դեռ նրանում առկա է ազատությունը, մենք հարկ չենք համարի նրա մասին երգ ու պար հորինել: Մենք այն ընդունում ենք որպես մեր կյանքի բնականոն երևույթ և շարունակում օգտագործել, իսկ գիշերը քնելիս ենթադրում, որ վաղը նույնպես ազատ ենք լինելու, ինչպես որ ազատ էինք այսօր:
Ստեղծագործական գործընթացը ոչ միայն ազատություն է պահանջում, այլև ստանձնում է այդ ազատությունը: Եթե ստեղծագործող արվեստագետին անհանգստացնում է իր վաղվա ազատությունը, ուրեմն նա անազատ է նաև այսօր: Եթե նա կարկամում է իր կատարած սուբյեկտի ընտրության կամ վարմունքի մեջ, ապա նրա ընտրությունը կախված կլինի ոչ թե նրա տաղանդից, այլ վախից: Եթե մենք վստահ չենք մեր ազատության մեջ, ուրեմն մենք անազատ ենք:
Իսկ ամենավատն այն է, որ գրաքննությունը ներխուժելով արվեստ` դառնում է բովանդակություն, «գրաքննված արվեստ», և հենց այդ տեսքով ներկայանում աշխարհին: Գրաքննության որոշ պիտակներ` անբարոյական, սրբապիղծ, պոռնոգրաֆիա, վիճահարույց, նավաստիների ուսերին նստող ալբատրոսային անեծքի պես մշտապես ուղեկցում է գրաքննվող աշխատանքներին: Աշխատանքի վրա հարձակումը, իրականում, սահմանում տալուց ավելին է. որոշ իմաստով, լայն հասարակությանը այն հենց այդպես էլ ներկայանում է: «Լեդի Չաթըրլիի սիրեկանը» կամ «Խեցգետնի արևադարձը» գրքերի ամեն մի ընթերցողին և «Վերջին տանգոն Փարիզում» ու «Մեխանիկական նարինջ» ֆիլմերի յուրաքանչյուր դիտորդին ի հակակշիռ կլինեն տասը, հարյուր կամ հազարավոր մարդ, ովքեր լսել են ու «գիտեն» այդ գործերը որպես չափազանց դաժան, կամ չափազանց կեղտոտ, կամ էլ` երկուսը միատեղ:
Մեղքի ստանձնումը վերափոխվում է անմեղության կանխավարկածի: Ինչո՞ւ է հնդիկ մուսուլման արվեստագետը մերկ նկարում Հինդու աստվածուհուն. մի՞թե չէր կարող հարգել նրա համեստությունը: Ինչո՞ւ է ռուս գրողի հերոսը սիրահարվում մանկահասակ աղջկա. արդյոք հեղինակը չէ՞ր կարող անձնագրային թույլատրելի տարիք ընտրել: Ինչո՞ւ է անգլիացի դրամատուրգը սեռական բռնության տեսարան պատկերում սկիհական գուրդվարայում (տաճարում), մի՞թե հնարավոր չէր, որ նույն հարձակումը սուրբ հողի վրա չկատարվեր: Ինչո՞ւ են արվեստագետներն այսքան անհանգստություն պատճառող. մի՞թե չեն կարող մեզ միայն գեղեցկություն, բարոյականություն և, գրողը տանի, միայն լավ պատմություններ ներկայացնել: Ինչո՞ւ են արվեստագետները մտածում, որ մենք պետք է համակարծիք լինենք իրենց պահվածքի հետ: «Եվ բոլոր մարդիկ միաձայն ասեցին, նստի՛ր, նստի՛ր, դու ճոճում ես նավակը, և սատանան քեզ իր մոտ ներքև կտանի, իսկ այս ծանր հոգով դու դժվար թե լողալ կարողանաս, նստի՛ր, նստի՛ր, նստի՛ր գետնին, դու ճոճում ես նավակը»: Գրաքննության սուտը իր մեծ տպավորչության պատճառով, փաստացիորեն, փոխարինում է արվեստագետի ճշմարտությանը: Այն, ինչ գրաքննության սահմանների մեջ է, ենթադրվում է, որ հենց գրաքննության ձեռքբերումն է, իսկ ճոճվող նավակը` դատապարտելիության ոլորտից:
Եվ խոսքը միայն արվեստի ոլորտի մասին չէ. մերօրյա Չինաստանում արդարադատության նախարարությունը մեծ հաջողությամբ չինական հասարակության մեծ մասին համոզել էր, որ Տյանանմեն հրապարակի հերոսները իրականում չարագործներ էին, որոնք ազգը ոչնչացնելու նպատակներ են հետապնդել: Դա ցենզուրայի վերջնական հաղթանակն է. երբ նույնիսկ այն մարդիկ, ովքեր գիտեն, որ իրենց պարբերաբար ստում են, անկարող են պատկերացնել, թե ինչ է իրականում կատարվում:
Հաճախ մեծ ու արգելված գրքերը չեն ենթարկվում ցենզուրայի պատկերավորման պահանջներին և իրենց խոսքն են թելադրում աշխարհին, ինչպիսիք, օրինակ՝ «Ուլիսեսը», «Լոլիտան», «Հազար ու մի գիշերն» են: Հաճախ էլ գրաքննությանը ձեռնոց են նետում մեծ ու խիզախ արվեստագետները` ստեղծելով հրաշալի ընդհատակյա գրականություն` ինչպիսին, օրինակ՝ «Սամիզդադն» էր Խորհրդային Միությունում կամ բազմաթիվ ժամանակակից իրանական ու նաև չինական ֆիլմեր` ցենզուրայի դանակի շեղբից խուսանաված: Դուք նույնիսկ կհանդիպեք այնպիսի մարդկանց, ովքեր կփաստեն, որ ցենզուրան լավ բան է, քանի որ ձեռնոց է նետում արվեստագետի երևակայությանը: Դա նման է այն փաստարկին, որ մարդու ձեռքը կտրելով` նրան աջակցում եք գրել սովորել` գրիչը ատամներով բռնած: Գրաքննությունը վատ բան է արվեստի համար, սակայն առավել վատ` հենց արվեստագետների համար: Այ Վեյվեյնի աշխատանքները դիմակայում են, սակայն առավել բարդ է հենց իր` արվեստագետի կյանքը: Բանաստեղծ Օվիդիուսը Օգոստոս կայսերը անհաճո լինելու պատճառով վտարվել էր Սև ծով և ստիպված էր կյանքի մնացած մասը անցկացնել Թոմիս անվանմամբ մի քարանձավում, սակայն Օվիդիուսի պոեզիան դիմակայեց ու ապրեց հռոմեական կայսրությունը: Բանաստեղծ Մանդելշտամը մահացավ ստալինյան աշխատանքային ճամբարներից մեկում, սակայն Մանդելշտամի պոեզիան դիմակայեց Խորհրդային Միությունը: Բանաստեղծ Լորկան գնդակահարվեց Իսպանիայում գեներալիսիմուս Ֆրանկոյի կողմից, սակայն Լորկայի պոեզիան վերապրեց ֆաշիստական հասարակարգը: Եվ այսպիսով, կարող ենք եզրահանգել, որ հաճախ արվեստն առավել ուժեղ է, քան ցենզուրան, սակայն արվեստագետներն, այնուամենայնիվ, մնում են խոցելի:
Անցյալ շաբաթ Մեծ Բրիտանիայում անգլիական ՊԵՆ ակումբը բողոքի ձայն էր բարձրացրել, որ Լոնդոնի գրքի տոնավաճառին հրավիրվել էին միայն Չինաստան-պետության կողմից հաստատված պաշտո- նական թևի գրողներ, այն դեպքում, երբ առնվազն նույն երկրում 35 գրող, որոնց թվում են Նոբելյան մրցանակի դափնեկիր Լյու Սյաոբոն և բանաստեղծ ու քաղաքական այլախոհ հայացքների տեր Ժյու Յուֆուն, ռեժիմի կողմից դատապարտված են անազատության և լռելյայն անտեսվում են: Միացյալ Նահանգներում ամեն տարի կրոնական ֆանատները փորձում են արգելել ամենատարբեր գրողների, ինչպիսիք՝ Կորտ Վոնեգուտն ու Ջեյ Քեյ Ռոլինգն են` նրանց սև մոգության և կախարդանքի հետևորդության մեջ մեղադրելով, էլ չասած խեղճ, Աստծուն գլխացավանք պատճառող Չարլզ Դարվինի մասին, որի դեմ չի դադարում «Խելամիտ նախագծի» (Intelligent Desig) կողմնակիցների արշավը: Մի անգամ ես գրել էի և մինչև այժմ էլ այդպես եմ կարծում, որ Միացյալ Նահանգների որոշ հատվածներում էվոլյուցիայի տեսության դեմ հարձակումները ինքնըստինքյան գնում են թեորիայի հերքման` ցուցադրելով, որ բնական ընտրությունը միշտ չէ, որ աշխատում է, կամ առնվազն ոչ Կանզաս նահանգում, ուր մարդ էակաները կարող են զարգանալ և հակառակ ուղղությամբ` ընդհուպ մինչև վերադարձ անցումային ձևերին:
Իսկ առավել լուրջ խնդիր է դառնում այն փաստը, որ օրեցօր ավելանում է «մի ճոճիր նավակը»-ի կողմնակիցների ընդունելությունը, որոնք ավելի ու ավելի են շրջանառում են այն գաղափարը, որ գրաքննությունը կարելի է և արդարացված երևույթ համարել, երբ որոշ հետաքրքրված խմբեր, սեռեր կամ դավանանքի կողմնակիցներ իրենց վիրավորված կհամարեն մի փոքր աշխատանքից: Մեծ արվեստը, կամ եկեք ավելի համեստ արտահայտվեմ, ինքնատիպ արվեստը երբեք անվտանգ միջավայրում չի ստեղծվում, այլ մշտապես` եզրագծին: Ինքնատիպությունը վտանգավոր երևույթ է. այն մարտահրավեր է նետում, հարցեր առաջացնում, գլխիվայր շուռ տալիս ենթադրությունները, հունից հանում բարոյական օրենքները, անհարգալից վերաբերվում սրբազան դեմքերին կամ նման այլ անձանց: Այն կարող է ցնցող կամ տգեղ լինել կամ` դեղին մամուլի կողմից այդքան սիրելի ամենաբովանդակ մի բառով` վիճահարույց: Եվ, եթե մենք հավատում ենք ազատությանը և եթե ցանկանում ենք, որ մեր շնչած օդը լինի անսպառ ու որակյալ, դա հենց այն արվեստն է, որի գոյատևման իրավունքը մենք ոչ միայն պետք է պաշտպանենք, այլև` փառաբանենք: Արվեստը ժամանց չէ: Իր լավագույն ձևի մեջ այն հեղափոխություն է:
Նյութի աղբյուր՝ http://granish.org/on-censorship/
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել