1in.am-ը գրում է.

Ադրբեջանական ընդդիմության ներկայացուցիչները հայտարարել են, որ նախագահական ընտրությունները, որոնք տեղի են ունենում այսօր, ուղեկցվում են զանգվածային կեղծիքներով՝ հաղորդում է Contact.az-ը:

«Ամեն տեղ կեղծիքներ են տեղի ունենում: Եթե նախկինում դա տեղի էր ունենում ընտրությունների վերջում, ապա այժմ՝ ամենասկզբից: Իշխանություններն այնքան անվստահ են, որ կեղծիքի են դիմում արդեն առավոտվանից: Սրանք անկախ Ադրբեջանի պատմության ընթացքում ամենակեղտոտ ընտրություններն են»,- հայտարարել է EL ընդդիմադիր շարժման առաջնորդ Էլդար Նամազովը:

Ընդդիմադիր քաղաքական գործիչների խոսքերով՝ ամենատարածված խախտումներն են քվեաթերթիկների լցոնումը և «կարուսելները» (ընտրողների կազմակերպված տեղափոխում ընտրատեղամասեր՝ հստակ թեկնածուի օգտին քվեարկելու համար):

Ժողովրդավարական ուժերի ազգային խորհրդի ընդդիմադիր դաշինքի թեկնածու Ջամիլ Հասանլին ևս բողոքել է կեղծիքներից: Նա նաև կարծիք է հայտնել, որ գործող նախագահ Իլհամ Ալիևը իրավունք չունի վերընտրվել երրորդ ժամկետում:

Ադրբեջանի ԿԸՀ-ն իր հերթին խոստովանել է, որ որոշ տեղամասերում գրանցվել են ընտրական օրենսդրության խախտումներ:

Իսկ Ադրբեջանում իշխող կուսակցությունն իր հերթին ընդդիմությանն է մեղադրել խախտումներ կատարելու մեջ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել