Operativ.am-ը գրում է.
Մաշտոցի պողոտայում իրավիճակը լարված է, քանի որ այստեղ են ժամանել «Ազատագրենք Փակ շուկան օլիգարխից» հասարակական կազմակերպության ակտիվիստները»: Այս մասին հայտնում է Operativ.am-ի թղթակիցը:
Մեր թղթակցի տեղեկացմամբ՝ ոստիկանները Փակ շուկայի հարևանությամբ պատ են կազմել, որպեսզի թույլ չտան Սամվել Ալեքսանյանի կողմնակիցների և «Ազատագրենք Փակ շուկան օլիգարխից» ակցիայի մասնակիցների բախումները: Ալեքսանյանի կողմնակիցները պայքարում են «Դուք դեմ եք 700 աշխատատեղերի ստեղծմանը», «Ոչ՝ վարձու ընդդիմադիրներին», իսկ ակտիվիստները՝ «Ազգային մնայուն արժեքին կեղտոտ ձեռքով չդիպչել», «Երևանը մեր քաղաքն է, չդիպչել» ցուցապաստառներով:
Ոստիկանությունը զգուշացնում է քաղաքացիներին՝ հասարակական կարգը խախտողներն անպատիժ չեն մնա և կենթարկվեն կարգապահական տույժի:
Հիշեցնենք, որ ավելի վաղ հայտնել էինք, որ Երևանի Մաշտոցի պողոտայում՝ Փակ շուկային հարող տարածքում հավաքված էին Սամվել Ալեքսանյանի կողմակիցները և սպասում էին ակտիվիստներին: