Բյուրեղավան համայնքի խմելու ջրի վերաբերյալ մամուլում շրջանառվող տեղեկությունների վերաբերյալ «Վեոլիա ջուր» ընկերությունից տեղեկացնում են, որ «Վեոլիա ջուր» ՓԲԸ «Աբովյանի» լաբորատորիայի կողմից այսօր վաղ առավոտից Բյուրեղավան քաղաքի, Նուռնուս և Արզնի գյուղերի մի շարք հասցեներից, ինչպես նաև օրվա կարգավորիչ ջրամբարից իրականացվել են խմելու ջրի նմուշառումներ և լաբորատոր հետազոտություններ։ 
«Այս պահի դրությամբ Բյուրեղավանում խմելու ջրի հետ կապված որևէ շեղում ընկերությունը չի հայտնաբերել։
Կատարված քիմիական հետազոտությունների` ներառյալ մնացորդային քլորի չափումները ցույց են տվել, որ դրանք նորմայի սահմաններում են, իսկ վարակազերծման աշխատանքներն ընկերության կողմից իրականացվել և իրականացվում են պատշած կերպով»,- ասվում է հաղորդագրությունում։
Ավելի վաղ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից հայտնել էին, որ Բյուրեղավանում արձանագրվել են աղիքային վարակիչ հիվանդության դեպքեր, ընդհանուր թիվը՝ շուրջ 30։ Այս պահին հոսպիտալացվել է 11 քաղաքացի, նրանց առողջական վիճակը գնահատվում է միջին ծանրության, կան նաև տնային պայմաններում բուժում ստացող անձինք։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել