Imyerevan.am-ը գրում է.

22 հայ տատիկ-պապիկներ Լոս-Անջելեսում իրար գլխի հավաքվեցին ու երգի խումբ ստեղծեցին։ Ու հիմա էլ հյուրախաղերով ժամանել են Հայաստան: Փորձասենյակում նրանց հետ զրուցեցինք ու փորձեցինք պարզել կենսախինդ լինելու գաղտնիքը:

Մանկության կամ երիտասարդության տարիների չիրականացված երազանքը երկար թաքնված չի մնա, մի օր անպայման դուրս կգա թաքստոցից։ Այն տարիքում, երբ մարդն այլևս ոչ մեկի առջև պատասխանատու չէ, հասարակական կարծիքին մատների արանքից է նայում, չկա նաև իր ընտանիքի նախատինքի մտավախությունը, կարճ ասած` կորցնելու ոչինչ չունի, սրտի ուզածն է անում։ Մարդկային ցանկությունն արտեզյան ջրերի պես մի օր անպայման հողը ճեղքում ու հորդում է դուրս` թեկուզ հոգեվարքի պահին։

Երջանիկ պատահականությամբ 22 հայ տատիկ-պապիկներ Լոս-Անջելեսում իրար գլխի հավաքվեցին ու երգի խումբ ստեղծեցին։ «Մեղավորը» Էջմիածնից Ամերիկա մեկնած ժողովրդական երգիչ Գևորգ Չաքմանյանն է, որ 2 տարի առաջ Լոս-Անջելեսի հայկական հեռուստատեսությամբ հայտնեց տարեցների անսամբլ ստեղծելու իր որոշման մասին: Նշանակված օրը նշանակված տեղում էին բեմ բարձրանալ փափագող բազմաթիվ ծերեր։ Այսպես էլ ստեղծվեց «Կանթեղը»։ Ժողովրդական երգի անսամբլի տատիկ-պապիկներն արտաքնապես ոչնչով չեն տարբերվում իրենց տարեկիցներից։ Երկար տարիներ ԱՄՆ-ում ապրելու արդյունքում բառերի վերջավորությունները կլորացնում են, զրույցի ավարտին «օքեյ» ասում։ 60-100 տարեկան են, մեծ մասը զավակների ընտանիքների հետ 1990-ականներին Հայաստանից Ամերիկա է տեղափոխվել ու այնտեղ էլ հաստատվել։

Լոսանջելեսյան համերգներից հետո առաջին անգամ հայրենիք են եկել։ Վեներա Վարուժանյանն 80-ն անց է, ծոռներ էլ ունի։ 40 տարի ԵՊՀ-ում գլխավոր հաշվապահ է եղել ու ռադիոն ականջի տակ` Լուսիկ Քոշյանի, Արաքսյա Գյուլզադյանի երգերը լսել, ինքն իր համար երգել ու հարազատների խնջույքի սեղաններին կենացներ ծաղկեցրել։ Երաժշտական կրթություն ստանալու չիրականացած երազանքի վրեժը ճակատագրից լուծել է` դստերը կոնսերվատորիայի ճանապարհը ցույց տալով։ «Ես աղջնակ` մայրս ձեռքս բռնած ինձ երաժշտական դպրոց տարավ, հիմա ես եմ նրա ձեռքը բռնած` տանում Գևորգի մոտ` փորձի կամ համերգների։ Միշտ ինքն է ինձ դահլիճից ծափահարել, հիմա նա բեմում է, ես` դահլիճում»,- մորը գուրգուրելով` պատմում է դուստր Կարինեն։

83-ամյա Հասմիկ Մարգարյանը ժամանակին, երբ ԵՊՀ-ի ուսանողուհի էր, բուհի անսամբլում մենապարուհի է եղել, այցեքարտը` «Թարաքյաման»։ Կյանքի անիվը 60 տարով հետ է պտտվել։ Ձիգ կեցվածքով, ուղիղ մեջքով տիկին Հասմիկը (մարդու լեզուն էլ չի պտտվի նրան Հասմիկ տատ ասել) նորից «Թարաքյամա» է պարում։ Նաև երգում է, բայց երևանյան համերգին նրան բաժին հասավ պարային համար։

Բացառիկ ժիր ու կենսուրախ է 78-ամյա Արշալույս Արամյանը։ Անսամբլի սոխակն է։ Երիտասարդ տարիների նրա տարերքն էլ է ժողովրդական երգը եղել, ունի իր նման բացառիկ երգացանկ` «Կոլխոզի չոբան յարից» մինչև «Գառները»։ «Ամբողջ կյանում «քյասիբի ռադիո» եմ եղել, հիմա Գևորգի շնորհիվ կուլտուրական հանդիսատես ունեմ։ Երգելով` ջահելանում եմ, տարիքս մոռանում։ Օրինակ` ինձ ինչքա՞ն կտաս»,-հարցնում է։ Իրականում տիկին Արշալույսին 60 էլ չեք տա։

Ձայնի հետաքրքիր տեմբր ունի Մարո Խաչիկյանը. երգը `մաքուր ու զգացմունքային։

Բացառիկ երևույթ է Հովհաննես Առաքելյանը։ Նրա տարիքը հաշվելու համար թուղթ ու գրիչ է պետք. 1916-ին է ծնվել. և՛ երգում է, և՛ ասմունքում, նաև բանաստեղծություններ գրում։

Նրանք երեխայի պես ենթարկվում են իրենց թոռների տարեկից Գևորգ Չաքմանյանին։ Առանց օգնության բարձրանում են բեմ, բայց իջնելիս սպասում են, որ նա ձեռքներից բռնի, իջեցնի։ Ամեն մեկն անփոխարինելի է խմբում։ «Կանթեղը» նրանց կյանքին նոր լիցք է հաղորդել, երիտասարդական շնչով լցրել, իմաստավորել գոյությունը։ Նրանք մեծ երեխաներ են, ու Գևորգ Չաքմանյանը հենց այդպես էլ վերաբերվում է նրանց։ «80-ն անց մի երգիչ կա խմբում. Բժիշկը թույլ չտվեց ինքնաթիռ նստել։ Մի քանի օր շարունակ փորձի եկավ` երգի խոսքերը չէր մտապահում։ 4-րդ օրը բարկացա, ասացի` վաղը ծնողիդ հետ կգաս։ Լուրջ-լուրջ պատասխանեց` որ ունենայի, բա չէ՞ի բերի»,- պատմեց Գևորգը։

«Կանթեղի» երգերի գործիքավորումն Արամ Մերանգուլյանի անվան ժողգործիքների անսամբլինն է։ Ամերիկայի համերգներն անցնում են ձայնագրված նվագակցությամբ։ Իսկ ընդհանրապես բոլոր համերգներին կենդանի ձայնով են երգում։ «Ֆանագրաման ի՞նչ է, որ դրա տակ երգենք, բա ամոթ չի՞։ Մերն աստվածատուր ձայն է, դզած-փչած չի»,- հպարտ-հպարտ ասաց ամենատարեց երգչուհիներից մեկն ու թռչկոտելով բեմ բարձրացավ։ Երևանյան համերգը ուր որ է՝ պիտի սկսվեր:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել