Սովորաբար միայն հատուկ օրերին ենք հիշում մեր զոհված ազատամարտիկներին։ Սակայն, չգիտես ինչու, երեկ երեկոյան մտքումս խորհում էի նրանց սխրանքի մասին և խոսում էի նրանց հետ այսպես.«Սիրելի նահատակ ազատամարտիկներ, տարիներ են անցել այն օրվանից, երբ, նախքան ռազմի ճակատ մեկնելը, ողջագուրվում էինք հարազատներով ու մտերիմներով։ Արտասվախառն աղոթում էինք ձեզ համար, իսկ ձեր մայրերը մեծ գուրգուրանքով ձեզ հանձնում էին Տիրամոր խնամքին…
Այսօր, երբ ձեր մարմինները խառնված են մեր հայրերի աճյունների հետ, վստահ ենք, որ ձեր հոգիներն ամահ են մեր հայրերի հոգիների հետ՝ հավիտյան Երկնավոր Հոր լույսերի մեջ։ Ձեր նահատակությունը ծրարված է մեր Տիրոջ Հիսուս Քրիստոսի Խաչելության մեջ, Ով հանձն առավ խաչը համայն մարդկության փրկության համար և մահացավ մարդկային սրտում տեղ գտած չարության, ատելության և բռնության երեսից։
2700 տարի առաջ, Հռոմի հրապարակի մեջտեղում, որը քաղաքի խորհրդանիշն ու կենտրոնն էր, մի մեծ անդունդ է ճեղքվում։ Օրակուլը (հարցուկը) պատասխան է գտնում շփոթված մարդկանց հարցումներին. «Այս անդունդը կարող է փակվել միայն Հռոմի համար ամենաթանկարժեք բանով»։ Մինչ բոլորը մտածում էին, թե ի՛նչն է ամենաթանկարժեքը, հանկարծ մի երիտասարդ զինվոր, Կուրտիուս անունով, նետվում է անդունդի մեջ և անդունդն անմիջապես փակվում է։ Այո՛, ամենաթանկարժեքը, որ ուներ Հռոմը, երիտասարդ մի զինվորական էր՝ Քաղաքի պահապանը։
Հիրավի, բարբարոս ադրբեջանցիները պատերազմի բահով մի մեծ անդունդ փորեցին Հայոց Աշխարհում։ Գինը, որ պիտի վճարեինք այդ անդունդը ծածկելու համար, անչափ մեծ էր, սակայն դու՛ք, սիրելի ազատամարտիկներ, առանց երկմտելու դարձաք կուրտիուսներ Հայոց Աշխարհի՝ ամենաթանկարժեքը, որ ունի մեր Երկիրը։
Դու՛ք, ձե՛ր արյունով գրեցիք մեր պատմության նորագույն էջը, և այդ մագաղաթը, որպես մասունք, հավերժ մեր սրտերի խորաններում է։ Քանզի ինչ որ արյունով է գրվում՝ սուրբ է և դարերի համար…
Հայ Ժողովուրդը պաշտամունք ունի նրանց նկատմամբ, ովքեր իր համար մեռնել գիտեն և այդ պաշտամունքի բառերով է, որ այսօր, որպես հայ ժողովրդի խոնարհ զավակ, իմ սրտի խոսքն եմ հղում ձեզնից յուրաքանչյուրին.
«Բարձրացրու գլուխդ՝ զինվոր,
Բաց արա հոգնած կոպերդ,
Քո սխրանքն անմահ է,
Քո անունը մեր սրտերում»։
«Հիշատակն Արդարոց Օրհնութեամբ Եղիցի»
ԱՄԵՆ
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



