Ինչո՞վ է յոգան հակասում քրիստոնեությանը:
Յոգան հակասում է քրիստոնեությանը: Այն յոգան, որի մասին այսօր գիտենք, մեզ ներկայացվում է ավելի շուտ շնչառական կամ առողջապահական որոշակի վարժությունների տեսքով: Սակայն դա խաբկանք է, որովհետև վարժությունները յոգայի ընդամենը մի փոքրիկ մասն են: Ոչ ոք չի հերքում, որ յոգայում կան որոշակի ֆիզիկական, շնչառական վարժություններ, որոնք կարող են մարդուն առողջ կենսակերպ ապահովել: Բայց միամիտ կլիներ կարծել, թե յոգան ընդամենն այդ վարժություններն են: Պատմությունն ուսումնասիրելով կիմանանք, որ յոգան Եվրոպա մտավ նույն այս ձևով՝ սկզբում վարժանքներ, առողջապահական որոշակի ծրագրեր, սակայն հետո դարձավ շատ լուրջ ուսմունք, շատ դեպքերում՝ աղանդ… Այն ենթադրում է նաև մեդիտացիա, որոշակի կրոնափիլիսոփայական մոտեցումներ, աշխարհայացք: Յոգայի ուսմունքում ամենակարևոր հանգամանքն այն է, որ մարդկանց կյանքում չարը, փորձությունները, դժվարություններն իրական չեն: Մարդը պետք է մեդիտացիայով հասնի այն բանին, որ իր աշխարհում կա միայն բարին, ազատագրվի չար իրողությունից՝ համարելով այն թվացյալ: Սակայն, եթե չարը թվացյալ է, նշանակում է՝ Քրիստոս անիմաստ աշխարհ եկավ և իզուր խաչվեց: Իսկ քրիստոնեության տեսանկյունից չարը գոյություն ունի, այդ իսկ պատճառով էլ Քրիստոս մարդացավ և հաղթեց Իր մարդեղությամբ ու խաչելությամբ: Դրանով իսկ յոգան հակասում է քրիստոնեությանը: Յոգայում անտեսանելի թակարդները շատ ավելին են, և պարզ մարդիկ կարող են դրանք չնկատել:
Այնպես որ, եթե ցանկանում եք վարել առողջ ապրելակերպ, ապա կան շատ ուրիշ մեթոդներ, ֆիզիկական վարժություններ, հատուկ կառույցներ, համապատասխան մարմիններ, որոնք առանց կրոնական աշխարհայացքի կարող են այս ամենը մատուցել:
Օրհնությամբ՝ Տ. Եսայի քահանա Արթենյան
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/photo.php?fbid=474366176004876&set=a.347086518732843.82767.340997979341697&type=1
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել