Civilnet.am-ը գրում է.

Հայաստանի պետական պարտքը սեպտեմբերի վերջին հատել է $5 մլրդ-ի շեմը՝ կազմելով $5,029 մլրդ։ Սրան նպաստել է պետական արտարժութային պարտատոմսերի տեղաբաշխումը. ներգրավված միջոցները ($690,2 մլն) սեպտեմբերի 30-ին փոխանցվել են Կենտրոնական բանկում բացված արտարժութային հաշվին։

Սեպտեմբերի 30-ի դրությամբ պետական պարտք/(անցած տարվա)ՀՆԱ ցուցանիշը կազմել է 50,2%, արտաքին պարտք/ՀՆԱ-ն՝ 44%։ Եթե կառավարությունը եվրաբոնդերի թողարկումից ստացված միջոցները չուղղի $460 մլն ռուսական վարկի մարմանը, ապա ստիպված կլինի նվազեցնել պետբյուջեի պակասուրդը։ «Պետական պարտքի մասին» օրենքում ամրագրված է, որ եթե պետական պարտքը տվյալ տարվա դեկտեմբերի 31-ի դրությամբ գերազանցում է նախորդ տարվա ՀՆԱ-ի 50%-ը, ապա հաջորդ տարվա պետական բյուջեի դեֆիցիտը չպետք է գերազանցի վերջին երեք տարիների ՀՆԱ-ի ծավալների միջին ցուցանիշի 3%-ը։ Սա նշանակում է, որ դեֆիցիտը չպետք է գերազանցի 109 մլրդ դրամը, այնինչ կառավարությունը 2014թ. համար ծրագրել է 110,5 մլրդ դրամի դեֆիցիտ կամ ՀՆԱ-ի 2,34%-ը։

Այս ամենում շատ ավելի մտահոգիչ է ոչ թե պետական պարտքի մակարդակը, այլ ընդհանուր պարտքի (ներառյալ մասնավոր հատվածը) ծավալը։

Կառավարության կողմից մայիսի 16-ին հավանության արժանացած «Միջազգային կապիտալի շուկայում արտարժութային պարտատոմսերի թողարկման հայեցակարգում» ֆինանսների նախարարությունը նշել էր, որ ընդհանուր պարտք/ՀՆԱ ցուցանիշի բարձր մակարդակը դանդաղեցնում է տնտեսական աճը: Ըստ ԱՄՀ-ի գնահատականների՝ երբ ընդհանուր (այդ թվում մասնավոր) պարտք/ՀՆԱ ցուցանիշը անցումային տնտեսությամբ երկրներում հասնում է ՀՆԱ-ի նկատմամբ 60%-ի, ապա երկրի տնտեսական աճը նվազում է 2 տոկոսային կետով։ Պարտքի ավելի բարձր մակարդակի դեպքում տնտեսական աճը կրճատվում է կրկնակի։

Հայաստանը իրականում հատել է վտանգավոր 60%-ի շեմը։ Անցած տարվա վերջի դրությամբ Հայաստանի ընդհանուր պարտք/ՀՆԱ ցուցանիշը կազմել է 76,3%։ Այս տարվա հունիսի վերջին Հայաստանի ընդհանուր պարտքի ծավալը կազմել է $7,9 մլրդ կամ ՀՆԱ-ի 79,3%-ը։ Ցուցանիշները խոսում են այն մասին, որ պարտքի բեռն արդեն իսկ ճնշում է Հայաստանի տնտեսական աճի վրա։

Եթե հաշվի առնենք, որ այս տարվա երրորդ եռամսյակում մասնավոր հատվածի կողմից վարկային միջոցներ և փոխառություններ չեն ներգրավվել, ապա միայն եվրաբոնդերի թողարկման հետևանքով ընդհանուր պարտք/ՀՆԱ ցուցանիշը սեպտեմբերի վերջին կազմել է 86%։

Ընդ որում՝ ֆինանսների նախարարությունը մայիսին ընդունված վերոնշյալ հայեցակարգում հստակ նշել էր, որ ընդհանուր արտաքին պարտք/ՀՆԱ ցուցանիշով Հայաստանն արդեն իսկ զգալիորեն գերազանցում է 60%-ի մակարդակը։ Նախարարությունը նաև եկել էր եզրահանգման, որ արտաքին պարտքի հետագա ավելացումը կարող է էլ ավելի սրել տնտեսության վրա բացասական ազդեցությունները։

Այդուհանդերձ, գործադիրը որոշեց թողարկել $700 մլն-ի արտարժութային պարտատոմսեր։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել