1in.am-ը գրում է.

ԱՄՆ-ը մտադիր չէ նոր բանտարկյալների ուղարկել Գուանտանամոյի զինվորական բանտ, որտեղ պահվում են ահաբեկչական գործունեության համար կասկածվողները: Այդ մասին հայտնել է ԱՄՆ պետդեպի պաշտոնական ներկայացուցիչ Մերի Հարֆը՝ պատասխանելով լրագրողի՝ ամերիկյան հատուկ նշանակության ջոկատի կողմից ձերբակալված Աբու Անաս Ալ-Լիբիի հետագա ճակատագրի մասին հարցին: 

Աբու Անաս Ալ-Լիբին, որի իսկական անունը Նազիխ Աբդուլ Համեդ ար-Ռիգիե է, «Ալ Քաիդա» ահաբեկչական խմբավորման ենթադրյալ ղեկավարներից է: 

Նա անցած շաբաթ ձերբակալվել էր Լիբիայի մայրաքաղաք Տրիպոլիի փողոցներից մեկում: 

«Մեր քաղաքականությունն այնպիսին է, որ մենք նոր բանտարկյալների չենք ուղարկում Գուանտանամո»,- ասել է Հարֆը՝ հայտարարելով, որ Օբամայի վարչակազմի նպատակը ոչ թե Գուանտանամոյի բանտարկյալների թվի ավելացումն է, այլ կրճատումը: 

Նրա խոսքով՝ Ալ-Լիբին ներկայումս «պահվում է անվտանգ վայրում՝ Լիբիայի սահմաններից դուրս»: Նա, սակայն, չի նշել, թե հատկապես որտեղ է գտնվում Ալ-Լիբին: Պենտագոնի տեղեկություններով՝ Ալ-Լիբին պահվում է «համաձայն պատերազմի օրենքների» և չունի այն իրավունքները, որոնց կարող են հավակնել այն անձինք, որոնք կալանավորվել են իրավապահ մարմինների կողմից, հայտնում է ITAR-TASS-ը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել