1in.am-ը գրում է.
Անկախությունից ի վեր սա 9-րդ համաներումն է. այն կարելի է դիտարկել որպես մարդասիրության վառ օրինակ: Այսօր կայացած մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին ասաց ՀՀ արդարադատության նախարարի խորհրդական Նիկոլայ Առուստամյանը:
«Այս համաներման ակտի արդյունքում, մեր կանխատեսումներով, ազատ կարձակվի 5-6 հարյուր մարդ: 900-1000 մարդու պատժաչափերը կկրճատվեն: Այստեղ ներառված են մինչդատական փուլում գտնվող անձինք: Համաներումը կտարածվի առաջին, երկրորդ խմբի հաշմանդամների, զինծառայողների և նրանց ընտանիքի անդամների, հղի և մինչև երեք տարեկան երեխա ունեցող կանանց, մարտական գործողություններին մասնակցած, ինչպես նաև մինչև տասնութ տարեկանը հանցանք գործած անձանց վրա»,- ասաց նա` հավելելով, որ 2011-ի համաներման ակտի արդյունքում ազատ արձակվածների շրջանում 5.8 տոկոս կրկնահանցագործություն է գրանցվել:
Նիկոլայ Առուստամյանը խուսափեց խոսել անհատական դեպքերի, մասնավորապես՝ Տիգրան Առաքելյանին ազատ արձակել-չարձակելու թեմայի շուրջ:
Անդրադառնալով կալանավայրերի գերբնակեցման խնդրին՝ նա նշեց, որ այս համաներումից հետո չի լինի որևէ կալանավայր, որտեղ գերբեռնվածություն կնկատվի:
«Ընդհանուր առմամբ բոլոր կալանավայրերում միասին ունենք պատիժը կրող 4700 անձ՝ այն դեպքում, երբ տեղերը նախատեսված են 4100 անձի համար: Անկախ նրանից՝ գերբնակեցման խնդիր կա, թե ոչ, մենք հունվարից լուծելու էինք այդ հարցը՝ 2014-ի հունվարի 1-ից գործարկելով «Արմավիր» քրեակատարողական հիմնարկը»,- ասաց արդարադատության նախարարի խորհրդականը:
Պատասխանելով «Առաջին լրատվական»-ի հարցին` արդյոք այս համաներման ընթացքում ամենաշա՞տ թվով դատապարտյալներն են ազատ արձակվում, Նիկոլայ Առուստամյանը նշեց, որ վերջին երեք համաներման ակտերի համեմատ՝ այո, այս մեկի ընթացքում ազատ կարձակվեն ամենամեծ թվով բանտերից:
Նա նաև հավելեց, որ պետությունը յուրաքանչյուր դատապարտյալի վրա օրական ծախսում է 4390 դրամ: