1in.am-ը գրում է.
Իրանը կշարունակի արգելափակել Facebook և Twitter սոցցանցերին հասանելիությունը՝ հայտնել է երկրի տեղեկատվական և հեռահաղորդակցական տեխնոլոգիաների նախարար Մահմուդ Վաեզին՝ փոխանցում է ISNA գործակալությունը:
Դա դարձել է այն տեղեկությունների պատասխանը, թե իշխանությունները կարող են պայմանականորեն ապաարգելափակել հասանելիությունը: Այդ մասին հայտնել էին իրանական ԶԼՄ-ները՝ հղում անելով համացանցի ֆիլտրման հանձնաժողովի անդամ Մուհամմադ Ռեզա Ագամիրիին:
«Մենք պետք է մշակենք Facebook-ում անօրինական և օգտակար բովանդակությամբ նյութերի տարանջատման համար ֆիլտրման խելացի համակարգեր»,- ասել էր Ագամիրին՝ հավելելով, որ հասանելիությունը միայն դրանից հետո կարող է ապաարգելափակվել:
2013-ի սեպտեմբերին Իրանի նախագահ Հասան Ռուհանին NBC-ին տված հարցազրույցում պատասխանելով համացանցում գրաքննության վերացման հնարավորություններին առնչվող հարցին՝ հայտնել էր, որ երկրում կձևավորվի մարդու իրավունքների հարցերով հանձնաժողով: Նա չի հստակեցրել, թե ինչ գործառույթներ կկատարի այն: Նախագահը նաև նշել էր, որ իր կարծիքով՝ տեղեկատվության հասանելիությունը բոլոր մարդկանց իրավունքն է, այդ թվում՝ իրանցիների: