1in.am-ը գրում է.
ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հայտարարել է, որ հանրապետականներն իրենց գործողություններով ձևավորում են «արհեստական ճգնաժամի» պայմաններ: Այս մասին փոխանցում է Vesti-ն:
Նրա կարծիքով՝ Ներկայացուցիչների պալատի խոսնակ, հանրապետական Ջոն Բոհները սխալվում է՝ հայտարարելով, թե ԱՄՆ պետպարտքի վերին թույլատրելի շեմը չի բարձրացվի առանց ծախսերի կրճատման:
«Ճշմարտությունն այն է, որ Ներկայացուցիչների պալատում բավականին ձայներ կհավաքվեն ինչպես դեմոկրատների, այնպես էլ հանրապետականների շարքում՝ բարձրացնելու պետպարտքի շեմն առանց հավելյալ պայմանների»,- հայտարարել է Օբաման:
Հանրապետականներն ու դեմոկրատները փորձում են միմյանց մեղադրել կառավարության աշխատանքի մասնակի դադարեցման մեջ: Խնդրի լուծումը մոտ չէ, դրան խառնվել է նաև պետպարտքի վերին թույլատրելի շեմի բարձրացման խնդիրը:
Հանրապետականները պահանջում են, որպեսզի դեմոկրատները համաձայնեն հետաձգել բժշկական ապահովագրության մասին Obamacare անվանմամբ հայտնի օրենքի իրականացումը:
Եթե պետպարտքի «առաստաղը» չբարձրացվի, ԱՄՆ-ը կարող է դեֆոլտի հասնել, ինչն իր հետ կբերի լուրջ կործանարար հետևանքներ ինչպես ԱՄՆ-ի, այնպես էլ համաշխարհային տնտեսության համար: