Ishkhanutyun.am-ը գրում է․

Կաշառք ստանալու, երեխաներին հատկացված սննդի և աշխատավարձերի յուրացման փաստերով հարուցված քրեական վարույթով անցնող Երևանի 143-րդ մանկապարտեզի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Ռուզաննա Դանիելյանի շուրջ սկանդալը նոր զարգացումներ է ստանում։

Այսօր կեսօրին Դանիելյանը մանկապարտեզ է մտել ամուսնու ուղեկցությամբ։ Նրա վերանշանակման փաստից վրդովված ծնողները հավաքվել են մանկապարտեզում՝ պահանջելով տնօրենի հրաժարականը և պարզաբանումներ ներկայացված մեղադրանքների վերաբերյալ։

Սակայն ծնողների համար անակնկալ է եղել ոչ միայն տնօրենի վերադարձը, այլ նաև այն, որ տնօրենի աշխատասենյակի մուտքի մոտ նրանց դիմավորել է Դանիելյանի ամուսինը՝ փաստացի ստանձնելով «թիկնապահի» դեր։ Նա պետական մանկապարտեզում, աշխատանքային ժամին, արգելել է սաների ծնողներին մուտք գործել տնօրենի աշխատասենյակ։

Ծնողների հարցին՝ «ով է ինքը և ինչ իրավասությամբ է սահմանափակում մուտքը պետական հիմնարկում», տղամարդը չի պատասխանել։ Ավելին՝ ներկաների խոսքով, Ռուզաննա Դանիելյանը փորձել է թաքցնել, որ տվյալ անձը իր ամուսինն է։ «Իշխանություն» լրատվականին հասած տեղեկություններով՝ պետական մանկապարտեզում «ախռանիկի» դեր ստանձնած անձը  Խաչատուր Սուքիասյանի աշխատակիցներից է։ Սուքիասյանը ներկայացնում է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը և համարվում է իշխանական թիմի ազդեցիկ ներկայացուցիչ, իսկ այս հանգամանքը լրացուցիչ հարցեր է առաջացնում՝ ինչպե՞ս է քրեական վարույթով անցնող տնօրենի ժ/պ-ն վերանշանակվել, ինչո՞ւ է պետական հիմնարկում աշխատանքային ժամին անհայտ անձը սահմանափակում ծնողների մուտքը, եւ արդյո՞ք առկա է քաղաքական հովանավորչություն։ 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել