Iravaban.net-ը գրում է.
ՀՀ Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը նամակ է գրել ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանին: Նամակի բովանդակությունը ներկայացնում ենք ստորև,
Հարգելի պարոն Թովմասյան,
ՀՀ արդարադատության նախարարության պաշտոնական կայքում տեղադրվել են «Փաստաբանության մասին Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի և «Պետական տուրքի մասին Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծեր (այսուհետ` Նախագծեր, իսկ առանձին նշվելու դեպքում` Նախագիծ), որոնցով մասնավորապես նախատեսվել է փաստաբանների պետական գրանցամատյանը վարելու նոր ընթացակարգ և այդ լիազորությունը վերապահվել է ՀՀ արդարադատության նախարարությանը.
ՀՀ փաստաբանների պալատի կողմից արտոնագրված փաստաբանին փաստաբանների պետական գրանցամատյանում մեկ տարի ժամկետով հաշվառելու համար նախատեսվել է գանձել տարեկան պետական տուրք` 60.000 (վաթսուն հազար) ՀՀ դրամի չափով:
Որպես նախագծերի ընդունման հիմնավորում նշվել է հետևյալը` «Օրենքի ընդունման անհրաժեշտությունը բխում է ՀՀ կառավարության կողմից իրականացվող բարձր տեխնոլոգիանների և տեղեկատվական համակարգերի կիրառմամբ էլեկտրոնային գրանցամատյանների ներդրման միջոցով ազգաբնակչությանը մատուցվող ծառայությունների որակի բարձրացման և պետական և այլ մարմինների ու կազմակերպությունների միջև տեղեկատվության արագ փոխանակման կապակցությամբ իրականացվող պետական քաղաքականությունից»:
Որպես ընթացիկ իրավիճակ և խնդիրներ, մասնավորապես, նշվել է, որ “օրենքի նախագծում նախատեսվող փաստաբաններից գանձման ենթակա պետական տուրքի գումարները նախատեսվում է ուղղել հանրային պաշտպանի գրասենյակի պահպանման, փաստաբանների պետական գրանցամատյանի տեխնիկական սպասարկման և շահագործման ծախսերի համար»:
Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատն իր դժգոհությունն է հայտնում ՀՀ արդարադատության նախարարության (այսուհետ` Նախարարություն) ապակառուցողական այս նախաձեռնության կապակցությամբ:
Ստորև ներկայացվում են հետևյալ նկատառումները.
Նախագծերը չունեն պատշաճ հիմնավորում: Այս պահի դրությամբ փաստաբանների հաշվառումն իրականացնում է ՀՀ փաստաբանների պալատը: Ընդ որում, դա կատարում է ԱՆՎՃԱՐ: ՀՀ փաստաբանների պալատի կայքէջում տեղադրված է փաստաբանների ցանկը, ինչպես նաև յուրաքանչյուր փաստաբանի վերաբերյալ անհրաժեշտ տեղեկատվությունը և չի ներկայացվել հիմնավորում այն մասին, որ ներկայումս կիրառվող հրապարակային հաշվառումը չի նպաստում կամ խոչընդոտում է պետական և այլ մարմինների ու կազմակերպությունների միջև տեղեկատվության ազատ փոխանակման կապակցությամբ իրականացվող պետական քաղաքականությանը: Եթե նախագծի նպատակը Նախարարության տեղեկատվական բազայում ՀՀ փաստաբանների տվյալների ապահովումն է, ապա կարելի է ուղղակի հղում կատարել ՀՀ փաստաբանների պալատի կայքէջին կամ օրենքով նախատեսել, որ ՀՀ փաստաբանների պալատը պարտավոր է որոշակի տեղեկություններ հավաքել փաստաբաններից և հրապարակել: Նախարարությունը չի բերել որևէ փաստ այն մասին, որ ՀՀ փաստաբանների պալատի կողմից հաշվառում չի իրականացվում, կամ, որ իրականացվող հաշվառումը ազգաբնակչության մատուցվող ծառայությունների որակի վրա է ազդել:
Նախարարությունը չի հիմնավորել, թե ինչու և ինչպես կարող է Նախարարության կողմից վարվող գրանցամատյանի ներդրումը ազդել փաստաբանների կողմից մատուցվող ծառայությունների որակի վրա: Նախագծերից պարզ չէ, թե ինչ է իրենից ներկայացնում “վարել” ծառայությունը կամ գործողությունը: Այն իր մեջ չի ներառում գրանցամատյանում փաստաբանի, փաստաբանի օգնականի հաշվառում, հաշվառված անձանց վերաբերյալ տվյալներում փոփոխության կատարում և հաշվառումից հանում, քանի որ Նախագծով նախատեսված է, որ դա կատարում է ՀՀ փաստաբանների պալատը: Այն չի ներառում նաև տեղեկատվության տրամադրումը, քանի որ Նախագծում նախատեսված է, որ գրանցամատյանում պահպանվող տեղեկատվությունը հրապարակային է: Այսինքն, նախարարության կողմից իրականում ծառայություն չի մատուցվում կամ որևէ գործողություն չի կատարվում, որից օգտվելու համար էլ վճարվի պետական տուրք:
Նախարարությունը չի հիմնավորել, թե ինչու պետք է փաստաբանից գանձվի տուրքը տարեկան կարգով, այն դեպքում, երբ նախարարությունն իրավաբանական անձանց գրանցամատյանները վարելու համար տարեկան պետական տուրքեր չի գանձում:
Նախարարությունը չի հիմնավորել, թե ինչու հատկապես 60.000 ՀՀ դրամ պետք է գանձվի ֆիզիկական անձ փաստաբանից, ինչպես է այդ գումարը ձևավորվել: Հատկանշական է, որ առևտրային իրավաբանական անձ գրանցելու պետական տուրքը նախատեսված է միանվագ և 12.000 ՀՀ դրամի չափով:
Նախարարությունը չի հիմնավորել, թե ինչու պետք է այդ գումարն ուղղվի նաև հանրային պաշտպանի գրասենյակի պահպանմանը, ինչու պետք է փաստաբանը վճարի մի գործառույթի համար, որն ուղղակիորեն մտնում է պետության պարտականությունների մեջ: ՀՀ Սահմանադրության 20-րդ հոդվածի առաջին մասի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի իրավաբանական օգնություն ստանալու իրավունք: Օրենքով նախատեսված դեպքերում իրավաբանական օգնությունը ցույց է տրվում պետական միջոցների հաշվին։ Հատկանշական է, որ պետությունն ինքն է որոշում, թե որ դեպքերում պետք է իրավաբանական օգնությունը ցույց տրվի անհատույց և դրանից օգտվելով էլ «Փաստաբանության մասին» ՀՀ օրենքի 41-րդ հոդվածի 5-րդ մասով սահմանել է քաղաքացիական, վարչական և սահմանադրական գործերով անվճար իրավաբանական օգնություն ստացող անձանց (խմբերի) ցանկը: 2014թ. հունվարի 1-ից հետո երեք խումբ քաղաքացիներ նույնպես հնարավորություն են ստանալու օգտվել անվճար իրավաբանական օգնությունից, որն անհամեմատ ծանրաբեռնելու է հանրային պաշտպանի գրասենյակը: Այս պայմաններում, ՀՀ Սահմանադրության 20-րդ հոդվածի առաջին մասի պահանջի կատարումը կարող է ձախողվել, իսկ չձախողելու համար փաստաբանների վրա վճարումներ կատարելու պարտականություն դնելը որևէ արդարացում և իրավական հիմք չունի և նմանվում է կրկնակի հարկման:
Նախարարությունը հաշվի չի առել նաև փաստաբանների սոցիալական վիճակը և Նախագծերի հիմնավորման մեջ այդ մասով որևէ վերլուծություն առկա չէ:
Նախարարության այս նախաձեռնությունն ուղղակիորեն վտանգում է փաստաբանության անկախությունը: “Փաստաբանության մասին” ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի առաջին մասի համաձայն` փաստաբանությունը փաստաբանների մասնագիտական միավորում է, որը հանդիսանալով քաղաքացիական հասարակության ինստիտուտ, չի մտնում պետական և տեղական ինքնակառավարման մարմինների համակարգի մեջ, իսկ երկրորդ մասի համաձայն` փաստաբանությունը գործում է անկախության, օրինապահության, ինքնակառավարման և փաստաբանների իրավահավասարության սկզբունքների հիման վրա: Պետությունը չի կարող իր խնդիրները դնել քաղաքացիական հասարակության ինստիտուտ հանդիսացող փաստաբանների մասնագիտական միավորման վրա:
Ելնելով վերոգրյալից և հաշվի առնելով այն, որ փաստաբանական համայնքը չի հանդուրժելու այս նախագծերը և օրենքով չարգելված բոլոր միջոցներով (այդ թվում` ծայրահեղ) պայքարելու ենք այս նախագծերի դեմ, խնդրում ենք` շրջանառությունից հանել նախագծերը: