1in.am-ը գրում է.

Գազայի հատվածը կորցրել է 460 միլիոն դոլար (տարեկան բյուջեի կեսից ավելին) այն պատճառով, որ Եգիպտոսի կառավարությունը կարգադրել է ոչնչացնել պաղեստինցի մաքսանենգների թունելները: Ինչպես հաղորդում է RIA Novosti-ն, այս մասին հայտարարել է ազգային տնտեսության նախարար Ալաա Ռաֆաթին:

«Երկու ամսվա ընթացքում մեր վնասները կազմել են 460 մլն դոլար»,- հայտարարել է նախարարը:

Խոսելով կորուստների ծավալների մասին՝ նախարարը հիշեցրել է, որ 2013թ. Գազայի հատվածի բյուջեն կազմում է 800 միլիոն դոլար:

Գազայում թունելներով տեղափոխում են ամենատարբեր ապրանքներ՝ հագուստից և դեղորայքից մինչև ավտոմեքենա: Ռաֆաթիի խոսքերով՝ եգիպտացիները ոչնչացրել են 250 թունել: Եգիպտական ԶԼՄ-ները հաղորդում են ավելի քան 700 թունելի մասին, որոնք դադարեցրել են իրենց աշխատանքը:

Եգիպտոսի զինվորական նոր ղեկավարությունը, պաղեստինցիներին մեղադրելով Սինայի թերակղզում գործող իսլամիստ գրոհայինների հետ կապեր ունենալու և տապալված նախագահ Մուհամմադ Մուրսիին աջակցելու մեջ, հուլիսից ոչնչացրել է մի քանի հարյուր թունել:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել