1in.am-ը գրում է.

Պատերազմը խեղաթյուրում է ոչ միայն մեծահասակների, այլ նաև երեխաների կյանքը: Ինչպես հաղորդում է ITAR-TASS-ը, լրագրողները ևս մեկ անգամ կարողացել են համոզվել դրանում` հանրությանը ներկայացնելով 12-ամյա Շաաբան Աբդուլ Համիդին, ում հարազատ հորեղբայրը բերել է «Աֆհադ Ալ-Ռասուլ» ահաբեկչական խմբավորման շարքերը:

Յոթ տարեկան հասակում երեխան կորցրել է մորը, և նրա հայրն ապրել է այլ ընտանիքի հետ՝ նրան թողնելով փողոցում: Տղան ստիպված է եղել լքել դպրոցը և աշխատել պլաստմասսայի գործարանում, որտեղ տարիներ անց նրան գտել է հորեղբայրը: Վերջինս նրան իսկական ատրճանակ է նվիրել և առաջարկել է համալրել դիմադրության շարքերը:

Մեկ ամսվա ընթացքում տղան հատուկ պատրաստավածություն է անցել, որից հետո նրան նստեցրել են Հալեպի Ալ-Շար կամրջի շենքի տանիքին և հրամայել կրակել անցնող մարդկանց և տրանսպորտի վրա: Սպանված մեկ քաղաքացու համար տղային վճարել են 2.5 դոլար, իսկ զինվորի սպանությունը կրկնակի է գնահատվել:

Երկու ամսվա ընթացքում տղան սպանել է 13 քաղաքացի և 10 զինվոր: Փոքրիկ զինվորը մասնակցել է նաև «մեղք գործած» գրոհայինների մահապատիժներին:

Երբ հայրն իմացել է այդ մասին, որդու հետ փախել է Համա, որտեղ բնակվել են ճամբարում՝ Կարմիր մահիկի հսկողությամբ: Դրանից հետո նրանք տեղափոխվել են Տարտուս՝ պլանտացիայում աշխատելու, որտեղ սիրիացի լրագրողները գտել են տղային: Ի պատասխան լրագրողների այն հարցի, թե ինչ է ինքը զգացել սպանելով մարդկանց՝ երեխան անկեղծորեն պատասխանել է. «Ոչինչ, բացարձակ ոչինչ»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել